«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր 2026» բազմազան միջոցառումները Հայաստանում

Մարտի 20-ին աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որը միավորում է ֆրանսերեն խոսող և ֆրանսիական մշակույթը կիսող ժողովուրդներին: Ֆրանկոֆոնիայի շարժման նպատակն է խթանել ֆրանսերեն լեզվի տարածումը, զարգացնել կրթական և մշակութային կապերը, ինչպես նաև նպաստել խաղաղության, ժողովրդավարության և մշակութային բազմազանության պահպանմանը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել են մարտի 20-ին և անցկացվում են երկամսյակի ձևաչափով՝ շարունակվելով մինչև ապրիլի վերջ: Միջոցառումների շարքը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիական ինստիտուտի, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և մշակութային կառույցների համագործակցությամբ և ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ Երևանում և մարզերում, այդ թվում՝ դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, թատերական ներկայացումներ, ֆրանսիական գրականության ընթերցումներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, սեմինարներ, գիտաժողովներ և ֆրանսերեն լեզվի մրցույթներ:

Frankofon kinoyi paraton 2

Ֆրանկոֆոնիայի օրերի կարևոր բաղադրիչներից է հատկապես «Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը», որը մեկնարկել է մարտի երկրորդ կեսին: Փառատոնի շրջանակում Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվում են ֆրանսիական, բելգիական, շվեյցարական, կանադական և այլ ֆրանկոֆոն երկրների ֆիլմեր՝ դրամա, վավերագրական և հեղինակային կինո ժանրերում: Ցուցադրվել են «Ապագայի գալուստը»՝ ռեժ. Սեդրիկ Կլապիշ (Ֆրանսիա, 2025), «Մաքսանենգը»՝ ռեժ. Կարոլին Մոնե (Կանադա, 2021), «Ջիմի պատմությունը»՝ ռեժ. Առնո և Ժան-Մարի Լարիո (Ֆրանսիա, 2024), «Բորգո»՝ ռեժ. Ստեֆան Դըմուստյե (Ֆրանսիա, 2023), «Երիտասարդ մոր տունը»՝ ռեժ. Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2025), «Շան դատավարությունը»՝ ռեժ. Լետիցիա Դոշ (Շվեյցարիա, 2024), «Օտարը»՝ ռեժ. Ֆրանսուա Օզոն (Ֆրանսիա, 2025), «Հանուն Ադամի»՝ ռեժ. Լորա Վանդել (Բելգիա, 2025) և «Անտառի երգը»՝ ռեժ. Վենսան Մունյե (Ֆրանսիա, 2025):

Frankofon kinoyi paraton 4

Հայաստանի կինոյի հիմնադրամը ևս միացել է «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախաձեռնելով հայկական կինոժառանգության ֆիլմերի ցուցադրություններ Հայաստանում և արտերկրում, ներառյալ Կանադա, Շվեդիա, Ստրասբուրգ, Շվեյցարիա, Մեքսիկա, Ուրուգվայ, Հնդկաստան, Լիտվա, Բուլղարիա, Քուվեյթ, Թուրքմենստան և Ղազախստան: Ծրագիրը նպատակ ունի ներկայացնել հայկական կինոժառանգությունը ֆրանկոֆոն մշակութային միջավայրում, խթանել բազմազանությունը և ամրապնդել միջազգային մշակութային երկխոսությունը: Ցուցադրություններից հետո անցկացված քննարկումների ընթացքում ներկաները ծանոթանում են ֆիլմի ստեղծման պատմությանը և դրանում արտահայտված համամարդկային արժեքներին:

Մշակութային իրադարձություններին միացել են նաև թանգարանները: Ահա, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանում Ֆրանսիական քոլեջի սաները մասնակցեցին «Սրբազան ուղի․ Ավետումից Համբարձում» կրթական ծրագրին, ծանոթացան «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությանը և խմբերով ամբողջացրին «Սրբազան ուղին»: Ծրագիրը անցկացվեց ֆրանսերենով:

Frankofon kinoyi paraton 5

Երվանդ Քոչարի թանգարանում էլ շարունակվեցին Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումները՝ «Փարիզյան Ելևսներ» համերգով, որը տեղի ունեցավ մարտի 29-ին: Համերգին հանդես եկան՝ Նատալյա Մնացականյան (դաշնամուր), Տիգրան Գրիգորյան (ակկորդեոն), Լարային քառյակ՝ Հովհաննես Կարախանյան (առաջին ջութակ), Արման Սարգսյան (երկրորդ ջութակ), Սարա Հարությունյան (ալտ), Հովհաննես Օգանեզով (թավջութակ), և Ստեֆանի Քոչարյան (սոպրանո), ծրագրում հնչեցին Ժ. Մասնե, Ք. Գլյուկ, Ռ. Գալիանո, Ա. Ասթյե, Հ. Կրետզեր և Շ. Ազնավուրի ստեղծագործություններ:

Frankofon kinoyi paraton 3

Ֆրանկոֆոն տոնի անբաժան մասն են կազմում նաև համերգային ծրագրերը: Մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» համերգը: Հնչեցին Կլոդ Բալբաստերի, Ժան Բատտիստ Լյուլլի, Ժան Ֆիլիպ Ռամո և Դանիել Ֆրանսուա Էսպրի Օբերի ստեղծագործություններ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան, մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան (երգեհոն) և Գալինա Ցոլակյան (սոպրանո): Նույն օրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց «հեքիաթային» բանախոսություն՝ «Հրաշապատում՝ հեքիաթի երաժշտական թարգմանությունների շուրջ» խորագրով: Բանասիրական գիտությունների դոկտոր, Հ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը կիսվեց հեքիաթագիտական որոնումներով:

 Ալմաստ Մուրադյան

235
Մարտ 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: