«Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը

Համաշխարհային արվեստի խոշորագույն կենտրոններից մեկում՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրությունը: Մինչ կարևորագույն ցուցադրության մեկնարկը՝ Ազգային Սինեմատեք կինոթանգարանում, Կինոյի տանը կազմակերպվել էր մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը ուրախ է և հուզված, որ իր ֆիլմերն են ցուցադրվելու «Պոմպիդու» կենտրոնում: Ի դեպ հենց այդտեղ շատ տարիներ առաջ ներկայացվել են Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» կինոնկարները: Կինոռեժիսորի ֆիլմերից յոթը ցուցադրվել է Մոսկվայում, մի քանիսը՝ Սլովենիայում և Իսպանիայում։
«Ֆիլմերի բոլոր պաստառները նոր են՝ մտածված և գեղեցիկ, ցուցադրվող ֆիլմերի և ծրագրի ճիշտ ընտրությամբ: Հաճելի է, որ իմ 10 ֆիլմով կենտրոնը որոշեց կրկին հիշեցնել իմ կինոարվեստի մասին: Հետահայաց ցուցադրության նախընտրությունը կատարել է «Պոմպիդու» կենտրոնը՝ ընտրելով ներկայացված բոլոր ֆիլմերը, ինչը մեծ երջանկություն էր մեզ համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև նախաձեռնության աշխատանքային թիմին՝ իմ ֆիլմերի ցուցադրության աշխատանքների կազմակերպման, պաստառների ստեղծման, կատարած ահռելի և որակյալ աշխատանքի համար»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Հետահայաց ցուցադրության բացման երեկոյին Հարություն Խաչատրյանը ներկա կլինի: Ֆրանսիայում նախատեսվում են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի 3 քննարկում՝ կինոռեժիսորի մասնակցությամբ, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի վարպետաց դասը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասում է, որ հատուկ այս ծրագրի նախապատրաստության համար Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մեծ մասը վերականգնվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով:
«Այս տարի նշվում է սիրված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը, և հոբելյանական տարում իրականացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կայանալիք Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Աննախադեպ՝ 10 ֆիլմից բաղկացած այս ցուցադրությունը վկայում է, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, արվեստը սպասված են նաև արտերկրի կինոսերների և կինոոլորտի մասնագետների կողմից: «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը Ֆրանսիայի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է: Սիրելի մաեստրոյի՝ տասնամյակներ ի վեր ստեղծված ֆիլմերը ֆրանսիացի բծախնդիր կինոգործիչներին ու հանդիսատեսին ներկայացնելը հաստատումն է այն փաստի, որ այսօր էլ այդ ֆիլմերն արդիական են: Աննախադեպ այս ցուցադրությամբ համաշխարհային հարթակում այսպիսով ներկայացվում են նաև Հայաստանը և հայկական կինոն»,- ասաց Դանիել Դանիելյանը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ նշեց, որ Փարիզից հետո հոկտեմբերի 16-19-ը Բեռլինում կշարունակվի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Բեռլինի «Կրոկոդիլ» արտ-հաուսի կինոթատրոնում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի վեց ֆիլմերը՝ «Քամին ունայնության», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի» և «Նկարչի երեք գերեզմանները»: Ֆիլմերը կներկայացնի ծրագրի համադրող, հեղինակավոր կինոօպերատոր Ֆրեդ Քելեմենը, ինչպես նաև կտպագրվեն հոդվածներ: «Պոմպիդու» կենտրոնում ցուցադրությունն իրականացվելու է «Բացելով ներկայի ծալքերը․ Հարություն Խաչատրյանի վավերագրությունը» խորագրի ներքո։ Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու կենտրոնի» La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում։
Ֆիլմերը հանդիսատեսին կներկայացնեն Ֆրանսիայում բնակվող և ստեղծագործող հայ անվանի կինոգործիչներ և արվեստագետներ: Նրանցից են՝ Սերժ Ավեդիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը, Քլեր Մուրադյանը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 84