Անահիտ աստվածուհին որոշ ժամանակ ևս կմնա Հայաստանում․ ցուցադրության ժամկետը երկարաձգվել է

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության մեկնարկից մինչ այս պահը, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել է 44 հազար այցելու։
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը Բրիտանիայից 2024 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ անկախության օրն էին բերվել Հայաստան, այսօր՝ մարտի 21-ին, այն պետք է ետ վերադառնար։ Սակայն Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ հաշվի առնելով այցելուների շրջանում մեծ հետաքրքրությունը՝ երկարաձգման համար բավականին գործընթացներ են իրականացվել:
Այսպիսով՝ ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 10-ը:
«Շնորհիվ բրիտանական թանգարանի հետ մեր համագործակցության և նրանց վստահության, ևս մեկ անգամ աջակցության՝ ուրախ ենք հայտարարելու, որ ցուցահանդեսը երկարաձգվում է մինչև ապրիլի 10-ը»,- այս մասին թանգարանում տեղի ունեցած փակ միջոցառման ըթնացքում ասաց Դավիթ Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ նրանք, որոնք դեռևս հնարավորություն չեն ունեցել ցուցադրությունը տեսնելու, այս ընթացքում կկարողանան այցելել և տեսնել: Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին ցուցադրությունը ևս բաց կլինի։
Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ ցուցադրությունը համարեց 2024 և 2025 թվականների ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը․ «Այս ցուցահանդեսը, բացի բուն մշակութային կյանքը հետաքրքրացնելուց, նաև այլ կարևոր նշանակություն ունի, խոսքը պետական-մասնավոր համագործակցության մասին է։ Ծրագիրն իրականացվել է «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ, որը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, այլև՝ գաղափարական»։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերի համար էլ մեծագույն հաճույք էր ցուցահանդեսների մասնակցելը, հատկապես մի ցուցադրության, որի կայացման գործում դեսպանությունն է դերակատարություն ունեցել։ Նա իր խոսքում նկատեց․ «Այս ցուցադրությունը Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության, երկու երկրների հարաբերությունների զարգացման վկայությունն է»։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը ցուցադրությունը պատմական համարեց և՛ իր բովանդակությամբ, և՛գրանցած հաջողություններով։
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությանը նվիրված միջոցառմանը նաև անակնկալ կար․ կայացավ «AZAT MARD» ապրանքանիշի՝ Անահիտին նվիրված բացառիկ հավաքածուի ցուցադրությունը։
Բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը տեղեկացրեց, որ Անահիտ աստվածուհուն նվիրված շապիկների վաճառքից ստացված հասույթի 25 տոկոսը կտրամադրվի Երևանի Աբովյան 3 հասցեի պատմամշակութային շենքի վերակառուցմանը, ինչը միտված կլինի հայկական մշակույթի վերակենդանացմանը։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 152