• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայ հանդիսատեսին կներկայացվի Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը

Հայ հանդիսատեսին կներկայացվի Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը հունվարի 9-ից էկրաններ կբարձրանա:

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և այլք:

Ֆիլմի հերոսներն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա (Թ. Գուերրայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:  Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է: Ֆիլմի հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի շնորհիվ հայկական դրոշն ու կինոն ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո վերադարձան Վենետիկ:

«Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, դասական ինքնակենսագրական չէ: Սա տվյալ հեղինակի ճանապարհն է, որը փորձում է գտնել լուծումներ: Իսկ Սերգեյ Փարաջանովը հայտնի էր նաև նրանով, որ նա կարողանում էր շարունակել իր գործն անկախ ամեն ինչից: Նշեմ, որ ֆիլմը ստեղծելիս բոլոր դժվարությունները մի կողմ են դրվում, քանի որ Փարաջանովի կողմից կարծես օրհնված նախագիծ էր. բոլոր 9 հերոսների ֆիլմում հայտնվելը, կարծես, ճակատագրական լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Ջյանը:

Zara Jyan

Թե մասնակիցների ներգրավմամբ, թե նկարահանումներում, թե փառատոներին մասնակցությամբ այս ֆիլմը դարձել է միջազգային: Զառա Ջյանը, որը նաև ֆիլմի հեղինակը և հապրոդյուսերներն է, զրույցում ասաց, որ մեկնել էր Վենետիկից հետո մեկնել էր Սերբիա և Արգենտինա:

«Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնից հետո, որտեղ ընդգրկված էինք պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում, հաջող ցուցադրություն ունեցանք նաև Բելգիայում: Հոկտեմբերի 14-18 մասնակցեցինք հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Նույն ջերմ ընդունելությանն արժանացանք նաև Սերբիայում, որտեղ մասնակցում էինք «Belgrade Auteur's Film Festival»-ին: Հատկանշական էր մեր մասնակցությունը Արգենտինայում տեղի ունեցող «Mar del Plata International Film Festival»-ին: Պատմական պահ էր, քանի որ Սերգեյ Փարաջանովը 59 տարի անց մեր ֆիլմով «վերադարձել» էր տվյալ փառատոն: 1965 թվականին Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ստացել էր փառատոնի գլխավոր մրցանակը: Փարաջանովի 100-ամյակի առիթով մեր ֆիլմը ընգրկված էր նրան նվիրված ծրագրի մեջ»,- ասաց ռեժիսորը:

 «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն- թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։

Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսին են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը թունավոր իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունենան՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

  • Created on .
  • Hits: 87

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: