• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Անիմացիան միայն երեխաների համար չէ, այլ բոլորի․ կայացավ «Հոսք» ֆիլմի փակ ցուցադրությունը, մեկնարկում է ReA փառատոնը

Անիմացիան միայն երեխաների համար չէ, այլ բոլորի․ կայացավ «Հոսք» ֆիլմի փակ ցուցադրությունը, մեկնարկում է ReA փառատոնը

ReAnimania International Animation (ReA) փառատոնին ընդառաջ Կինոյի տանը տեղի ունեցավ ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» (Flow) անիմացիոն ֆիլմի փակ դիտումը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնում։

«ՌեԱ» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունի խոսքով՝ 16 տարի առաջ փառատոնը ստեղծվել էր հայկական անիմացիան երիտասարդացնելու ու հայ անիմացիոն համայնքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով․ «Այսօր արդեն Հայաստանը հյուրընկալում է դիսնեյի լավագույն մասնակիցներին, հայ արտիստներին հնարավորություն է տալիս միջազգային համագործակցություններ ունենալ»։

Փառատոնի գլխավոր աջակիցը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանը։ Փառատոնին աջակցում են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ֆրանսիական ինստիտուտը և մի շարք այլ գործընկերներ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ նկատեց․ «Երբ խոսում ենք կիոնյի ոլորտից, միշտ մոռանում ենք անիմացիան։ Այնպես է տպավորվել, որ անիմացիան միայն երեխաների համար է, բայց այն բոլորի համար է, դրանք շատ հետաքրքիր են, շատ տարբեր ու որպես մշակութային գործիք և զենք՝ մենք շատ քիչ ենք օգտագործում դա, մինչդեռ դրանցով կարող ենք ավելացնել մեր ներկայությունը միջազգային հարթակում, պատմել Հայաստանի մասին»։

«Հոսք» ֆիլմի գործողությունների առանցքում կենդանիներն են։ Մի օր ֆիլմի հերոսը՝ սև կատուն, արթնանում է, ու տեսնում է, որ աշխարհը ջրով է ծածկվել, իսկ մարդկությունն անհետացել է։ Նա մի խումբ այլ կենդանիների հետ ապաստան է գտնում մի նավակում, որտեղ էլ սկսվում են իրական արկածները։

Պարզվում է, որ միմյանց հետ լեզու գտնելը կենդանիների համար շատ ավելի մեծ խնդիր է, քան վախն աղետից․ բոլորը պետք է սովորեն ընդունել մյուսների տարբերությունները և համակերպվել այն աշխարհին, որտեղ այսուհետ ապրելու են։

Ֆիլմը բաց կերպով ցուցադրվելու է հոկտեմբերի 21-ին։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 18

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: