Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին նվիրված հուշամեդալներ են թողարկվել

Հարուստ պատմություն և  ժառանգություն ունեցող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր  հուշամեդալները։

Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է Օպերային թատրոնի ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ՝ նվիրված թատրոնի 92-ամյակին։

Opera hushamedal 3

Հուշամեդալի մի կողմում  կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի պատկերն է, մյուս կողմում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Հուշամեդալների շնորհանդեսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց, որ թատրոնն իր ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ ունեցավ իր հուշամեդալը, որը շատ կարևոր է իրենց համար, և հույս ունի՝ այն կդառնա օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդանիշը։

Opera hushamedal 4

«Այն կօգնի նաև ներկայանալ օտար երկրներում»,- ասաց  Կարեն Դուրգարյանը։

Նա նշեց, որ օպերայի և բալետի թատրոնն անցած տարի բավականին լուրջ հաջողություններ է ունեցել՝ պրեմիերաներ, հյուրախաղեր։

«Այս հուշամեդալով մենք ազդարարում ենք նոր տարին։ Այս տարի ևս օտարերկրյա մեր գործընկերների հետ համատեղ կունենանք մի քանի հետաքրքիր ներկայացումներ, պրեմիերաներ»,- ասաց Կ. Դուրգարյանը։

Opera hushamedal 6

Նա նշեց, որ «47 դիզայն» ընկերության հետ 10 անգամից ավելի հանդիպումներ են ունեցել, քննարկել հուշամեդալի էսքիզները, արել նաև շտկումներ։ Կարեն Դուրգարյանի խոսքով՝ օպերային թատրոնը գումար չի ծախսել հուշամեդալների համար, գումարն ամբողջությամբ  հատկացրել է հենց «47 դիզայն» ընկերությունը։  

Օպերայի և բալետի թատրոնի տնօրենը հուշամեդալի առաջին օրինակը նվիրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Ժաննա Անդրեասյանի կարծիքով, օպերային թատրոնը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետության վարվող քաղաքականությունը։

«Օպերային թատրոնը ֆինանսավորման նոր մոդելով պետության հետ աշխատանքի առաջամարտիկն էր։ Մի կողմից բարդ էր գնալ այդ փորձարկմանը, մյուս կողմից  հնարավոր եղավ, որովհետև արդեն իսկ զարգացման այն նախադրյալները, որոնք կային, ցույց էին տալիս՝ կարող ենք աշխատանքի նոր կանոններ ունենալ, որոնք տանելու են թատրոնի զարգացմանը։ Արդեն երկու տարի է՝ նոր մոդելով միասին աշխատելու փորձ ունենք, տեսնում ենք, որ դա թատրոնում էական որակական բան է փոխել»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Opera hushamedal 5

Կարեն Դուրգարյանը կարևորեց նոր մոդելն այն առումով, որ կարողանում են պլանավորել թատրոնի կյանքը՝ մի քանի տարի առաջ. «Մենք արդեն պլանավորել ենք 2026 թվականը, 2027 թվականը, 2028 թվականը, մենք գիտենք՝ ինչ է սպասվում, ինչ ֆինանսական հոսքեր կարող են գալ թատրոն, մեր գործընկերների հետ պայմանագրերը կարող ենք կնքել մի քանի տարի առաջ։

Շնորհակալություն։ Այս մոդելն աշխատում է և տալիս է իր արդյունքը»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պրեմիերաների թիվը, ներկայացումների ինտենսիվությունը ցույց է տալիս, որ հասանելիության, նաև որակի տեսանկյունից աճ է գրանցվել։

«Ուրախ եմ նաև, որ վարձատրության մեխանիզմն է էապես բարելավվել»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Opera hushamedal 2

Ժաննա Անդրեասյանը կարևորեց նաև թատրոնի համագործակցության նոր մոդելը մասնավորի հետ. «Մենք խոսում ենք նաև տնտեսական մոդելի մասին։ Արվեստը կարող է նաև տնտեսական իմաստով եկամտաբեր լինել, և դա բոլորովին չի նվազեցնում, հակառակը՝ բարձրացնում է մշակույթի արժեքը»։

«47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանն ասաց, որ թողարկել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Ոսկե և արծաթե հուշամեդալները թողարկվել են 500 օրինակով, բրոնզը՝ անսահմանափակ։ Հուշամեդալները լինելու են վաճառքում։ Վաճառքի 10 տոկոսը փոխանցվելու է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։

Տ․Մ․

  • Created on .
  • Hits: 156

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: