Հայկական դասական ֆիլմերը վերադառնում են մեծ էկրան

Ապրիլի 16-ից, «Արի՛ հայ կինոյի աշխարհ» ծրագրի շրջանակում, «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ը մեկնարկեց հայ կինոժառանգության լավագույն ֆիլմերի ամենամսյա ցուցադրությունների շարք:

Ապրիլի 16-ին` Հայ կինոյի օրը, «Կինոմոսկվայում» տեղի ունեցավ այդ շարքի առաջին ցուցադրությունը: Մեծ էկրան բարձրացավ «Շոր և Շորշոր» համր ֆիլմի թվայնացված և վերականգնված տարբերակը: 1926 թվականին նկարահանված հայկական առաջին կինոկատակերգությունը ներկայացվել է երաժշտական նոր ձևավորմամբ` պահպանելով ինքնատիպությունը: Հեղինակը կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանն է:

Shor ev Shorshor 1

Հետաքրքրական է, որ ֆիլմի ռեժիսոր Համո Բեկնազարյանը սցենարը գրել է մի գիշերվա ընթացքում, իսկ օրեր անց այն արդեն նկարահանված էր:

Ֆիլմը թվայնացվել է Ռուսաստանի «Գոսֆիլմոֆոնդ»-ում, պատկերի վերականգնումն իրականացվել է «Omnimago» ընկերությունում:

Shor ev Shorshor 3

Այս նախագծի շրջանակում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հնարավոր կլինի մեծ էկրանին տեսնելու հայկական կինոժառանգության ֆիլմեր`«Մենք ենք, մեր սարերը», «Եռակյունի», «Տժվժիկ», «Թթենի» և մի շարք այլ ֆիլմեր, որոնք թվայնացվել և վերականգնվել  են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Shor ev Shorshor 2

Հայ կինոյի օրվա առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեր մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։ Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը»:

Ըստ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի` հիմնադրամն այժմ իրականացնում է ֆիլմերի կատալոգիզացիայի լայնածավալ ծրագիր՝ համագործակցելով միջազգային հեղինակավոր գործընկեր՝ FIAF-ի հետ։ 

Մարջան Չոբանյան

128
Ապրիլ 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: