Գիտատեխնիկական գրադարանն ի նպաստ հեռավոր համայնքներում գրադարանների զարգացմանը

Ըստ Գրադարանների և գրադարանային գործի մասին ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրադարանները կարող են հիմնադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: Գրադարանային համակարգը ներառում է բոլոր գրադարանները` ըստ սեփականության ձևի, տարածքային բաժանման և բնույթի։ Առանձնահատուկ նշանակություն ունեն հատկապես մարզային և համայնքային գրադարանները, քանզի դրանց ձևավորման համար պահանջվում են հսկայական ռեսուրսներ։ Համայնքային գրադարանները հիմնադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Դրանք ապահովում են համայնքի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում են գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում դրանց պահպանումը։ Մարզային գրադարանն էլ ապահովում է մարզի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը, օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է մարզի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մասնագիտական և տեղեկատվական ծառայությունը։
Հետաքրքիր համայնքային գրադարան վերջերս բացվեց Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տորունիք գյուղում։ Արա Ստեփանյանի ակտիվ մասնակցությամբ և համագյուղացիների ջանքերով վերանորոգված փոքրիկ շինությունն այսօր գեղեցիկ անկյան է վերածվել և կրում է նախաձեռնության հեղինակ Լևոն Ղարիբյանի անունը։ Գրադարան-թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսին` Գիտատեխնիկական գրադարանի երջանկահիշատակ ղեկավար Լևոն Ղարիբյանի որդու՝ դերասան, պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանի մասնակցությամբ։ Վերջինս գրադարանին է հանձնել նաև իր հոր անձնական գրադարանից բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ` հավատով, որ այդ կերպ կնպաստի հեռավոր համայնքում կենսունակության ամրապնդմանը, կրթական, տեղեկատվական, մշակութակին կարևոր կենտրոն դառնալուն։
Կարևորելով Հայաստանի սահմանամերձ գյուղերին մասնավորապես հայրենասիրական, կրթական, մշակութային բնույթի աջակցության անհրաժեշտությունը՝ ՆՁԱԿ գիտատեխնիկական գրադարանի աշխատակազմը դեռ 2022 թվականից, ընդառաջելով Սիսիան համայնքի Տորունիք գյուղի ակտիվիստ Արա Ստեփանյանի խնդրանքին, հավաքել էր մոտ 1000 բազմաբնույթ գրքեր` Սիսիան համայնքի սահմանամերձ մի շարք գյուղերի գրադարանները համալրելու կամ նոր փոքր գրադարաններ ձևավորելու նպատակով:
«Գրքերի հավաքագրման ժամանակ առաջացավ մի նոր մտահղացում՝ Հայաստանի հարավային դարպասի սահմանամերձ գյուղերում նախաձեռնել «Իմ գյուղի մեր տունը» կրթական, հայրենասիրական, մշակութային, պատմա-ազգագրական անկյունների ստեղծումը։ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր «Իմ գյուղի մեր տունը» անկյան ստեղծման նախագծի քննարկումը, որի նպատակն էր ի հայտ բերել շահագրգիռ այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր կմիանան գրադարանի նախաձեռնությանը, կամ իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն այս հայրենանվեր գործին»,- ասում է ՆՁԱԿ գիտատեխնիկական գրադարանի աշխատակից Աիդա Սարգսյանը։
Միջոցառման մասնակիցներն են եղել «Թևեր հանուն ապագայի» սոցիալ-կրթական, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոնի, Գյուղական համայնքի ապագա, «Ոսկե Եղեգ» բարեգործական, Սիսիանի զարգացման նախաձեռնություններ հասարակական կազմակերպությունների, Սիսիանի համայնքային գրադարանի, Սյունիքի, Արագածոտնի մարզային գրադարանների, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի, Հայաստանի ազգային գրադարանի, «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի, Էջմիածնի պետական քոլեջի, դպրոցների գրադարանների, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի և Կապանի, Գյումրու, Հրազդանի, Վանաձորի մասնաճյուղերի ներկայացուցիչներ։
Քննարկման ամփոփմամբ որոշվել էր հավաքագրել ծրագրի համախոհների խումբ և կազմակերպել ճանաչողական այց Տորունիք, այնուհետև այլ սահմանամերձ գյուղեր ու տեղում նվիրատված գրականությամբ հիմք դնել «Իմ գյուղի մեր տունը» անկյունների ստեղծմանը:
Գրադարանի ստեղծման և զարգացման գործում մեծ ավանդ է ունեցել նաև ԱՄԻՕ բանկը։ Բանկի պաշտոնական վերաբրենդավորման միջոցառմանը ԱՄԻՕ-ն իր հյուրերին խնդրել էր ցանկության դեպքում ներկայանալ նվեր-գրքերով։ Այդ կերպ աջակիցները դառնալու էին համայնքային գրադարանի բարեկամները։ Գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված բազմաժանր գրքերն էլ արդեն ճանապարհ են ընկել դեպի Սյունիք։ Արդյունքում Սյունիքի մարզի Տորունիք գյուղի գրադարանն արդեն ի վիճակի է սպասարկել նաև հարակից համայնքներին։
«Ուրախ ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մարզային գրադարանների զարգացման մեջ, որը լինելու է շարունակական։ Մտահղացման հիմնական նպատակն էր Հայաստանի հարավային դարպասի սահմանամերձ գյուղերում նախաձեռնել «Իմ գյուղի մեր տունը» կրթական, հայրենասիրական, մշակութային, պատմա-ազգագրական անկյունների ստեղծումը: Ակնկալվում էր, որ ծրագիրը կնպաստի հետագայում գյուղը զբոսաշրջային երթուղիներում ընդգրկելու համար և կակտիվացնի գյուղի կյանքը: Հայրենասիրական Անկյան ստեղծումը հենց իրենց գյուղում կդառնա գյուղի բնակիչների ընդհանուր տունը։ Հեռավոր համայնքներում, որտեղ բացակայում են կրթական, մշակութային և այլ ժամանցային կառույցներ, գրադարանը կարող է լինել այն կենարար լույսը, որն իր շուրջը կհամախմբի թե՛ մատաղ սերնդին և թե՛ երիտասարդներին ու տարեցներին` առավել ամրապնդելով համայնքը»,- ասում է ՆՁԱԿ գրադարանի գրադարանավար Լիլիթ Վարդանյանը։
Ինչպես գիտենք, ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը նախկին Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի (ՀԳՏԳ-РНТБ) իրավահաջորդն է։ Գրադարանը 60-ամյա գոյության ընթացքում իր գործունեությունը ծավալել է ոլորտում գործող իրավական նորմերին, օրենսդրական դաշտին, պետական միջնաժամկետ ծրագրերին, պետական քաղաքականությանն ու ռազմավարությանը համահունչ, միջազգային առաջավոր փորձի ներդրմամբ, եզակի նորարարական լուծումների ու ծառայությունների կիրառմամբ։ Հենց Գիտատեխնիկական գրադարանի երջանկահիշատակ ղեկավար Լևոն Ղարիբյանի նախաձեռնությամբ էլ մեկնարկեց «Իմ գյուղի մեր տունը» նախաձեռնությունը, որի շրջանակներում Լևոն Ղարիբյանի անվան գրադարանը հիմնվեց Սյունիքի Տորունիք համայնքում։
Սիսիան համայնքի Տորունիք գյուղի ակտիվիստ Արա Ստեփանյանը կարևորում է համայնքներում նման նախաձեռնությունների իրականացումը։
«Ունենալով ոչ այնքան բարվոք նյութատեխնիկական բազա, սակայն կարևորելով գիտական, հոգևոր և մշակութային բովանդակության դերը՝ հաջողությամբ կազմակերպվել և անց են կացվել խոշոր միջոցառումներ, շնորհանդեսներ, գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսներ, առցանց էքսկուրսիաներ և այլն։ Լևոն Ղարիբյանի անվան գրադարանը գյուղի և հարակից գյուղերի համար լինելուէ մշակութային կենտրոն։ Դեռ անակնկալներ լինելու են առաջիկայում»։
Տորունիքում բացված գրադարանի գործունեությամբ նաև սկիզբ է դրվում «Մեր գյուղի մեր տուն» անկյան ստեղծմանը, որը նախատեսվում է վերածել թանգարանի։ Նման համայնքային գրադարանների հիմնումը վարակիչ օրինակ կդառան սահմանամերձ համայնքների համար։ Ինչպես Տորունիքի գրադարանն է վկայում, այն նաև համայնքային, երիտասարդական կյանքը ակտիվացնելու միտում ունի։ Գրադարանը կդառնա աշակերտների կրթության գործում մեծ ներդրում ունեցող առաջին օջախներից մեկը, դե իսկ տարատեսակ միջոցառումներն էլ կնպաստեն համագյուղացիների կողմից նոր առաջարկների, նախագծերի կազմակերպմանն ու իրագործմանը։ Շատ կարևոր է նաև, որ նման ծրագրերով ամրապնդվում է համայնքի ղեկավարություն- բնակիչներ համագործակցությունը, որի արդյունքում գրադարան-թանգարանը կկարողանա դառնալ համայնքի այցեքարտն ու դեմքը։ Ոգևորիչ է նաև ՆՁԱԿ գրադարանի որդեգրած ռազմավարությունը՝ աջակցել համայնքային ու մարզային գրադարաններին, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՆՁԱԿ գիտատեխնիկական գրադարանի կազմալուծումը անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի նիստում հաստատվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 337