Հիշելու հեքիաթներ. ճանապարհ դեպի հայ մեծերի մանկություն

Չկան ավելի լավ հեքիաթներ, քան նրանք, որոնք ստեղծում է հենց կյանքը

Հանս Քրիստեան Անդերսեն

Հեքիաթի դերն անվիճելի է կրտսեր սերնդի դաստիարակության գործում։ Այն երեխայի աշխարհայացքի, արժեհամակարգի և բարոյական պատկերացումների ձևավորման կարևորագույն միջոցներից է։ Հեքիաթի միջոցով երեխան դառնում է հերոսների արկածների մասնակիցը, տարբերակում բարին ու չարը, սովորում ապրումակցել, կարեկցել, գնահատել և դատել կերպարների արարքները։

Վաղ մանկության տարիներին հեքիաթի աշխարհը երեխային բացահայտում են ծնողները, տատիկ-պապիկները, դաստիարակներն ու ուսուցիչները։ Այդ փուլում երեխան հիմնականում տեղեկատվության պասիվ ընկալողն է, ուստի չափազանց կարևոր է, թե ինչպիսի ստեղծագործություններ են ընտրվում նրա համար։ Ճիշտ ընտրված հեքիաթները կարող են հարստացնել երեխայի ներաշխարհը, ամրապնդել բարոյական արժեքները, ձևավորել վստահություն կյանքի նկատմամբ, իսկ անտեղի կամ ոչ տարիքին համապատասխան պատմությունները երբեմն կարող են վախեր, կասկածներ և անվստահություն սերմանել։

Arpi Maghaqyan 4

Հեքիաթներն ու պատումները ոչ միայն զվարճացնում են, այլև կատարում են կարևոր կրթադաստիարակչական առաքելություն։ Դրանք երեխային ծանոթացնում են կյանքի իրականություններին, օգնում են հաղթահարել դժվարությունները, սովորեցնում են պատասխանատվություն կրել, պայքարել նպատակների համար և հավատալ սեփական ուժերին։ Այդ պատճառով հեքիաթներն ունեն բազմաբնույթ գործառույթներ՝ դաստիարակչական, ուսուցողական, ճանաչողական և նույնիսկ` թերապևտիկ։

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Անգլիական այգում անցկացվող մանկական գրքի փառատոնի շրջանակում տեղի ունեցավ դերասան, ռեժիսոր և հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Հիշելու հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի հինգերորդ գիրքն է։ Մինչ այդ նա ընթերցողին էր ներկայացրել «Երևանյան հեքիաթներ», «Արևի համբուրած Շուշին», «Արտավազդ արքայի հեքիաթը» և «Տիգրան Մեծի հեքիաթը» գրքերը։

Arpi Maghaqyan 5

Ինչպես յուրաքանչյուր հանդիպման դեպքում, այս անգամ ևս Արփի Մաղաքյանի ներկայությունը դարձել էր իսկական տոն երեխաների համար։ Բացօթյա բեմում նրա հայտնվելը սպասված և ոգևորիչ իրադարձություն էր փոքրիկ ընթերցողների համար։ Հեղինակը միշտ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում նման հանդիպումներին՝ ներկայանալով գեղեցիկ, իր ստեղծագործություններին համահունչ հեքիաթային կերպար հիշեցնող զգեստով, որը երեխաների երևակայությանը տալիս է լրացուցիչ թևեր։

Արփի Մաղաքյանը ոչ միայն ներկայացնում է իր գրքերը, այլև ստեղծում է կենդանի շփում երեխաների հետ՝ կազմակերպելով խաղեր, հարցուպատասխանի հետաքրքիր փուլեր, գրքից վերցված դրվագների շուրջ քննարկումներ և ինտերակտիվ զրույցներ։ Այդ հանդիպումները վերածվում են փոքրիկ գրական տոնի, որտեղ երեխաները ոչ թե պարզապես լսողներ են, այլ ակտիվ մասնակիցներ, ովքեր մտնում են հեքիաթի աշխարհ, մտածում, հարցեր տալիս և բացահայտում պատմությունների խորքը։

Այս կենդանի շփումը ևս մեկ անգամ ընդգծում է Արփի Մաղաքյանի մոտեցումը մանկական գրականությանը՝ որպես ոչ միայն ընթերցանության նյութ, այլև հաղորդակցության, խաղի և ուսուցման համադրություն, որը երեխաների համար գրականությունը դարձնում է հետաքրքիր, մոտ և սիրելի։

Arpi Maghaqyan 6

«Հիշելու հեքիաթներ»-ը ութ հեքիաթ-պատումների ժողովածու է, որը պատմում է հայ ժողովրդի նշանավոր զավակների կյանքի մասին։ Գրքում տեղ գտած իրապատումները ներկայացնում են այն մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ անջնջելի հետք են թողել մեր պատմության և մշակույթի մեջ՝ աշխարհը դարձնելով մի փոքր ավելի լուսավոր։ Յուրաքանչյուր պատմություն հետևում է հերոսի կենսուղուն՝ մանկությունից մինչև հասունություն, ցույց տալով, թե ինչպես է ձևավորվում սեփական առաքելության գիտակցումը։

Ժողովածուում տեղ գտած հեքիաթների հերոսներ են   իշխանուհիներ Խոսրովիդուխտն ու Սահականդուխտը, ճարտարապետներ Տրդատն ու Մոմիկը, Գարեգին Սրվանձտյանը, Խրիմյան Հայրիկը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Լուսիկ Ագուլեցին և այլ նշանավոր հայեր։

Ինչպես Արփի Մաղաքյանի նախորդ հեքիաթները, այնպես էլ այս գիրքն առանձնանում է իր վառ պատկերավորությամբ, հարուստ տեսարանայնությամբ, ինչպես նաև կինեմատոգրաֆիկ մտածողությամբ։ Յուրաքանչյուր պատմություն լի է կենդանի պատկերներով, արտահայտիչ կերպարներով և դրամատիկական զարգացումներով, որոնք ընթերցողի երևակայության մեջ վերածվում են ամբողջական տեսարանների։ Հատկանշական է նաև, որ գրքի խմբագիրը սցենարիստ Լևոն Գալստյանն է, և կարելի է ենթադրել, որ նրա մասնագիտական հայացքը ևս նպաստել է պատմությունների տեսարանային ամբողջականության և դրամատուրգիական հստակության առավել ընդգծմանը։ Այդ ամենի շնորհիվ գիրքը կարող է դառնալ հիանալի հիմք անիմացիոն ֆիլմի կամ մանկական բեմադրության համար, եթե հայտնվի տաղանդավոր ռեժիսորի ձեռքում, որը կկարողանա գրքի գեղարվեստական աշխարհը նույն արտահայտչականությամբ փոխանցել բեմին կամ էկրանին։

Arpi Maghaqyan 11

«Հիշելու հեքիաթներ»-ը տարբերվում է դասական հեքիաթներից։ Այստեղ չկան կախարդական ուժեր, վիշապներ կամ հրաշագործ հերոսներ։ Փոխարենը կան իրական մարդիկ՝ մեր մշակույթի և պատմության մեծագույն դեմքերը, որոնց մանկությունն ու կյանքի ճանապարհը ներկայացվում են հեքիաթային լեզվով։ Այդ յուրահատուկ շարադրանքն է ստեղծում գրքի հմայքը։

Ժողովածուի առաջին իսկ հեքիաթը ընթերցողներին կտեղափոխի մեր թվարկության ութերորդ դար, երբ Հայաստանի առջև ծառացած էր արաբական ամիրայությունների ազդեցությունից ազատագրվելու և ազգային ինքնությունը վերականգնելու կարևորագույն խնդիրը։ Այն ընթերցողներին կծանոթացնի, կարծում ենք, շատերի համար ոչ այնքան հայտնի, սակայն ուշագրավ մի պատմության և երկու պատմական կերպարների՝ իշխանուհիներ Խոսրովիդուխտի ու Սահականդուխտի հետ։ Նրանք իշխանների դուստրեր էին և, ըստ ժամանակի ավանդույթի, կոչվում էին իրենց հայրերի անուններով. Խոսրովիդուխտ նշանակում է «Խոսրովի դուստր», իսկ Սահականդուխտ՝ «Սահակի դուստր»։ Հանգամանքների բերումով ընկերացած աղջիկները վճռում են գրաճանաչ դառնալ և իրենց գիտելիքներով ծառայել հայրենիքին՝ հետագայում դառնալով շարականագիր ուսուցիչուհիներ։ Այս հեքիաթը փոքրիկ ընթերցողների համար կբացահայտի մեր պատմության մեջ ոչ այնքան հայտնի, բայց արժեքավոր երկու կին կերպարների կյանքն ու առաքելությունը՝ ոգեշնչելով նրանց ճանաչել հայրենիքի նվիրյալներին, արժևորել կրթության ուժը և դաստիարակվել հայրենասիրության, պատասխանատվության ու ազգային արժեքների ոգով։

«Ութ հարյուր տարի առաջ, երբ քամին դեռ իր գույնն ուներ, և գետերով դեռ ծաղիկներ էին հոսում, Հայոց Վայոց Ձոր գավառում ապրող մի ծերուկ գետի ալիքների մեջ մի զամբյուղ նկատեց...»։ Այսպես է սկսվում Մոմիկ ճարտարապետի մասին պատմությունը։ Գետի ալիքների մեջ հայտնաբերված լքված նորածինը, մեծանալով հոգատար ծերունու խնամքի ներքո, վերածվում է իր ժամանակի ամենատաղանդավոր վարպետներից մեկի։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են սերը, հավատն ու նվիրումը բացահայտում մարդու ներուժը։

Arpi Maghaqyan 13

Գրքում ընթերցողը նոր տեսանկյունից է ճանաչում նաև Հովհաննես Թումանյանին, Ղազարոս Աղայանին, Կոմիտասին, Գարեգին Սրվանձտյանին և Լուսիկ Ագուլեցուն։ Հեղինակը նրանց ներկայացնում է ոչ թե որպես պատմության դասագրքերից հայտնի մեծություններ, այլ որպես սովորական երեխաներ, որոնք ունեցել են երազանքներ, սխալներ, դժվարություններ, չարաճճիություններ և մեծ նպատակներ։

Հատկապես տպավորիչ է Կոմիտասի մանկության պատմությունը, որտեղ փոքրիկ Սողոմոնը, չիմանալով հայերեն, երազում է ուսանել Էջմիածնում։ Նրա միակ ուղեկիցը հայերեն տառերով թռչնագիր այբուբենն էր՝ ասեղնագործված մետաքսյա թաշկինակի վրա։ Այդ փոքրիկ երազանքն ի վերջո դառնում է նրա մեծ կյանքի սկիզբը։

Նույնքան հետաքրքիր է Գարեգին Սրվանձտյանի կերպարը։ Հեղինակը նրան ներկայացնում է ոչ միայն որպես հոգևորական, ազգագրագետ և հասարակական գործիչ, այլև որպես հետաքրքրասեր, աշխույժ ու չարաճճի երեխա, որի անհագ ձգտումը դեպի գիտելիքը հետագայում դառնում է նրա ամբողջ գործունեության հիմքը։

Arpi Maghaqyan 12

Լուսիկ Ագուլեցու մասին պատմությունը ևս ընդգծում է երազանքին հավատալու ուժը։ Փոքրիկ աղջիկը, հետևելով իր ներքին ձայնին, գտնում է սեփական ճանապարհը՝ ապացուցելով, որ երբեմն մարդու կյանքի ամենակարևոր որոշումները ծնվում են ոչ միայն բանականությունից, այլև սրտի հուշումներից։

Գրքի գլխավոր գաղափարը սեփական առաքելության գիտակցումն է և նպատակին հավատարիմ մնալը։ Հեղինակը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ մեծ մարդիկ նույնպես սովորական երեխաներ են եղել։ Նրանց հաջողությունների հիմքում բացառիկ տաղանդից ոչ պակաս կարևոր են եղել աշխատասիրությունը, համառությունը, երազելու կարողությունն ու երբեք չհանձնվելու կամքը։

Արփի Մաղաքյանի, նկարիչ Արփինե Բարոյանի, խմբագիր Լևոն Գալստյանի և ձևավորող Արտակ Հարությունյանի համատեղ աշխատանքի շնորհիվ «Հիշելու հեքիաթներ» գիրքը ձեռք է բերել բարձր գեղարվեստական արժեք։ Այն կարող է դառնալ արժեքավոր նվեր ինչպես գիտակից ծնողների, այնպես էլ դեռահասների և փոքրիկ ընթերցողների համար՝ օգնելով նրանց ճանաչել հայ մեծերին ոչ թե որպես հեռավոր պատմական կերպարների, այլ որպես կենդանի, ոգեշնչող մարդկանց, որոնց կյանքի պատմությունները լավագույն հեքիաթներն են, քանի որ դրանք ստեղծել է հենց կյանքը։

Arpi Maghaqyan 7

Առանձնահատուկ արժեք է ներկայացնում նաև այն հանգամանքը, որ «Հիշելու հեքիաթներ» գիրքը պարզապես հերթական հրատարակությունը չէ, այլ հեղինակի սրտանց նվերը իր ընթերցողներին՝ հատկապես փոքրիկ ընթերցողների իրենց տոնի արթիվ։ Արփի Մաղաքյանը մշտապես սերտ կապ է պահպանում իր փոքրիկ և մեծ ընթերցողների հետ, լսում նրանց արձագանքները, հանդիպում նրանց գրքերի շնորհանդեսների և գրական միջոցառումների ընթացքում։ Հենց այդ անմիջական շփումն էլ զգացվում է գրքի յուրաքանչյուր էջում․ այն գրված է ջերմությամբ, հոգատարությամբ և անկեղծ սիրով։

«Հիշելու հեքիաթներ» գիրքն առանձնանում է նաև իր ճանաչողական արժեքով։ Այն ոչ միայն պատմում է հայ մեծերի կյանքի մասին, այլև ընթերցողին ծանոթացնում է պատմական Հայաստանի բազմաթիվ քաղաքների, գավառների և բնակավայրերի հետ, որտեղ ծնվել, ապրել կամ ստեղծագործել են նրանք։ Այսպիսով, երեխան, ընթերցելով հեքիաթները, աննկատ կերպով ճանաչում է իր պատմական հայրենիքի աշխարհագրությունը, մշակութային ժառանգությունն ու պատմական միջավայրը։ Գիրքը սերմանում է հայրենասիրություն, ազգային ինքնության զգացում և հարգանք սեփական ժողովրդի պատմության ու մշակույթի հանդեպ՝ հիշեցնելով, որ հայրենիքը միայն տարածք չէ, այլ նաև այն մարդկանց թողած հոգևոր ու մշակութային ժառանգությունը, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

Հատկանշական է նաև, որ գրքում ներկայացված պատմություններից ոչ մեկը հեղինակի երևակայության արդյունքը չէ։ Յուրաքանչյուր պատում հիմնված է երկարատև ուսումնասիրության, պատմական աղբյուրների, կենսագրական փաստերի և վավերագրական նյութերի մանրակրկիտ հետազոտության վրա։ Արփի Մաղաքյանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել յուրաքանչյուր հերոսի կյանքի պատմությանը՝ երկար ժամանակ ուսումնասիրելով և համադրելով տարբեր աղբյուրներ, ապա դրանք ներկայացնելով երեխաներին հասանելի, հեքիաթային շնչով, սակայն պատմական ճշգրտությունը լիովին պահպանող լեզվով։ Այդ հետևողական ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ իրական պատմությունները վերածվել են ոչ միայն գրական պատումների, այլև հոգևոր և դաստիարակչական արժեք կրող ստեղծագործությունների։ Այս աշխատելաոճը բնորոշ է Արփի Մաղաքյանի նախորդ գրքերին ևս և դարձել է նրա ստեղծագործական ձեռագրի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Հեղինակի կատարած ծավալուն հետազոտական աշխատանքի մասին վկայում է նաև գրքի վերջում ներկայացված գրականության և օգտագործված աղբյուրների ցանկը, որը հնարավորություն է տալիս ընթերցողին տեսնել, թե ինչ հարուստ փաստագրական հիմքի վրա են կառուցվել գրքում ընդգրկված հեքիաթ-պատմությունները։

Arpi Maghaqyan 14

Գրքի ավարտին հեղինակը ներկայացնում է նաև «Հիշելու հեքիաթների» ստեղծման պատմությունն ու ոգեշնչման աղբյուրները։ Այդ հատվածը յուրահատուկ երկխոսություն է ընթերցողի հետ, որտեղ Արփի Մաղաքյանը կիսվում է իր մտահղացմամբ, ստեղծագործական ճանապարհով և այն գաղափարով, որն առաջնորդել է իրեն այս գիրքը ստեղծելիս։ Այն օգնում է ավելի լավ հասկանալ գրքի ծնունդը և հեղինակի վերաբերմունքը իր ընտրած թեմաների նկատմամբ։

«Հիշելու հեքիաթներ»-ը հերթական մանկական գիրքը չէ։ Այն կամուրջ է սերունդների միջև, ազգային հիշողության պահպանման յուրօրինակ միջոց և արժեքների փոխանցման գեղեցիկ օրինակ։ Արփի Մաղաքյանին հաջողվել է պատմական փաստերը ներկայացնել այնպիսի լեզվով, որը միաժամանակ հուզում, կրթում և ոգեշնչում է ընթերցողին։ Նրա ստեղծագործություններում զգացվում է ոչ միայն գրողի վարպետությունը, այլև մանկավարժի, ծնողի, արվեստագետի և իր ժողովրդի մշակույթը սիրող մարդու հոգատար վերաբերմունքը՝ ինչը այնքան կարևոր է մեր օրերում։

Arpi Maghaqyan 10

Արփի Մաղաքյանը նաև երկու հրաշալի երեխաների մայր է։ Թեև նրա զավակներն արդեն չափահաս են, մայր լինելու փորձը շարունակում է կարևոր դեր ունենալ նրա ստեղծագործական աշխարհում։ Կարելի է ասել, որ հենց այդ փորձառությունն է, ինչ-որ չափով, օգնում նրան ավելի խորությամբ հասկանալ երեխաների հոգեբանությունը, զգալ նրանց հետաքրքրությունները, պահանջներն ու ներաշխարհի նրբությունները։ Այդ պատճառով էլ նրա ստեղծագործությունները այնքան բնական, ջերմ և հասկանալի են երեխաների համար՝ կարծես ծնված լինեն հենց իրենց մտածողությունից։

Այս գրքով հեղինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մանկական գրականությունը կարող է լինել և՛ գեղարվեստական, և՛ ճանաչողական, և՛ խորապես արժեքաստեղծ։ Նրա աշխատանքը արժանի է բարձր գնահատանքի, քանի որ այն նպաստում է նոր սերնդի ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային գիտակցության ձևավորմանը։ Մնում է միայն մաղթել, որ հեղինակի ստեղծագործական ճանապարհը շարունակի հարստանալ նոր գրքերով, իսկ նրա հեքիաթները դեռ երկար շարունակեն ուղեկցել երեխաներին դեպի բարություն, գիտելիք և սեփական երազանքներին հավատալու ուժ։

Հայրապետ Հակոբյան

Լուսանկարները՝ Վիկտորիա Ներսիսյանի

131
Հուլիս 13, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: