Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հայտարարել է «Արևմտահայ գրականության միամսյակ»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվում են մայիսի սկզբին մեկնարկած «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Ծրագիրը միտված է արևմտահայ գրողների և գրականության հանրահռչակմանը: Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակում գրադարանում անցկացվում են արևմտահայերենին և արևմտահայ գրականությանը նվիրված բազմաբնույթ միջոցառումներ: Բազմաժանր նախագծերի շնորհիվ դպրոցականները ծանոթանում են և ներկայացնում արևմտահայ գրականության ականավոր գործիչների կյանքն ու ստեղծագործությունները:

Arevmtahay grakanutyan mekamsyak 2

Դրանցից մեկի շրջանակում գրադարանի 9-12-րդ դասարանցիների սպասարկման սրահում անցկացվեց Ռուբեն Սևակի 140-ամյակին նվիրված պոեզիայի ժամ։ Մասնակիցներն էին Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ դպրոցի ուսուցիչներ Անահիտ Խաչատրյանի և Անի Վարդանյանի գլխավորությամբ: Ցերեկույթի ընթացքում գրադարանի լավագույն ընթերցողները ներկայացրին Սևակի կենսագրական հետաքրքիր դրվագները, գործունեությունը և ստեղծագործական առանձնահատկությունները։ Աշակերտները նաև ասմունքում էին, հանդես գալիս երաժշտական և պարային գեղեցիկ ելույթներով։ Հաջորդիվ աշակերտներին սպասվում էր Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված բաց դասը:

Arevmtahay grakanutyan mekamsyak 4

Գրադարանի ենթաբաժանմունքի գրադարանավար Անահիտ Սուքիասյանի խոսքով՝ Զարյանի կյանքի մի շարք դրվագներ ուսումնասիրված չեն և հարկ է ուսումնասիրել Զարյանի որոնումներն ու ստեղծագործական առանձնահատկությունները:

Անահիտ Սուքիասյանը ներկայացրեց հեղինակի կյանքի և գործունեության մասին մի շարք քիչ հայտնի տեղեկություններ, բնութագրեց ստեղծագործությունների առանցքային կետերը: Երևանի հայ-հունական պետական քոլեջի դասախոս Էմմա Գրիգորյանն էլ քոլեջի ուսանողների և գրադարանի ակտիվ ընթերցողների հետ ներկայացրեցին նշանավոր «Նավը լեռան վրա» ստեղծագործությունը, անդրադարձան տարբեր  հատվածների, կերպարների, գործի մասին հետաքրքիր փաստերի։

Arevmtahay grakanutyan mekamsyak 6

Նման բաց դաս-քննարկումներն ավելի արդյունավետ են դարձնում նաև դասապրոցեսի կազմակերպումը: Այդ մասին հավաստում են և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Երեխաներն ինքնուրույն ընթերցում են հատվածներ, ծանոթանում գործիչների և ընկերների հետ քննարկում թեմաներ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագրի շրջանակում հյուրընկալում է նաև տարբեր գործիչների: Նրանցից է օրինակ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի արևմտահայերենի ուսուցիչ, «Գանձասար» շաբաթաթերթի «Կկու» մանկական սյունակի հեղինակ, խմբագիր Ռիթա Կաղեանը: Տիկին Կաղեանը Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներին ներկայացրեց սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկի՝ Համաստեղի կենսագրությունը, անցած ուղին, ստեղծագործական գործունեությունը: Բանախոսը աշակերտների համար արևմտահայերենով ընթերցեց «Կապույտ հուլունքը» պատմվածքը: Ռիթա Կաղեանը շատ կարևոր է համարում երիտասարդների և հատկապես աշակերտների շրջանում հայոց լեզվի վարժ տիրապետման խնդիրը: Դպրոցականների հետ հանդիպման ընթացքում Ռիթա Կաղեանը կոչ արեց պահպանել արևմտահայերենը, տարածել, հանրահռչակել այն և նպաստել արևմտահայերեն գրականության տարածմանը:

Arevmtahay grakanutyan mekamsyak 7

Միամսյակի ընթացքում իրականացվեցին նաև այլ ըթերցում-քննարկումներ, երաժշտության ունկնդրումներ՝ արևմտահայերեն երգերի կատարմամբ և հեքիաթապատումներ: Բացվեց նաև «Արևմտահայ գրականություն» խորագրով ցուցահանդեսը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 140

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: