Հայտնի են «Անահիդ» գրական մրցանակի հաղթողները
Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնը օրերս կազմակերպեց «Անահիդ» գրական մրցանակաբաշխության արարողությունը։ «Անահիդ» գրական մրցանակը շնորհվեց Լորի Բեդիկյանին (2024) և Ահարոն Փուչիգյանին (2025)։ Մրցանակը տրվում է անգլերենով ստեղծագործող հայազգի գրողներին՝ իրենց գրական նվաճումների համար՝ կարիերայի սկզբնական կամ միջին փուլում գտնվելիս։ Այն հիմնադրվել է անանուն բարերարի կողմից և 1989 թվականից ի վեր շնորհվում է Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի կողմից։ Մրցանակը ներառում է նաև 5000 դոլարի դրամական պարգև։ Բացման խոսքով հանդես եկավ Փիթեր Բալաքյանը, որին հաջորդեցին մրցանակակիրների՝ Լորի Բեդիկյանի և Ահարոն Փուչիգյանի ստեղծագործությունների ընթերցումները։

Ժամանակակից ամերիկահայ բանաստեղծ Լորի Բեդիկյանի ստեղծագործությունները առանձնանում են անձնականությամբ և զգացմունքային լարվածությամբ։ Նա ուսանել է Կալիֆոռնիայի և Օրեգոնի համալսարաններում՝ ստանալով համապատասխանաբար բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։
Բեդիկյանը լայն ճանաչում է ձեռք բերել իր առաջին ժողովածուով՝ The Book of Lamenting (2011), որը արժանացել է Ֆիլիպ Լևինի անվան պոեզիայի մրցանակին։ Նրա երկրորդ գիրքը՝ Jagadakeer: Apology to the Body (2024), նույնպես արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ ամփոփելով նրա ստեղծագործական ճանապարհը։
Բեդիկյանի պոեզիան ձևավորվում է անձնական կենսափորձի և պատմական հիշողության հատման կետում։ Նրա գործերում կենտրոնական թեմաներ են ընտանիքի կորուստը, մարմնի խոցելիությունը, ներգաղթի փորձառությունը, հայկական ինքնությունն ու հիշողության վերարժևորումը։ Նրա պոեզիան միաժամանակ լիրիկական և պատմողական բնույթ ունի․ հարուստ պատկերներով և ուժեղ մետաֆորներով նա միավորում է իրականությունն ու ներաշխարհը՝ ստեղծելով բազմաշերտ տեքստային տարածք։

«Գիտեք, դուք պետք է զրուցեք ձեր բանաստեղծությունների հետ։ Այդ զրույցները երբեմն շատ ինտենսիվ են լինում։ Այդպիսի մոտեցումը օգնում է ինձ աշխատել տեքստի հետ՝ միասին ստեղծելու ամբողջական գիրք։ Գրելը ինձ համար նախ և առաջ լսելու գործընթաց է։ Ես փորձում եմ լսել ոչ միայն լեզվի հնչյունը, այլև ներքին ձայնը։ Բանաստեղծությունը սկսվում է ոչ թե գաղափարից, այլ զգացումից կամ պատկերից։ Ես չեմ փորձում անմիջապես կառուցել բանաստեղծություն: Ավելի շատ վստահում եմ ընթացքին, որը հաճախ ինձ տանում է անսպասելի ճանապարհներով։ Գրելը նաև բացահայտման գործընթաց է: Հաճախ հենց գրելիս եմ հասկանում՝ ինչ եմ ուզում ասել։ Իմ պոեզիայի հիմքում անձնական փորձն է, բայց ես ձգտում եմ այն դարձնել համամարդկային՝ որպեսզի ընթերցողը կարողանա գտնել իրեն տեքստում։ Կարծում եմ՝ պոեզիայի ուժը հենց այստեղ է։ Ես գրում եմ ոչ թե այն, ինչ «պետք է», այլ այն, ինչ զգում եմ։ Գրելը նաև կարգապահություն է․ ես աշխատում եմ ամեն օր։ Ի վերջո, պոեզիան ինձ համար այն տարածքն է, որտեղ միավորվում են հիշողությունը, ցավը, սերը և լեզուն»,- Լորի Բեդիկյան:

Մրցանակակիր ամերիկացի բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Ահարոն Փուչիգյանի ստեղծագործական աշխարհն էլ միավորում է դասական կրթությունն ու ժամանակակից պոեզիայի զգայունությունը։ Նա ստացել է դոկտորի աստիճան Մինեսոտայի համալսարանում և մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում։
Նրա ստեղծագործություններից առանձնանում են Mr. Either/Or (2017) չափածո վեպը և American Divine (2021) ժողովածուն, որն արժանացել է Richard Wilbur մրցանակին։ Նրա մյուս գրքերից են Manhattanite-ը և The Cosmic Purr-ը։ Փուչիգյանը համագործակցել է Penguin Classics և W. W. Norton հրատարակչությունների հետ՝ թարգմանելով հին հունական հեղինակների, այդ թվում՝ Սապֆոյի, Ապոլլոնիոս Հռոդոսացու և Էսքիլոսի գործերը։

Ավելի քան քսան տարի նա դասավանդել է գրականություն և շարունակում է աշխատել որպես խմբագիր, գրքի խորհրդատու և թարգմանիչ։ Նրա նոր գիրքը՝ Four Walks in Central Park: A Poetic Guide to the Park (2025), միավորում է պոեզիան և ուղեցույցի ոճը ընթերցողին հրավիրելով դեպի բնություն և ներքին խաղաղություն։
«Դպրոցում ամբողջությամբ նվիրված էի երաժշտությանը։ Սակայն քոլեջում, երբ սկսեցի պոեզիա ուսումնասիրել, լեզվի ռիթմն ու հնչյունները փոխեցին իմ ստեղծագործական ուղղությունը։ Կարդալով Վերգիլիոսի «Էնեական»-ը՝ ես զգացի մի տեսակ լուսավորում, և այդ պահին հասկացա՝ պետք է նվիրեմ կյանքս բանաստեղծությանը։ Այսօր գրում եմ թե՛ սովորությունից, թե՛ բնազդից ելնելով, դա այն է, ինչ ես անում եմ ամեն օր։ Ես չեմ կարող ինձ պատկերացնել այլ կերպ։ Կցանկանայի, որ իմ լավագույն կողմերը շարունակեն ապրել գրականության մեջ»,- Ահարոն Փուչիգյան:

«Անահիդ» գրական մրցանակի հիմնադրումից ի վեր պոեզիայի, գեղարվեստական գրականության, դրամատուրգիայի և սցենարի բնագավառներում այն շնորհվել է մի շարք հեղինակների, այդ թվում՝ Լեսլի Այվազյանին, Փիթեր Բալաքյանին, Էրիկ Բոգոսյանին, Ատոմ Էգոյանին, Դիանա Տեր-Հովհաննեսյանին, Արիս Ջանիգյանին, Միշելին Ահարոնյան Մարքոմին, Արթուր Ներսեսյանին և Պատրիսիա Սարաֆիան Ուորդին։
Ալմաստ Մուրադյան