Անահիտ աստվածուհու արձանը առաջին անգամ Հայաստանում է
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով բառացիկ ցուցադրությունը: Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձախ ձեռքը առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրության շրջանակում ներկայացվում է նաև թանգարանի հարուստ հավաքածուից ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Ցուցադրությունն ընդգրկում է մի մեծ ընտրանի՝ նեոլիթյան շրջանի արձանիկներից սկսած մինչև միջնադարյան քրիստոնեական քանդակներ, եկեղեցական պարագաներ, ազգագրական, դրամագիտական ու այլ նյութեր: Մի առանձին երևույթ են կավե կանացիակերպ աղամանները՝ զուգակցված զարդերով:
«Սա աննախադեպ ցուցահանդես է՝ կազմակերպված նոր ձևաչափով և շատ կարճ ժամանակահատվածում: Մեր գործընկերների դեպքում այպիսի ցուցահանդեսները սովորաբար կազմակերպվում են 2-3 տարվա ընթացքում: Շատ ուրախ ենք, որ այս կարճ ժամանակահատվածում ստացվեց կազմակերպել նման որակի ցուցահանդես»,- ասաց նա:
«Մեզ համար սա շատ նշանակալի իրադարձություն է, որովհետև Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը Բրիտանական թանգարանից բերելն ու ցուցադրելն արդեն նշանակում է, որ համաշխարհային հանրությունն, իսկապես, ընդունում է, որ այն կապվում է մեր մշակույթին: Իսկ Բրիտանական թանգարանը շատ քիչ դեպքերում է համաձայնում իր նմուշները ինչ-որ տեղ ուղարկել: Բացի այս, Բրիտանական թանգարանի աշխատակիցներից մեկը շատ հետաքրքիր հոդված էր ներկայացրել Անահիտ աստվածուհու արձանի հայտնաբերման մասին, թե ինչպես է այն 1870-ական թթ-ին հայտնվել իրենց թանգարանում»,- նշեց պատմության թանգարանի գիտաշխատող, պ.գ.թ Արմինե Զոհրաբյանը:
Նա, անդրադառնալով մ.թ.ա. 1-ին կամ 2-րդ դարով թվագրվող հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի հայտնաբերման դիպվածին, մանրամասնեց. «Արձանը երկար ճանապարհ է անցել, որը գտել է մի գյուղացի՝ տանելով այն Կոստանդնուպոլիս: Այնտեղ հնավաճառների շրջանում ձեռքից ձեռք է անցել, ապա հայտնվել Իտալիայում և աճուրդի հանվել: Իտալացի հնագետ, ոսկերիչ Ալեսանդրո Կաստելանին գնել է այն և փոխանցել Բրիտանական թանգարանին, և այդ թանգարանն էլ շատ ջանք է թափել, որ այն հայտնվի իրենց մոտ»:
Գիտաշխատողի խոսքով՝ ամենուրեք շեշտվում է, որ արձանը հայտնաբերվել է Հայաստանից: «Եվ այո՛, այն պատմական Հայաստանի Փոքր Հայքի տարածքից է: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ունեցել է իր նախատիպը՝ «Աֆրոդիտեն»: Բայց փաստը մնում է փաստ, որ պտղաբերության աստվածուհուն մենք անվանել ենք Անահիտի անունով և մեր գիտակցության մեջ ամրակայված է, որ ինքն Անահիտն է, հատկապես, որ գտնվել է Անահիտի սրբավայրը հանդիսացող Եկեղյաց գավառից»:
Հավելենք, որ Հայաստանում Անահիտի պաշտամունքը սկսել է տարածվել առնվազն Ք.ա 4-րդ դարում: Նրան անվանել են նաև «Ոսկեմայր», «Սնուցող մայր», «Ոսկեծղի», «Ոսկեմատն»:
*Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։ Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորը «Կերոն» զարգացման հիմնադրամն է: «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բառացիկ ցուցադրությունը կգործի վեց ամիս:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 189