«Քաղաքը կարդում է». Գրքի երևանյան միջազգային փառատոնը կհամախմբի գրականություն ստեղծողներին ու գիրք սիրողներին
Հանրապետության հրապարակը երեք օր՝ սեպտեմբերի 6-8-ը, լի է լինելու գրքերով. Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը` «Քաղաքը կարդում է» խորագրով։
Փառատոնն ունի երեք պարտադիր մաս՝ գրքի տոնավաճառ, միջոցառումներ, գրական մրցանակաբաշխություն։
Փառատոնի ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնի գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ) կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:
Փառատոնի կազակերպիչների ներկայացմամբ` Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության ոլորտում իր մասշտաբներով ամենամեծ ու ամենասպասված միջոցառումն է։
Սեպտեմբերի 4-ին կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ այս փառատոնը նախարարության լավագույն ծրագրերից է, քանի որ յոթ տարի անցկացվում է և իր կարևորությունը, դինամիկան պահպանում է հասարակության շրջանում։ Փոխնախարարի խոսքով, իրենց նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր էտապները՝ հեղինակի կողմից գիրք գրելու գաղափարից մինչև գրահրատարակչություն, դիզայներ, սպառող, ընթերցող։ Ըստ նրա, փառատոնը լավ հարթակ է նաև հենց գրողների համար, որոնք կարող են նոր գործընկերներ ձեռք բերել։
Դանիել Դանիելյանի խոսքով՝ փառատոնի այցելուները տարեցտարի ավելանում են, և այս տարի կանխատեսում են ավելի քան 15 հազար այցելու։
Ասուլիսի ընթացքում նա նաև մի գաղտնիք բացեց առաջիկա անելիքներից. ԿԳՄՍ նախարարի առաջարկությամբ, ուզում են զարգացնել կապը միջազգային փառատոների հետ, նաև փառատոնն անցկացնել մարզերում։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ընթերցանության, գրականության ոլորտում իրականացնում են բազմաթիվ ծրագրեր և վստահություն հայտնեց, որ այդ ամենը խթանում է երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, իսկապես, ոլորտում արձանագրվում է որակական աճ։
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, Գրքի երևանյան միջազգային փառատոնի համակազմակերպիչ Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ փառատոնն, իրապես, գրական տոն է մեր երկրի և քաղաքի համար։ Նա մանրամասներ ներկայացրեց փառատոնի՝ այս տարվա մի շատ յուրահատուկ նախաձեռնությունից.
«Փառատոնի շրջանակում երեք օր շարունակ կցուցադրվի թանգարանային մեկ առարկա։ Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Դրանք ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլև անձնական իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր և այլն: Այդ հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր և ամենասիրելի դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք, երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը՝ Իսկուհի Մեծատուրյանը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրև իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի առաջին թղթից հետևյալ խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ», ինչը նշանակում է՝ իրական, կատարյալ սերը մերժում է վախը։ Հետագայում մատանին Գրականության և արվեստի թանգարանին է նվիրել Մեծարենցի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյան-Մանկիկյանը»։
Սյուզաննա Խոջամիրյանը վստահ է, որ Մեծարենցի հոգուց, մատանուց ճառագած կատարյալ սերը փոխացվելու է փառատոնի բոլոր մասնակիցներին, ցուցադրության այցելուներին։
Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց փառատոնի շրջանակում անցկացվող ամենահեղինակավոր գրական մրցույթի մասին։ Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի հայտեր են ստացել. «Մրցույթն անցկացվում է անանուն։ Ժյուրին հատուկ չափանիշներից ելնելով՝ գնահատում է մրցույթի մասնակից գրողներին։ Մենք արդեն ունենք «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում հաղթողներ, որոնց անունները կիմանաք փառատոնի փակման օրը»:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, բացի թատերական ներկայացումների՝ Ներսես Ավետիսյանի «Անտիպոեզիա» և Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը պարտադիր գրքով է:
«Նպատակը բարեգործական է։ Հավաքված գրքերը նվիրում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին, որն էլ այդ գրքերով համալրում է գյուղերի գրադարանները»,- ասաց Ա.Ղազարյանը։
Այս տարի փառատոնը ևս մեկ նորույթ ունի։
«Կունենանք գրական սրճարան։ Փառատոնի այցելուները կարող են վայելել սիրելի գրողների սիրած ուտելիքները, խմիչքները, օրինակ, Չարենցի, Սևակի սիրելի կոկտեյլները, ուտեստները, Թումանյանի սիրելի գաթան,- ասաց Ա. Ղազարյանը։
Փառատոնի օրակարգին կարել է ծանոթանալ պաշտոնական կայքում՝ www.evnbookfest.com:
Տ․ Մ․
- Created on .
- Hits: 322