Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ

Այս տարի լրանում է հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այս առիթով Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Վարպետը՝ Ազգայինում. 150 ցուցանմուշ» խորագրով ցուցադրություն, որը կգործի մի շաբաթ: Այն կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ:
Ներկայացված խորհրդանշական 150 ցուցանմուշից 100-ը ազգային գրադարանին են պատկանում, 50-ը՝ բերվել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից:
Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում մեկտեղվել են Վարպետի տուն-թանգարանից բերված գրքեր՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անձնական իրեր, թանաքամանի համալիր, գրիչ: Ցուցադրության մաս են կազմել ազգային գրադարանի անձեռնամխելի հավաքածուներից դուրս բերված ընծայագրերով, ինքնագրերով գրքերը, բանաստեղծի կողմից թարգմանված գրքերը, ինչպես նաև երաժշտագիտական գրականություն, հոդվածներ մամուլից՝ Վարպետի հեղինակությամբ և նրա մասին, բացառիկ այլ նմուշներ:
«Այս ցուցադրությունը շատ կարևոր է գրադարանի համար: Ինչո՞ւ, որովհետև 1952 թվականից Վարպետը եղել է ազգային գրադարանի գիտխորհրդի անդամ և անմիջականորեն մասնակից է եղել գրադարանի գիտական աշխատանքներին»,- ասաց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի խոսքով՝ Իսահակյանի թանգարանում պահվում է 5000-ից ավել գիրք, որոնք բազմաբովանդակ ու բազմաժանր են: Կան գրքեր, որոնք բերվել են Լայպցիգից: «Ասեմ, որ Իսահակյանը սովորել է Լայպցիգի համալսարանում և հենց այս տարի հուշատախտակ տեղադրվեց այն տանը, որտեղ ապրել է նա: Այդ տարիներին նա 18-19 տարեկան էր և մտածել է, որ պետք է Լայպցիգի՝ Եվրոպայի գրահրատարակչության կենտորններից մեկի գրքերը բերվեն հայրենիք: Դրանք բերվել են մեծ դժվարությամբ՝ նավերով, սնդուկներով և դրանցից 700 նմուշ գերմանալեզու գիրք այսօր Իսահակյանի տուն-թանգարանում են»:
Արմինե Ավետիսյանը խոսեց նաև Վարպետի՝ որպես գրքահավաքի ունեցած հարուստ գրադարանի մասին։
«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ Իսահակյանը հանրությանը հայտնի չէ որպես գրքահավաք: Շատ յուրօրինակ գրքեր կան, որոնք միգուցե նաև զարմացնում են․ ինչու պետք է, օրինակ, Իսահակյանին հետաքրքրեր ֆիզիկան, աշխարհագրությունը, բնաշխարհը: Եվ Իսահակյան մեծությունը հենց դրանով է մեծություն, որ կողմից էլ նրան մոտենանք՝ բացահայտելու շատ-շատ բան ունենք»:
Միջոցառման պատվավոր հյուրն էր Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը: Վերջինս ներկաների հետ կիսվեց ընտանեկան հուշերով, պատմեց Իսահակյանի կյանքից ուշագրավ դրվագներ:
«Իսահակյանը շատ էր հետաքրքրվում Բուդդայի կյանքով: Վերջին կոպեկներով միշտ գիրք էր առնում և հավատում էր, որ այն մեծ պատուհան է բացում դեպի աշխարհը»,-պատմեց նա:
Ցուցահանդեսն ամփոփվեց «Վարպետը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ, որտեղ բանաստեղծն ինքն է պատմում իր մասին։
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 146