Այսուհետ՝ «Կինոմոսկվա»․ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումը: «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է այսուհետ «Կինոմոսկվա»:
Ցուցադրությանը նախորդել է երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանը:
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
- Created on .
- Hits: 283