Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում
Ապրիլի 2-ին աշխարհում նշվում է Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը: Այն 1967 թվականից հռչակված է նաև որպես Մանկական գրքի միջազգային օր։ Այս օրը պարզապես հիշարժան տարեթիվ չէ․ այն հեքիաթի, գրքի և մանկության խորհրդանիշն է, մի ժամանակային կամուրջ, որտեղ իրականությունն ու երևակայությունը միաձուլվում են՝ ձևավորելով երեխաների վառ լուսավոր ու անբիծ աշխարհընկալումը։
Անդերսենի հեքիաթները՝ իրենց պարզ, բայց խորքային իմաստներով, դարեր շարունակ ուղեկցել են մանկության աշխարհը՝ ներշնչելով բարություն, կարեկցանք և արդարության զգացում։ Հենց այս արժեքների կրողն է գիրքը, որի երեխայի համար դառնում է ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև ներաշխարհի ձևավորման կարևոր գործոն։

Այս խորհրդանշական մեկնարկով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 2-8-ը անցկացվեց «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը»-ը: Այն վերածվեց բազմաշերտ մշակութային միջավայրի, որտեղ համադրվում էին գրականությունն ու երաժշտությունը՝ ստեղծելով կրթական և գեղագիտական յուրօրինակ փորձառություն երեխաների համար։
Շաբաթվա ընթացքում իրականացվեցին բազմաբնույթ և բովանդակալից միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, թատերական բեմականացումներ, դաս-պարապմունքներ, հեքիաթապատումներ, երաժշտական ունկնդրումներ և հանդիպումներ մանկագիրների հետ։ Յուրաքանչյուր միջոցառում կառուցված էր այնպես, որ երեխան ոչ միայն ընկալող, այլև ակտիվ ստեղծագործող մասնակից դառնար։ Ներկայացվեցին նաև հայ հեղինակների նոր գրքեր, կազմակերպվեցին մուլտֆիլմերի դիտումներ, որոնք լրացրին գրական և երաժշտական միջավայրի ամբողջականությունը՝ երեխաներին տալով արվեստի բազմազան ընկալման հնարավորություն։

Միջոցառումների ինտերակտիվ բնույթը առանձնահատուկ նշանակություն ուներ: Դա նպաստում էր երեխաների հաղորդակցական հմտությունների զարգացմանը, ազատ ինքնարտահայտմանը և ստեղծագործական մտածողության խթանմանը։ Այս ձևաչափը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի զգալ իր մասնակցության կարևորությունը։ Շաբաթվա շրջանակում գրադարանի երաժշտական բաժնի աշխատակիցը հյուրընկալվեց Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում։ Այցի ընթացքում ներկայացվեց «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա բեմադրված մյուզիքլը, ինչպես նաև «Երեք վիշապները» պատմվածքը։
Ներկայացումը կառուցված էր ինտերակտիվ մոտեցմամբ՝ ապահովելով երեխաների ակտիվ ներգրավվածությունը։ Այն ոչ միայն արվեստի ներկայացում էր, այլև հաղորդակցական կամուրջ, որի միջոցով երեխաները կարողացան զգալ, լսել և վերապրել պատմությունները՝ զարգացնելով իրենց լսողական ընկալումը և երևակայական մտածողությունը։

Այս նախաձեռնությունը կարևոր սոցիալական և կրթական նշանակություն ուներ՝ նպաստելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքում և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
Ապրիլի 8-ին գրադարանում հանդիսավոր կերպով ամփոփվեց արդեն ավանդական դարձած շաբաթը։ Ամփոփիչ միջոցառումը վերածվեց գրքի և կենդանի խոսքի հանդիպման, որտեղ երեխաները հնարավորություն ունեցան անձամբ շփվելու իրենց սիրելի մանկագիրների հետ։

Գրադարանի ընթերցողները և Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի սաները ներկայացրին հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններից հատվածներ՝ ցույց տալով, որ ընթերցանությունը ոչ միայն անհատական, այլև համայնքային մշակութային փորձ է։ Միջոցառմանը ներկա էին «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը, ինչպես նաև մանկագիրներ Նանեն, Ժաննա Աբրահամյանը, Օլգա Դարյանը, Նարինե Ավագյանը, Սաթենիկ Ղազարյանը և Մարիամ Սարգսյանը։ Նրանց ելույթները կրում էին ոգեշնչող բնույթ՝ ընդգծելով գրականության շարունակական դերը մարդու ձևավորման գործում և կարևորելով ընթերցանության մշակույթը։

Շաբաթվա կարևոր կրթական բաղադրիչներից էր նաև «Խ. Աբովյանի առակները» թեմայով դաս-պարապմունքը, որի ընթացքում երեխաները ծանոթացան Խաչատուր Աբովյանի կյանքի, գործունեության և մանկավարժական գաղափարների հետ։ Դասը վարել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավսգ գիտաշխատող Նազիկ Դանիելյանը: Նրա առակները, վերցված «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուից, ներկայացվեցին կենդանի և հետաքրքիր ձևաչափով՝ տիկնիկային թատրոնի միջոցով, ինչը հնարավորություն տվեց երեխաներին ավելի խորը ընկալել առակների բարոյական ուղերձները։ Հետագայում երեխաները ինքնուրույն վերարտադրեցին սովորած նյութը՝ դառնալով ստեղծագործ գործընթացի ակտիվ մասնակիցներ։
Ապրիլի 3-ին անցկացվեց նաև դաս-պարապմունք՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Մակար Եկմալյան-ի 170-ամյակին։ Նրա երաժշտությունը ներկայացվեց որպես ազգային ինքնության և մշակութային ժառանգության կարևոր մաս, իսկ հնչած ստեղծագործությունները երեխաներին հնարավորություն տվեցին զգալ դասական երաժշտության հուզական և գեղարվեստական խորությունը։

Շաբաթվա ամփոփման շրջանակում հայտարարվեց տարվա լավագույն ընթերցողը՝ նա Թոփչյան Լանան է, որի ընթերցասիրությունն ու հետևողականությունը դարձան օրինակ մյուս երեխաների համար՝ ցույց տալով, որ ընթերցանությունը կարող է դառնալ անձնական զարգացման կարևոր ուղի։ Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»-ն ունի խորքային նշանակություն: Այն ոչ միայն միջոցառումների շարք է, այլև մշակութային և կրթական միջավայր, որը ձևավորում է ընթերցանության հանդեպ մեծ սեր: Նման նախաձեռնությունները խթանում են երեխաների ստեղծագործ մտածողությունը, զարգացնում նրանց գեղագիտական ընկալումը և նպաստում բազմակողմանի զարգացած, գիտակից և արժեքներով հարուստ սերնդի ձևավորմանը։
Շաբաթը ևս մեկ անգամ ընդգծեց, որ գիրքն ու երաժշտությունը ոչ միայն կրթական միջոցներ են, այլև մշակութային արժեքներ, որոնք ձևավորում են մարդու ներաշխարհը։ Դրանք զարգացնում են երևակայությունը, հարստացնում հուզական դաշտը և նպաստում են էմպաթիայի ձևավորմանը՝ դարձնելով երեխային ավելի ընկալունակ և մտածող անհատ:
Ալմաստ Մուրադյան