Շուշան Սարգսյանի մոնոօպերաները «Գրեմմի»-ի անվանակարգերից մեկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնոօպերաները: Դրանք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա 2026 թվականին սպասվող «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Անվանակարգը «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»-ն է: «Dialogue» մոնո-օպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ): Կոմպոզիտորի հեղինակած «Reflections»-ն էլ սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնո-օպերա Է: Այն կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան):
Կարևորագույն այս առիթով հրավիրված քննարկմանը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը պատմեց, որ նախագծերն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։ Ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում և հասանելի են աշխարհի ավելի քան 150 երաժշտական հարթակներում։
«Հաշված օրեր անց պարզ կդառնա՝ արդյոք մոնոօպերաները կհայտնվեն մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է համարվում, ուստի շատ կարևոր է, թե ովքեր են այն կատարում: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան): Այն հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ստեղծելով ձայնային գոբելեն, որը թե՛ տարաժամանակ է, թե՛ արդիական։ Աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում։ Այս գործերը յուրահատուկ են նաև այն առումով, որ հրաժարվել եմ տեքստից։ Մեր այբուբենի հնչյունների միաձուլման և տեղաշարժի վրա է հիմնված դրամատուրգիան։ Մեկը 10 րոպե է, մյուսը՝ 16։ Այդպիսով կոտրում ենք նաև օպերային արվեստում ընդունված կանոնները։ Ստեղծագործություններում նորարարություն կա, ուստի հայտնվել են անվանակարգում»,-ասաց Շուշան Սարգսյանը:
Մրցանակաբաշխությանը ներկայացվելու համար ստեղծագործությունները պետք է թողարկվեն ԱՄՆ-ում և հենց ԱՄՆ-ից կազմակերպությունը պետք է դրանք ներկայացնի «Գրեմմի»-ի»: Շուշան Սարգսյանի խոսքով՝ նախագծերի շուրջ համագործակցել են նաև պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկիի հետ, որն ապրում է ԱՄՆ-ում։ Կոմպոզիտորի համոզմամբ՝ եթե Վոլոդարսկին, նրա ընկերությունն ու հավատը չլինեին, չէին կարողանա մոնոօպերաները ներկայացնել «Գրեմմի»-ի։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ևս կարևորում է նման նախագծերը: Փաստում է՝ երբ կոմպոզիտորն իր ստեղծագործությունները ներկայացնում է միջազգային հարթակներում, նշանակում է, որ այն, ինչ ստեղծվում է այսօր, մրցունակ է, նշանակում է՝ մենք մեկուսացված չենք, մեր երաժշտությունը, կատարողական արվեստը քարտեզագրված են և մրցունակ են: Շուշան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրին: Նրա նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանն ու ֆինանսավորում է ստացել։
«Մեր ստեղծագործողները նույն չափանիշներով որակական արդյունք են տալիս, ինչպես ցանկացած զարգացած երկրի կոմպոզիտոր, իսկ այս մրցանակաբաշխության երկար ցուցակում հայտնվելու հանգամանքը շատ կարևոր է: Այն փաստում է, որ մեր օրերում ամեն ինչ հնարավոր է: Պետությունը կկանգնի յուրաքանչյուր ստեղծագործողի կողքին, որը կներկայանա հետաքրքիր ծրագրերով: Շատ կարևոր է, որ Շուշան Սարգսյանի ստեղծագործություններն ունեն հայկական շունչ, սակայն կոտրված են լեզվական խոչընդոտները և հեշտությամբ են դառնում միջազգային երաժշտարվեստի կարևոր մասնիկ»,- հավելեց Դ. Դանիելյանը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 96