Կայացավ էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-12-ը կայացավ «Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը նվիրված էր «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ Ինչպես գիտենք 150 տարի առաջ սկիզբ դրվեց հայ ժողովրդական էպոսի գիտական ուսումնասիրությանը։ Հայ բանագիտության և ազգագրության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը 1873 թվականին Մշո Առնիստ գյուղում վիպասաց Տարոնցի Կրպոյից գրառել է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրատարակել է մեկ տարի անց՝ 1874 թ. Կոստանդնուպոլսում։ Այն ստացել էր «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» անվանումը։

Epos 150 4

Գիտաժողովի բացմանը հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխոյանը, ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Յ. Սուվարյանը շեշտեց, որ հայոց դյուցազներգության ամբողջ տրամաբանությունն ուղղված է եղել անկախության ձեռքբերմանը՝ ազգային ազատագրական շարժմանը:

Epos 150 2

«Մեր դյուցազներգությանը  նվիրված այս գիտաժողովը չափազանց կարևոր է մանավանդ մեր օրերում: Գիտաժողովի թեման՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ», շատ արդիական է, ունի ոչ միայն գիտական, մշակութային, մշակութաբանական, այլև՝ գործնական նշանակություն ունի, մեր պատմությունն ու մշակույթն օտար հարձակումներից պաշտպանելու համար։ Այսօր գիտաժողովում հնչող դրույթները պետք է նպաստ բերեն մեր անկախ պետականության անվտանգությանը, և, անշուշտ, մշակույթի, գիտության զարգացմանը»,- ասաց Յուրի Սուվարյանը։

Epos 150 3

Գիտաժողովի կազմակերպման գործում մեծ դեր է ունեցել հատկապես Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը։ Հանդես եկան նաև հիմնադրամի տնօրենը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը, նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, UCLA համալսարանի պրոֆեսոր Պիտեր Քաուին, Բոննի համալսարանի պրոֆեսոր Կարլ Ռայխլը։

Epos 150 5

Գիտաժողովի հագեցած օրակարգը հնարավորություն ընձեռեց տեղացի և օտարազգի հետազոտողներին հանդես գալ հետաքրքիր զեկուցումներով։ Ներկայացվեցին շուրջ 27 զեկուցումներ, իսկ նիստերն ընթանում էին ըստ հետևյալ ստորաբաժանումների՝ «Վիպասում, արխաիկ պատում և տարբերակայնություն», «Պատմամշակութային միջավայր և արքետիպեր», «Տարածաշրջանային կապեր և վիպական ավանդույթ», «Վիպական երգ և մոտիվ», «Էպոսը հարակից գիտակարգերի տիրույթում» թեմաներով նիստերի շրջանակում։

Epos 150 6

Գիտաժողովի նախօրեին էլ ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց «Սասուն. կյանք և ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հիմնված է հարուստ պատմական վկայությունների վրա։ Ինչպես հայտնի է՝ Սասուն գետի ափին գտնվող Հալլան Չեմի բլուրում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ Սասունի տարածքում նստակյաց կյանքին անցումը տեղի է ունեցել տասներեք հազար տարի առաջ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հնագույն Սասուն աշխարհն իր հող ու ջրով, թողած ավանդույթներով ու բարքերով։ Այնտեղ, որտեղ Սասնա Դավիթն իր տունն է հյուսել։ Շարքում տեղ գտած լուսանկարներն էլ ներկայացնում են հազարամյա արմատներ ունեցող մշակութային հարստության, սրբավայրերի ու տների ճարտարապետական ​​առանձնահատկությունները։ Դրանց աղբյուրը սասունցիների կյանքն է, նրանց կենցաղը, մտածողության ձևերը։ Ինչպես կազմակերպիչներն եմ հայտնում՝ ցուցահանդեսը նպատակ ունի փառաբանելու Սասունի ոգին ու մշակութային հարստությունը՝ միավորելով անցյալն ու ներկան։ Անցյալի ձայներն արձագանքում են այսօր, երազանքներն ու իրականությունը միահյուսվում: Լուսանկարիչներն են՝ Բեհչեթ Չիֆթչին, Բեսսե Քաբաքը, Արման Քաբեն, Քենան Յիիթը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 38

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: