• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Հենց միայն հայկական օդն ինձ երջանկացնում է». համաշխարհային օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը ելույթ կունենա Երևանում

«Հենց միայն հայկական օդն ինձ երջանկացնում է». համաշխարհային օպերային երգչուհի Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը ելույթ կունենա Երևանում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-րդ թատերաշրջանի շրջանակում հյուրընկալել է համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանին, որը  երևանյան հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ներկայացմամբ և գալա համերգով։ Սեպտեմբերի 7-ին օպերային թատրոնի բեմում Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը հանդես կգա Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով, սեպտեմբերի 11-ին կկայանա սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային երաժշտության գոհարների մատուցմամբ։

Maria Gulegina 5

Սեպտեմբերի 5-ին կայացած ասուլիսում Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը հայտնեց, որ համերգի մեկնարկին կկատարի Դեզդեմոնայի դերերգից երկու հատված՝ ի պատիվ իր լավ ընկերոջ՝ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի։

«Երբ ես գալիս էի Հայաստան, նա միշտ ինձ դիմավորում էր, հյուրընկալում իր տանը։ Վերջին այցիս ժամանակ նա ինձ նվիրեց սրբապատկեր, որն այժմ իմ տանն է»,- ասաց Մարիա Գուլեգինան։

Maria Gulegina 6

Երեք տասնամյակից ավելի Մարիա Գուլեգինան մեծ ճանաչում ունի օպերային դասական արվեստում, համագործակցել է աշխարհի մեծագույն երգիչների և դիրիժորների հետ, որոնց թվում են Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Ռենատո Բրյուսոնը, Վալերի Գերգիևը և այլոք: Նա բազմաթիվ hեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Բելլինիի մրցանակ, Ջովանի Զանատելլոյի մրցանակ Արենա դի Վերոնայում իր դեբյուտի համար, Մարիա Զամբոնիի ոսկե մեդալ, Օսակայի փառատոնի ոսկե մեդալ և այլն:

Նա հատկապես հայտնի է «Տոսկա» և «Տուրանդոտ» օպերաներում գլխավոր դերերգերի կատարումներով: Մարիա Գուլեգինայի երգացանկը ներառում է ամենահայտնի դերերը՝ Աիդա, Մանոն Լեսկո, Նորմա, Ֆեդորա, Ադրիանա Լեկուվրեր, ինչպես նաև Լեդի Մակբեթ՝ «Մակբեթ», Աբիգեյ՝ «Նաբուկո», Վիոլետտան «Տրավիատա» օպերաներում և այլն:

Maria Gulegina 2

«Իմ կարիերայի 41 տարիների ընթացքում ես համագործակցել եմ մեծագույն երգիչների, դիրիժորների հետ»,- նշեց երգչուհին։

Համաշխարհային ճանաչում ունեցող, աշխարհի ամենահայտնի բեմերը նվաճած երգչուհին երբեք չի մոռանում իր արմատների՝ իր հայ լինելու մասին։ Բոլոր մենահամերգները ավարտում է «Կռունկ» երգելով, ամենուր խոսում է իր հայկական արմատների մասին, համերգների կազմակերպիչներից մշտապես պահանջում է, որպեսզի հիշատակվի իր հայկական ազգանունը,  սպասում է Հայոց ցեղասպանություն գործած Թուրքիայի ներողությանը։

Maria Gulegina 3

«Մայրս ուկրաինուհի է, բայց ես ինձ միշտ հայ եմ զգում։ Ես մեծացել եմ Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալով»,- ասաց Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը։

Այսօր էլ ուրախ է, որ կրկին Հայաստանում է ու ելույթ է ունենալու հայկական բեմում, հայ հանդիսատեսի համար։

«Ուրախ եմ լինել իմ պատմական հայրենիքում։ Հենց միայն հայկական օդն ինձ երջանկացնում է, իմ մեջ արթնացնում մանկական հուշեր»,- ասաց համաշխարհային աստղը։

Ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթ, որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։

Maria Gulegina 4

Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթի տնօրեն Պոլինա Դի Գրանդեն ասաց, որ երբ իրենց մտահղացման մասին հայտնել են օպերային թատրոնի ղեկավարությանը, մեծ ոգևորությամբ են ընդունել։

«Նման մրցույթ անցկացնելը կարևոր քայլ է Հայաստանի համար, իսկ միջազգային երաժշտական աշխարհի համար՝ կարևոր իրադարձություն»,- ասաց Պոլինա Դի Գրանդեն։

Նա նշեց՝ որպես մրցույթի տնօրեն, իր կողմից հատուկ մրցանակ կսահմանվի՝  նվիրված օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանին։

Պոլինա Դի Գրանդեն տեղեկացրեց, որ առաջիկայում կգործի մրցույթի կայքը, որտեղ կարելի է մանրամասն տեղեկություն ստանալ միջոցառման մասին, ինչպես նաև առաջիկայում կհստակեցվեն  հայտերի ընդունման, ընտրության ու մրցույթի անցկացման ամսաթվերը։ 

Տ․ Մ․

  • Created on .
  • Hits: 187

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: