Ամփոփվեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ամփոփվեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Նախագիծն այս անգամ կրում էր «Գրադարանը ներառականության հարթակ» խորագիրը։ Ապրիլի 14-21-ը իրականացվող ծրագրի շրջանակում իրականացվեցին մի շարք միջոցառումներ։ «Ազգային գրադարանային շաբաթ»-ին մասնակցում էին ՀՀ պետական և համայնքային գրադարանները։
Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին մի շարք մրցույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, փոխադարձ այցեր ՀՀ մարզային, համայնքային և մասնագիտացված գրադարաններ:
«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրն անցկացվում է 2002 թվականից։ Նախագիծը հարթակ է դառնում գրադարանային ոլորտի խնդիրների, զարգացման ճանապարհների ներկայացման համար։
Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական օղակաձև սրահում տեղի ունեցավ «Վարդգես Սուրենյանցի մատենանկարչությունը» թեմայով հանրային դասախոսություն և գրքերի ցուցադրություն։ Բանախոսը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանն էր։ Գրադարանային շաբաթը լեցուն էր նաև ընթերցասերների համար սպասված մրցույթով։ 10-րդ հոբելյանական Ընթերցանության մարաթոնը համախմբել էր Հայաստանի տասնյակ գրադարաններ և մշակութային օջախներ։ Օրվա ընթացքում շուրջ վեց ժամ անընդմեջ ընթերցողներ, դերասաններ, ասմունքողներ, ուսուցիչներ և աշակերտներ ընթերցում էին Իսահակյանի գործերից։
Մարաթոնին միացան գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը, լրագրող Արայիկ Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը և ուրիշներ։
Ընթերցանության մարաթոնն ուղիղ տեսակապով հեռարձակվեց Հայաստանի ազգային գրադարանի յութուբյան ալիքով։
Հայաստանի ազգային գրադարանն այս տարի նաև հանդես եկավ նոր նախաձենությամբ՝ այն է՝ հանդիպումների շարքը հրատարակիչների հետ։ «Խորհուրդ են տալիս հրատարակիչները. Գրքային նորություններ» խորագրով հանդիպումների շրջանակում Էդիթ Պրինտ հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ հանդիպմամբ տրվեց նախաձեռնության մեկնարկը։
Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի մեկնարկին՝ ապրիլի 15-ին, Գրատպության թանգարանում էլ տեղի ունեցավ «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք» պատկերագրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է 2024 թվականին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով։
Հագեցած միջոցառումներին միացավ նաև Արազի Թիրաբյանին նվիրված ցուցահանդեսը։ Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ՀԱԳ Մատենագիտության բաժնի ընթերցասրահում անցկացվեց միջոցառում և գրականության ցուցադրություն՝ նվիրված հայ անվանի գրադարանավար, գրադարանի երկարամյա տնօրեն Արազի Թիրաբյանի ծննդյան 105-ամյակին։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 103