Երկխոսություն արվեստի ու մարդկային ներաշխարհի միջև. Բացվեց «Արվեստական բանականություն» ցուցահանդեսը

Մայիսի 15-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց գեղանկարիչ Վարդան Տեպիկյանի «Արվեստական բանականություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։
Ցուցասրահ մտնելուն պես աչք են զարնում վառ գույները, ապակու վրա արված նկարները, դեմքերը, մարդկային ֆիգուրները, որոնցում միայն գծեր, ձևեր,ստվերներ են: Արվեստի այս գործերը դիտողի համար առաջին հայացքից կարծես ծածկանկարներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել սեփական ներաշխարհում:
Cultural.am-ի հետ զրույցում Վարդան Տեպիկյանը, խոսելով իր ստեղծագործությունների, դրանց ձևերի, վառ գույների ընտրության մասին, ասաց՝ նկարելուց առաջ ընդհանրապես չի մտածում՝ ինչ պիտի նկարի: Ցանկություն է լինում նկարելու՝ նկարում է: Դա ակտ է, որն ինքնաբերաբար է ստացվում:
2020 թվականին նա հեղինակել է «Դիտորդներ» շարքը, որն իր մեջ պարունակում է տարբեր ճյուղեր՝«Արվեստասերներ», «Տրամադրության տատանումներ»: Այս շարքը՝ «Ռեբուս»-ը, դրանց շարունակությունն է: Այն հիշեցնում է, որ իրականությունը ոչ թե տրվում է, այլ՝ վերագտնվում:
«Այս շարքի կոնցեպցիան այն է, որ դուք այս աշխատանքներին նայում եք որպես արվեստի գործ, իրենք էլ՝ ձեզ: Ներկայացված կտավներում չկան պատրաստի պատկերներ, վերացական են: Այսինքն՝ ամեն մարդ տեսնում է այն, ինչ իր ներսում է»,- մեկնաբանեց նկարիչը:
Արդյոք այսօրինակ ստեղծագործությունները շարունակական կլինե՞ն, նկարիչը դժվարանում է ասել, որովհետև ազատ է թողնում միտքը նկարելու պրոցեսի մեջ:
Հետաքրքրական է, որ ներկայացված գործերում դասական տեխնիկաներն ու աբստրակցիան զուգորդված են: Դրանց ընկալումն ու ձևակերպումը թողնված է յուրաքանչյուր դիտողին, որն այս դեպքում հանդես է գալիս ոչ միայն սպառող, այլև համահեղինակ:
Նկարչի խոսքով՝ վերջին վեց տարում սա իր չորրորդ ցուցահանդեսն է: Հայաստանյան ցուցադրություններին սովորաբար հաջորդել են արտասահմանյան ցուցադրությունները, բայց այս անգամ դեռ անհայտ է՝ արդյոք նույնկերպ կստացվի:
Այս ցուցադրությունը կգործի երկու շաբաթ:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 104