Մեկնարկեց կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնը կտևի հունիսի 26-30-ը, այն կընթանա Երևանում և Սիսիանում:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տրվեց Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնի բացումն ազդարարում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմը (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը փառատոնին նախորդող մամուլի ասուլիսին ներկայացրեցին սպասվող ծրագրերը:

KArchametraj filmeri paraton 2

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնին ներկայացրած ֆիլմերի 30 տոկոսից ավելին միջազգային Ա դասի փառատոներին հաղթած կամ մասնակից ֆիլմեր են, ինչով կազմակերպիչները հպարտանում են: Այդ մասին պատմեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը:

«Մեզ համար կարևոր է, որ մեր հայկական կինոմատոգրաֆիստները կարողանան տեսնել, շփվել այն հյուրերի հետ, որոնք ունեն հաղթանակներ միջազգային հարթակներում։ Ուզում եմ շեշտել նաև, թե ինչպես է մեր ֆիլմարտադրությունը զարգանում։ Եթե առաջին փառատոնի ժամանակ տեղացի գործիչներից ունեինք 2-3 կարճամետրաժ ֆիլմ, այս տարի այնքան շատ էին ու որակապես այնքան բարձր էին, որ չէինք կարողանում ընտրել»,- հավելեց Արտյոմ Բաղդասարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շեշտեց, որ կինոփառատոնը ներառում է բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ միջազգային համագործակցություն, կրթական նախագծեր, մարզերում մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ուղղված ծրագրեր, գործակցության ծրագրեր հայաստանյան կազմակերպությունների հետ:

«Առանձնահատուկ կարևոր է մարզերում փառատոնի անցկացումը: Նախարարության քաղաքականությունն է՝ մշակութային կարևոր իրադարձություններն ուղղորդել մարզեր, քանի որ մարզերի բնակիչներին հասանելի են դառնում մշակութային միջոցառումները, և մնալով իրենց բնակավայրում՝ նրանք մասնակից են դառնում մշակութային կյանքին։ Դրանից բացի՝ մեծ թվով հյուրեր են սպասվում, որոնց ուղղորդելով մարզեր՝ մենք տեղում տնտեսական ակտիվություն ենք ապահովում։ Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կարևոր է այն հանգամանքով, որ ոչ միայն մեր երիտասարդ տաղանդներին ենք բացահայտում, այլև կինոյի ոլորտի միջազգային մեր գործընկերներին տեղում ընդունելու, շփվելու, համագործակցության հարցեր քննարկելու հնարավորություններ ենք ստեղծում»,- ասաց Դանիել Դանիելյանը:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանն ասաց, որ մրցութային ծրագրում այս տարի ընդգրկել են 44 ֆիլմ՝ 23 երկրից, որից 27-ը միջազգային ծրագրում, իսկ 16-ը՝ ազգային ծրագրում: Այս տարի փառատոնը երեք օր կանցկացվի Սիսիանում՝ հունիսի 26-28-ը: Հունիսի 29-30-ը փառատոնը կանցկացվի Երևանում՝ Հայաստանի կինոգործիչների միությունում, ինչպես նաև տեղի կունենան երեկոյան բացօթյա ցուցադրություններ Մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում: Նույն օրը տեղի կունենան նաև քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ փառատոնի փակման արարողությունն է:

KArchametraj filmeri paraton 1

«Կինոփառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները, ինչի վկայությունն է 85 երկրից ստացված ավելի քան 850 հայտը: Մշակույթի ապակենտրոնացման նպատակով փառատոնն անցկացվում է նաև մարզերում: Կարևոր իրադարձություններից է նաև Սիսիան քաղաքում անցկացվող ֆորումը, որին կմասնակցեն արվեստի բուհերի շուրջ 100 ուսանողներ՝ համատեղ քննարկելու և վերլուծելու ոլորտում առկա խնդիրները: Ծրագիրը բազմազան է՝ ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում»,- ասաց կինոփառատոնի տնօրենը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ նշում է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն 3-րդ տարին աջակցում է փառատոնին, որը կլինի շարունակական: Միջոցառումն էլ սիրված է հանրության կողմից, ինչը ամառային այս օրերին Երևանի և մարզերի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է:

Փառատոնի միջոցառումները Սիսիանում շարունակվեցին մինչև հունիսի 28-ը: Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, նաև աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 51

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: