Ավարտին է մոտենում ճապոնական ֆիլմերի փառատոնը
Ավարտին է մոտենում ճապոնական ֆիլմերի փառատոնը: Այս տարի փառատոնը կհյուրընկալվի ոչ միայն Երևանում, այլև Կապանում և Դիլիջանում։ 19-րդ փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնի բացման ֆիլմ էր ընտրվել ռեժիսոր Նաոկի Օգիգամիի «Վարձով կատու» ֆիլմը: Նույն օրը ցուցադրվեցին նաև երեք ժամանակակից կինոնկարներ: Փառատոնը դարձել է կապող օղակ հայ-ճապոնական մշակութային շփումներում և նաև մեծացնում է հետաքրքրությունը ճապոնական մշակույթի նկատմաբ: Փառատոնի բացմանը ներկա էր Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, որը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում աջակցությամբ կյանքի է կոչվել 19-րդ փառատոնը։ Դեսպանը նշեց․
«Այս փառատոնը ոչ միայն կինոյի տոն է, այլև կամուրջ է մշակույթների միջև, պատուհան է դեպի ճապոնական հասարակություն և հրավեր է՝ բացահայտելու պատմություններ, որոնք խոսում են սրտի, մտքի և երևակայության մասին։ Ֆիլմերին կից կլինեն հայերեն ենթագրեր, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան վայելել և կապ հաստատել ճապոնական կինոյի հետ: Կինոյի համընդհանուր լեզվով ցանկանում ենք ավելի խորացնել փոխըմբռնումն ու բարեկամությունը Ճապոնիայի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս փառատոնը հիշարժան և հաճելի կլինի բոլորի համար»,- ասաց դեսպանը։

Դեսպանն անդրադարձավ նաև փառատոնի բացման ֆիլմին: Ըստ նրա՝ «Վարձով կատու» կինոնկարը պատմում է մի կնոջ մասին, որը բնակվում է ավանդական ճապոնական տանը՝ շրջապատված բազմաթիվ կատուներով։ Նա սկսում է «Կատուների վարձակալ» ծառայություն՝ իր սայլակով այցելելով մենակ զգացող մարդկանց՝ տարեց կնոջ, որը կորցրել է ամուսնուն ու սիրելի կատվին, միջին տարիքի տղամարդու, որը հեռու է ընտանիքից, մեքենաների վարձույթի ընդունարանի աշխատակցի, որի կյանքում չկա որևէ մեկը, որի հետ կարող է խոսել։
Դեսպանի կարծիքով՝ այս և նման ֆիլմերը նաև յուրովի են բացահայտում մարդկային կապն ու բուժման ուժը։

Փառատոնը կազմակերպել է Ճապոնիայի դեսպանատունը: Այս տարի ցուցադրությունները անց են կացվել Երևանում և Կապանում՝ ներկայացնելով ճապոնական ժամանակակից ֆիլմերի ընտրանի։ Բոլոր ֆիլմերը ճապոներեն են՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Իսկ հոկտեմբերի 30-ին՝ 19։00-ին, Դիլիջանի Թումո կենտրոնում (Մյասնիկյան փող., 63) կցուցադրվի ռեժիսոր Նաոկի Օգիգամիի «Վարձով կատու» ֆիլմը։ Մուտքն ազատ է:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 75