Հայաստանը՝ Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխության՝ «Գոնկուր»-ի հետքերով

Շարունակելով հավատարիմ մնալ գրահրատարակչական գործին ու ժամանակակից գրականության տարածման քաղաքականությանը՝ Newmag հրատարակչությունն այս տարի ևս կիրականացնի FrancoFest 2024 փառատոնը: Սակայն այս տարի փառատոնի ծրագիրը բացառիկ է: Այս տարի Հայաստանը կմիանա Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը։ Նախագծի շուրջ համախմբվել են Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և, իհարկե,  Newmag հրատարակչությունը։ Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը Հայաստանին միանալու իրադարձության պաշտոնական մասը տեղի կունենա «FrancoFest 2024» արվեստի և գրքի փառատոնի շրջանակում։

«Այս կարևոր իրադարձությունն ուղեկցվելու է պանելային քննարկումներով, գրքի շնորհանդեսներով։ Ներկայացնելու ենք 5 նոր գիրք։ Առաջինը Շառլ Ազնավուրի անտիպ գործերն են։ Գիրքը կոչվում է «Կյանքն ըստ Շառլի. Անտիպ», այն կազմել է Շառլ Ազնավուրի որդին։ Հաջորդ գիրքը Մելինե Մանուշյանի հուշերն են Միսաք Մանուշյանի մասին, կոչվում է «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»։ Մենք կներկայացնենք նաև 2021 թվականի «Գոնկուր» մրցանակ ստացած սենեգալցի գրող Մոհամեդ Մբուգար Սառի «Հիշողության թաքստոցում» գիրքը։ Ներկայացվելու է նաև 2 ֆրանկոֆոն բեսթսելլեր՝ Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգանի «Թելից կախված երջանկություն»-ը»,- հրավիրված ասուլիսում ասաց Արտակ Ալեքսանյանը։ 
Այս տարի FrancoFest 2024 արվեստի և գրքի փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ,  Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը տեղեկացրեց, որ այդ օրը հյուրեր են սպասվում Ֆրանսիայից, մասնավորապես, ֆրանսիացի նշանավոր գրող, փիլիսոփա Պասկալ Բյուկները, Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ-տնօրեն Ֆրանսուազ Ռոսինոն։ 
«Հայաստանի հասարակությունը քաջածանոթ է ֆրանսալեզու գրականությանը, սակայն դեռևս հին դասական հեղինակներին, մասնավորապես գերիշխում են ռուսերենից արված թարգմանությունները։ Այս նախաձեռնության նպատակն է քաջալերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականության տարածմանը Հայաստանում։ Սա կարևոր իրադարձություն է հայ-ֆրանսիական գրականության ոլորտում»,- ասաց Դավիդ Տյուրսը։ 

Մրցանակաբաշխությունը սկսել է կազմակերպվել 1903 թվականից։ Հաղթողին ընտրում են Ֆրանսիայի Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանն ազգային ժյուրիներով միացել է նաև 40-ից ավելի երկիր։ Նրանք ընտրում են իրենց հաղթողին Գոնկուրյան ակադեմիայի ներկայացրած ցանկից։ Հայաստանն էլ ազգային ժյուրիի օգնությամբ կընտրի իր հաղթողին։ Հայաստանի ազգային ժյուրիի կողմից ընտրված հաղթողի ստեղծագործությունն էլ կհրատարակի Newmag հրատարակչությունը։ 

Նախագիծը ոգևորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ,  Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսին: Նա հայտնեց, որ այդ օրը հյուրեր են սպասվում Ֆրանսիայից, նրանցից են Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ-տնօրեն Ֆրանսուազ Ռոսինոն, ֆրանսիացի նշանավոր գրող, փիլիսոփա Պասկալ Բյուկները:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի խոսքով էլ մրցանակաբաշխության ազգային ժյուրիի կազմում լինելու են ոչ թե ոլորտի մասնագետներ, գրականագետներ, այլ ֆրանսախոս ուսանողներ։ Նրանք ընտրվելու են ԵՊՀ-ից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից։ 

«Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա «Գոնկուր» մրցանակաբաշխության ժյուրի, ներգրավված են ուսանողները։ Վերջին տարիներին Ֆրանսիայում ներգրավել ենք նաև ավագ դպրոցի աշակերտներին։ Սրանով մենք ցանկանում ենք երիտասարդությանը մասնակից դարձնել ժամանակակից գրականության զարգացումներին։ Դպրոցում, համալսարաններում ուսումնասիրում են դասական գրականություն, ահա, սա լավ առիթ է, որ երիտասարդները ժամանակակից գրականություն կարդան»,- շեշտեց Սալվա Նակուզին։ 

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 268

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: