Ոսկեծիրանյան շունչը կրկին Երևանում
Հուլիսի 12-19-ը ոսկեծիրանյան շունչը կրկին Երևանում կլինի. «Ոսկե Ծիրան»-ի 23-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ, ռեժիսորներ` բացառիկ հարթակ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման համար։
Փառատոնի ներկայացուցիչները հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրին՝ «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն հուլիսի 12-ին, փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, քանի որ հուլիսի 12-ին Հայաստանում նշվում է Վարդավառի տոնը։

Փառատոնին կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններից։
«Երբ մեկնարկում էինք փառատոնը, շատերը հարցնում էին, թե ինչի համար է այն, նշում էին, որ կինո չունենք։ Մենք պատասխանում էինք, որ փառատոն ենք իրականացնում, որպեսզի կինո ունենանք։ Այսօր կինոն բավականին լուրջ աճ ունի»- հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ կարևորեց՝ Հայաստանը 2027-ին կդառնա Կաննի կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր։
«Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ «Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro կրթարտադրական հարթակի շրջանակում տեղի կունենա փիչինգների առաջին սեսիան, որի արդյունքում ի հայտ կգան այն չորս հայ հեղինակները, որոնք հեղինակելու են այդ ֆիլմերը»,- ասաց նա։

Փառատոնի բացմանը կցուցադրվի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարը։ Փառատոնը հյուրընկալելու է աշխարհահռչակ ռեժիսոր Պավել Պավլիկովսկուն՝ «Օսկար»-ի և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկրին։ Նա երևանյան հանդիսատեսին կներկայացնի Fatherland նոր ֆիլմը։
«Ոսկե ծիրան»-ի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը խորհուրդ տվեց հատուկ ուշադրություն դարձնել ցուցադրվող ֆիլմերին։ Նա առանձնացրեց Քրիստիան Մունջիոյի «Ֆյորդ» քաղաքական դրաման, որը Կաննի ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։
«Փառատոնային օրերին կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն պատվավոր հյուրերն ու ժյուրիի անդամները, որոնց կազմում են Ջեսիկա Հաուսներն Ավստրիայից, Միշել Ֆրանկոն Մեքսիկայից, որը նաև «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի հայկական մրցութային ծրագրի մենթորն է։ Հյուրընկալելու ենք նաև ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանին, որը Երևանում կներկայացնի «Օսկար»-ի արժանացած «Մեղսավորները» ֆիլմը»,- շեշտեց նա։
Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ փառատոնը ստացել է 600 հայտ 90 երկրից, փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 90 ֆիլմ 40 երկրից։
«Ոսկե ծիրան»-ի անցկացմանն աջակցում են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծեց՝ արդեն հինգերորդ տարին է՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնական հովանավորն են։

«Այս տարի նախատեսել ենք 130 մլն դրամ գումար տրամադրել փառատոնի ծրագրերի, միջոցառումների անցկացմանը։ Սա աննախադեպ գումար է և պայմանավորված է փառատոնի միջազգային ասպարեզում ինքնադրսևորման, վարկանիշի բարձրացման հետ»,- ասաց փոխքաղաքապետը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ հիշեցրեց, որ փառատոնի փակումը համընկնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի հետ, ինչը մեծ խնդրի առաջ է կանգնեցնում շատերին, բայց ինքը վստահ է, որ մարդիկ կնախընտրեն կինոտոնը։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանի կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում։ Փառատոնը աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված 50 փառատոններից մեկն է։
Մերի Խաչատրյան