Անահիտ աստվածուհու արձանը հասել է Հայաստան. այն կցուցադրվի Պատմության թանգարանում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը Բրիտանական թանգարանից հասել է Հայաստան և հասել Պատմության թանգարան:

Աստվածուհու արձանը թանգարանի մոտ դիմավորել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս օրը համարել է շատ խորհրդանշական, քանի որ մեր թանգարանը հնարավորություն ունի միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ․ «Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»։

Ցուցադրության առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշներն են նրա գլուխը և ձեռքը։ Նախարարը հույս է հայտնել, որ թանգարանում հերթեր կլինեն՝ արձանը տեսնելու համար։

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն էլ պարզաբանել է, թե ինչու է կարևոր այս ցուցադրությունը Հայաստանի համար․ «Դեռ դասագրքերից սկսած՝ այս ցուցանմուշներն ասոցացվում են հենց Հին Հայաստանի հովանավոր աստվածուհու հետ, որը մեծ հեղինակություն է ունեցել»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն էլ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն նկատել է, որ Անահիտ աստվածուհու պատկերը կարևոր են բոլոր հայերի համար․ «Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»։

Սեպտեմբերի 21-ից Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը 6 ամիս շարունակ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը:

2024 թվականի հուլիսին Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար, ինչպես նաև Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 159

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: