Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը իր այցելուներին ներկայացավ հատուկ ծրագրով

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը կրող միջոցառումների հատուկ ծրագրով այցելուների առջև բացել է տուն-թանգարանի մշտական և «Ներսիսյանցիներ» ալբոմի ժամանակավոր ցուցադրությունները:

Տուն-թանգարանն այս անգամ ներկայացավ Դերենիկ Դեմիրճյանին և նրա ստեղծագործական ժառանգությանը նվիրված հատուկ ծրագրով, որի շրջանակում ներկայացվեցին հիմնական ցուցադրությունից նմուշներ, ժամանակավոր ցուցադրություն՝ «Ներսիսյանցիների ալբոմ» խորագրով, գրական ընթերցումներ: «Ներսիսյանցիներ» ալբոմը հրատարակվել է 1975 թվականին, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի կողմից:

Հետաքրքիր է, որ թանգարանը, հետևելով ժամանակակից միտումներին, թվային ցուցադրությամբ առաջին անգամ ներկայացրեց իրենց բնույթով բացառիկ նմուշներ՝ Դերենիկ Դեմիրճյանի բնանկարները:

Միջոցառման այցելուները հաջորդիվ նաև մասնակցեցին գրական ընթերցումների և քննարկման գրող-հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի հետ։ Միջոցառումը նաև խորհրդանշական էր նրանով, որ այս տարի լրանում է խմբագիր, հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ Տիգրան Նիկողոսյանի 70-ամյակը: Տիգրան Նիկողոսյանը Հայաստանի գրողների միության անդամ է (2002 թվական), Հայաստանի վաստակավոր լրագրող (2011 թվական): Արձակագրին ողջ տարվա ընթացքում շնորահվորում են մտավորականները, արվեստագետները:

Դերենիկ Դեմիրճյան Նիկողոսյան

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ևս միացել է շնորհավորանքներին.

«Տիգրան Նիկողոսյանի մարդկային կերպարը 70 տարիների ընթացքում չխաթարվեց, վայրիվերո ժամանակների մեջ նա կարողացավ պահպանել իր իսկությունը, ապրեց սիրով դեպի իր գրիչը. այդ գրիչը երբեք չստեց, այդ գրիչը ի սկզբանե եղավ մաքուր, ազնիվ՝ համակված հողի ճշմարտութամբ, հիշողության բարոյականությամբ և վարպետության կնիքով: Իր գրական ճանապարհի սկիզբը մանկագրությունն էր, մանուկների համար աշխատելն էր: Ինքն այդ ժամանակ դա չի իմացել, բայց մեծանալով ես հասկանում, որ երբ մարդ իր գրական ճանապարհը սկսում է մանուկների մասին գրելով և մանուկների աշխարհին ծառայելով, Աստված դա տեսնում է, գիտցեք: Աստված չի թողնում, որ նա, ով ի սկզբանե իր կյանքն ու գրիչը նվիրել է երեխային, (իսկ երեխաները հրեշտակներ են) ծերանա… Սիրելի՛ Տիգրան, ահավասիկ այս պահին սեղանիս դրված քո գրքերում ես տեսնում եմ կատարյալ գրողական և քաղաքացիական նվիրում, ամբողջովին բոլորեքյան նվիրում սեփական առաքելությանը, որը դու կրում ես համեստորեն, առանց ցուցամատով նշելու այդ առաքելությունը, ինչը դարձյալ պատիվ է բերում քեզ: Ի վերջո, դու նաև բարձր պաշտոն ես զբաղեցնում. «Հայաստան» թերթի խմբագիրն ես, որ պետական թիվ 1 թերթն էր, բայց չեղավ մի օր, որ դու քեզ թույլ տաս այդ հանգամանքը նշելու հայացքով, վարքով, խոսքով: Այդպիսի օր չեղավ, որ դու դա նույնիսկ ակնարկեիր: Հիմա կասեք՝ սա համեստություն է, այո, համեստություն է, բայց սա բարոյականություն է, և ես հիանում եմ և ինձ լավ եմ զգում մեր երկարամյա ընկերությամբ»:

Dereik Demirchyan 5

Հատուկ միջոցառումները եզրափակվեցին Դեմիրճյանի գեղանկարների բացառիկ հավաքածուի ցուցադրությամբ: Տուն-թանգարանում մշակութային տոնը շարունակվեց դեմիրճյանական պատմվածքների ընթերցումով և բացիկներ պատրաստելով, ինչպես նաև գծանկարների ցուցադրությամբ՝ «Դեմիրճյանը գեղանկարիչ» խորագրով:

Ընթերցումների մասնակիցները աշակերտներն են: Երևանի 174 հիմնական դպրոցի սաները Դերենիկ Դեմիրճյանի երկերի թեմաներով բացիկներ էին պատրաստել: Ընթերցման ավարտին դրանք աշակերտների կողմից նվիրվեցին տուն-թանգարանին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 129

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: