• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Օպերային համաշխարհային աստղերը ելույթ կունենան Հայաստանում՝ Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգին

Օպերային համաշխարհային աստղերը ելույթ կունենան Հայաստանում՝ Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգին

Հուլիսի 24-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

Համերգին ելույթ կունենան օպերային այնպիսի աստղեր, որոնք զարդարում են Լոնդոնի Թագավորական Քովեթ Գարդենի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական և այլ հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը՝ սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն):

Նվագախումբն ու արտիստներն արդեն սկսել են փորձերը։ Դրանցից մեկի ընդմիջման ժամանակ էլ օպերային երգիչները լրագրողների հետ հանդիպեցին՝ խոսելով Գոհար Գասպարյանի, նրա հետ կապված հուշերի ու հայաստանյան բեմում ելույթ ունենալու մասին։ 

Gohar GAsparyan 100 5

Gohar GAsparyan 100 4

Սոպրանո Քրիստինա Մխիթարյանը մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց  առաջին անգամ է ելույթ ունենալու հայրենիքում․ «Ինձ շատ դուր է եկել համերգասրահը, նվագախումբը։ Համոզված եմ՝ հիանալի համերգ է լինելու»,- ասաց Ք.Մխիթարյանը։

Սոպրանո Նինա Մինասյանի համար մեծ հաճույք է ելույթ ունենալ երևանյան բեմում ընկերների հետ՝ մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ։

«Մեծ պատիվ և ուրախություն է ելույթ ունենալ Երևանում Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգին։  Գոհար Գասպարյանն իր տեսակի մեջ միանշանակ շատ յուրահատուկ երգչուհի է, որը զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,- ասաց Ն.Մինասյանը։

Նա նաև խոստովանեց, որ թեև ինքն էլ է կատարում «Սոխակը», սակայն չի կարող հասնել Գոհար Գասպարյանի մակարդակին. «Ես ինքս կատարում եմ։ Իհարկե, Գոհար Գասպարյանի կատարումն այլ տեղում է»։

Gohar GAsparyan 100 6

Gohar GAsparyan 100 7

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողություն է համարում, որ հնարավոր է եղել այսքան հայտնի արտիստների հավաքվել հայաստանյան բեմում ու հայ հանդիսատեսին ներկայացնել «Բոհեմը». «Սա մեզ համար իսկապես տոն է. հավաքվել ենք լավ ընկերներով մաեստոր Թոփչյանի գլխավորությամբ»։

«Մեծ պատիվ է հայ ազգի համար, որ ունեցել է ֆանտաստիկ երգչուհի, օպերային արտիստ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է։ Մենք բոլորս իր ժառանգներն ենք։ Ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն ունենք, նաև պատիվ ունենք մեր մեծերի ստեղծածը զարգացնել ու ներկայացնել ողջ աշխարհին»,- ասաց Լ. Ավետիսյանը։

Բարիտոն Գուրգեն Բավեյանը հիշեց, որ  ներկա է եղել Գոհար Գասպարյանի վերջին մենահամերգին. «8-9 տարեկան էի։ Հիշում եմ՝ Գոհար Գասպարյանը  նստած էր աթոռին, երգում էր  ինչպես երիտասարդ՝ գեղեցիկ, թարմ ձայնով»։

Գուրգեն Բավեյանը Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի դանփեկիր է։

Gohar GAsparyan 100 8

Gohar GAsparyan 100 10

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանն ասաց, որ Գոհար Գասպարյանին օպերային երգեցողության ակտիվության լավագույն տարիներին չի լսել, սակայն ավելի ուշ բախտ է ունեցել նրա մասնակցությամբ մեկ համերգ ղեկավարել.  «Հուզիչ էր։ Աննկարագրելի մի բան էր։ Միշտ հիշում եմ։ Ես շատ եմ լսել նրա ձայնագրությունները, բառացիկ կոլորատուրային սոպրանոյի ձայն ուներ Գոհար Գասպարյանը։ Շատ գեղեցիկ ու յուրահատուկ, այդպիսի ձայն այլևս չեմ լսել։ Շատ փայլուն կոլորատուր սոպրանոներ կան պատմության մեջ, բայց Գոհար Գասպարյանի ձայնի գույնը լրիվ այլ էր ու եզակի։  Ուրախ եմ, որ մեր «Բոհեմի» կատարումը նվիրում ենք  Գոհար Գասպարյանի 100-ամյակին։ Հիանալի կազմով ենք ելույթ ունենալու։ Մեծ իրադարձություն է լինելու  օպերային երաժշտություն հասկացողների համար»։

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս համերգով եզրափակում են այս համերգաշրջանը, իսկ արդեն հաջորդի մեկնարկը կտրվի  սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Նա նշեց, որ փառատոնի ընթացքում հանրահայտ երաժիշտներ են ելույթ ունենալու Հայաստանում, այդ թվում իսպանացի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն։ 

«Ունենք բացառիկ համերգ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասաց Է.Թոփչյանը։

Gohar GAsparyan 100 9 

Հուլիսի 24-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը՝ որտեղ տեղ կգտնեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրության մուտքն ազատ է:

Gohar GAsparyan 100 2

Gohar GAsparyan 100 3

Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ.-ին հեռավոր Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ: 1940թ.-ից դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստանում Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրում է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիա»-ն: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 334

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: