Պլասիդո Դոմինգոն, Հրաչուհի Բասենցը, Ջուլիանա Գրիգորյանը, Ինգո Մեցմախերն ու այլ հայտնիներ ելույթ կունենան երևանյան բեմում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 99-րդ համերգաշրջանը բացում է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը: Փառատոնը կկայանա սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը։
Փառատոնի բացմանը՝ սեպտեմբերի 12-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահարուհի Արաբելլա Շտայնբախերը: Նա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից և Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:
Այս տարվա փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվաս (դիրիժոր) և այլն:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը սեպտեմբերի 11-ին կայացած ասուլիսում ասաց, որ Երևանյան փառատոնին մասնակցում են հիանալի արտիստներ։
«Փառատոնի մասնակից երաժիշտները բացառիկ մեծություններ են։ Մեր փառատոնի շրջանակում ելույթ կունենան Պլասիդո Դոմինգոն, համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Ինգո Մեցմախերը։ Հրաշալի համերգներ են սպասվում»,- նշեց նա։
Էդուարդ Թոփչյանի հրավերով այս տարի փառատոնի գեղարվեստական աշխատանքներին միացել է միջազգային կարևոր նշանակություն ունեցող մենեջեր Հարոլդ Քլաքսոնը: Հարոլդ Քլարքսոնն աշխարհի ամենահայտնի նվագախմբերի, հանրահայտ երաժիշտների խորհրդատուն է եղել։
«Մի քանի տարի առաջ մաեստոր Թոփչյանը հրավիրեց Հայաստան՝ օգնելու Ֆիլհարմոնիկ նվագախմբի ծրագրերը կազմելուն և իրագործելուն։ Հիանալի նվագախումբ է։ Մեծ պատիվ է օգնել նման նվագախմբին՝ հետագա ծրագրերի առումով։ Կարևորում եմ, որ դրսում իմանան այս փառատոնի մասին ու շատ ավելի հայտնի մարդիկ գան և մասնակցեն Հայաստանի երաժշտական կյանքին, քանի որ Հայաստանի նվագախմբային երաժշտության մակարդակը շատ բարձր է»,- ասաց Հարոլդ Քլարքսոնը։
Խոսելով փառատոնի ծրագրի մասին՝ նա ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ինչպիսիք են Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Մարեկ Կեպրտը և Լուբոշ Ֆիշերը։
«Նախաձեռելով այս փառատոնը՝ նպատակ ունեինք Էդուարդ Թոփչյանի հետ հրավիրել ոչ միայն հայտնի երաժիշտների, նաև անծանոթ երաժիշտների։
Ամեն փառատոն ունի նաև կոնցեպցիա, որի շուրջ պետք է կառուցվի ողջ ծրագիրը։ Այս տարի մեր ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- նշեց Հարոլդ Քլարքսոնը։
Փառատոնի ընթացքում, բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից, կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Ծրագրված են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաև հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Ասուլիսի ընթացքում Էդուարդ Թոփչյանը հայտարարեց, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 19-23-ը մեկնելու է հյուրախաղերով Ավստրիա և Սլովակիա։
«Մասնակցելու ենք «Բրատիսլավայի երաժշտական փառատոնին», որի շրջանակում ելույթ են ունենում շատ հայտնի նվագախմբեր։ Իսկապես մեծ պատիվ է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նման նվագախմբերի ցանկում է»,- նշեց մաեստրոն։
Է. Թոփչյանն ասաց, որ Ավստրիայի Կլագենֆուրտի Մյուզիքֆեռայնում, որը կարևորագույն դահլիճներից է, նվագախումբը հանդես է գալու ավստրիացի հանրահայտ երգահան Անտոն Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով, կատարելու է Բրուքների 9-րդ սիմֆոնիան։
«Չափազանց պատվաբեր է հայկական նվագախմբի համար, որ ավստրիացիները հենց իրենց հողի վրա Բրուքների 200-ամյակին նվիրված բացման համերգը մեզ են վստահել, քանի որ գիտենք՝ Մոցարտն ու Բրուքներն ամենամեծ արժեքներն են իրենց համար։ Մեծ պատասխանատվություն է»,- ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Տ․ Մ․
- Created on .
- Hits: 185