Հայ երիտասարդ արտիստները շատ տաղանդավոր են. Էդգարդո Վերթանեսյան

Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը, Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ, մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ:

Հատուկ այս նպատակի համար առաջին անգամ Հայաստան է ժամանել Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն, հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանը, որը ձայնագրել է ավելի քան 100 դասական երաժշտական ալբոմ, համագործակցել է Մադոննայի, Ռիհաննայի, Էմինեմի և Ջեյ-Զիի հետ։

Էդգարդո Վերթանեսյանն այժմ ցանկանում է համագործակցել հայ երիտասարդ երաժիշտների հետ։

«Հայ արտիստները շատ տաղանդավոր  են, նշանակում է՝ ուսումնական համակարգն այստեղ աշխատում է»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդգարդո Վերթանեսյանը։

 Edgardo Vertanesyan 1

Նա համոզված է, որ ծնողներն էլ իրենց դերն ունեն իրենց երեխաների կարիերայի կայացման գործում, քանի որ սոլո-արտիստը կյանքում արդյունքի հասնելու համար պետք է սկսի աշխատել արդեն  4-6 տարեկանից։ 

«Մեր արտիստները  բավական տաղանդավոր են, ապագայում լուրջ հաջողությունների հասնելու մեծ պոտենցիալ ունեն»,-ասաց Էդգարդո Վերթանեսյանը։

Այս նախագիծը հնարավորություն է տալիս հայ կայացած և սկսնակ երաժիշտներին ձայնագրել և թողարկել թվային սինգլեր, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube և ավելի քան 80 միջազգային հարթակներում, գովազդային աջակցություն և այլն:

 Edgardo Vertanesyan 3

Մայիսի 16-ին, կարճ ցանկում (short list) ընդգրկված երաժիշտների համերգից հետո, որը հեռարձակվել է Armenopol միջազգային առցանց հարթակով, հայտարարվել են հաղթողների անունները։  Նախապես գրանցված 16 մասնակցից «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի հաղթողներ են դարձել դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը և դասական կիթառահար Վահան Սարգսյանը։ Ընտրությունը կատարվել է Էդգարդո Վերթանեսյանի կողմից։ Հուլիսի 3-ին և 4-ին նրա գլխավորությամբ իրականացվել են ձայնագրությունները։

Էդգարդո Վերթանեսյանի ներկայացմամբ՝ ծրագրի հիմնական նպատակն է գտնել ամենատաղանդավոր արտիստներին։

«Արտիստի կարիերայում շատ կարևոր է ձայնագրվելը։ Այդ պատճառով մենք փորձում ենք իրենց տալ այդ հնարավորությունը։ Ձայնագրվելը բավականին թանկ է, մենք այդ բեռը հիմնադրամի հետ վերցնում ենք մեզ վրա։ Երիտասարդ արտիստը ձայնագրվելով հետագայում կարող է ամեն տեղ ցույց տալ ձայնագրությունը, գտնել իր համար միջազգային մենեջերների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ  նախագիծը լինելու է շարունակական, ամեն տարի փնտրելու ու գտնելու են երիտասարդ տաղանդավոր արտիստների։

 Edgardo Vertanesyan 4

Ասուլիսին ներկա Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան  ասաց, որ ինքն է առաջարկել Էդգարդո Վերթանեսյանին հայ երիտասարդների համար նախագիծ իրականացնել։

«Ծանոթացել ենք Էդգարդոյի հետ 2 տարի առաջ։ Մենք աշխատում էինք մի նախագծի վրա, որը որևէ կապ չուներ Հայաստանի հետ։ Նրա ազգանունը ինձ հուշեց, որ հայկական արմատներ ունի։ Նրա պապերը Արևմտյանի Հայաստանից են եղել։ Երբ առաջարկեցի  հայ երիտասարդ երաժիշտների համար նախագիծ անել, անմիջապես համաձայնվեց»,- պատմեց Ելենա Յակովլևան։

Նա նշեց, որ այս նախագծի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին ձայնագրվել, և նախագծի շրջանակում ամերիկյան ձայնագրման ընկերությունն ընձեռում է այդ հնարավորությունը. «Նրանք ստանում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք այն երիտասարդները, որոնք ապրում են Եվրոպայում»։

«Այս նախագիծը կոգեշնչի երիտասարդ երաժիշտներին ավելի կատարելագործել և հանրահռչակել իրենց կատարողական արվեստը: Մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համաշխարհային լսարանի համար ապահովենք հայ երաժշտության դյուրին և համապարփակ հասանելիությունը՝ բացահայտելով նրանց համար հայ երաժիշտների վարպետությունը իրենց ծանոթ բոլոր միջազգային հարթակներում»,- ասաց Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան։

 Edgardo Vertanesyan 5

Prima Classic ձայնագրման ընկերության և Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաև կրթական բաղադրիչ. հայ երաժիշտների և հնչյունային ինժեներների համար նախատեսված էր ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության և դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը վարեց հնչյունային ինժեներ և Prima Classic լեյբլի համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանը: Այս տարի անվճար դասընթացը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Մարինե Ալավերդյանն ասաց, որ իրենք ամբողջովին աջակցում են հիմնադրամին իրենց բոլոր հնարավորություններով՝ թե շենքային, թե տեխնիկական։

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիան գնահատում է նմանօրինակ հիմնադրամների հետ համագործակցությունը, որոնք խորապես հասկանում են, թե ինչ է մշակութային երկխոսությունը, երաժիշտների միջազգային ներկայացման կարևորությունը։ Այս հիմնադրամն իրական գործիքներ է  տալիս արտիստներին, որոնք իրենցից ենթադրում են  ստեղծագործական աճ՝ թե ձայնագրման, թե տարածման, և թե ամենակարևորը՝ միջազգային լսարանին հասնելու համար, որը հայ արտիստների համար խնդիր է»,- նշեց նա։

Մարինե Ալավերդյանն ասաց, որ կշարունակեն համագործակցությունը հիմնադրամի հետ նաև նոր ձևաչափերով։

 Edgardo Vertanesyan 6

Prima Classic-ը հիմնադրվել է հռչակավոր օպերային երգչուհի Մարինա Ռեբեկայի և հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանի կողմից և գործունեություն է ծավալում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այն ձայնագրման անկախ լեյբլ է, որը կենտրոնացած է օպերաների, դասական երգեցողության և գործիքային երաժշտության ձայնագրման ուղղության վրա:

Էդգարդո Վերթանեսյանը պատմեց, որ համաշխարհային աստղերի հետ համագործակցել է երկար տարիներ, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ փոփ երաժշտությունը գալիս է ու գնում է, իսկ դասական երաժշտությանը մնայուն է. «Այդ իսկ պատճառով Ռեբեկայի հետ որոշեցինք ձայնագրել դասական երաժշտություն։ Այն տաղանդները, որոնց Աստված տալիս է, մենք պարտավոր ենք պահպանել, նրանց ստեղծածը փոխանցել հաջորդ սերունդներին»։

Էդգարդո Վերթանեսյանն առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է հայերի հյուրասիրությամբ, բարությամբ։

«Հրաշալի մարդիկ եք։ Կշրջեմ երկրով մեկ՝ տեսնելու Հայաստանի հրաշալիքները, փորձելու հայկական ուտեստներն ու հայկական գինին»,- ասաց նա։

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 2022թ.-ից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: 

Տ․Մ․

  • Created on .
  • Hits: 75

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: