«Ինձ համար 3 կարևոր բան կա՝ տեքստ, մարմին և ապրում». Սիմոն Աբգարյան

«Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 16-ին և 18-ին տեղի կունենա Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» երկմասանոց ֆիլմի երևանյան պրեմիերան: Գլխավորում դերում հանդես է գալիս ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը՝ մարմնավորելով Ֆրանսիայի ազգային հերոս Շառլ դը Գոլի կերպարը: Ցուցադրությանն ընդառաջ՝ կինոլորտի մարդիկ ու արվեստասերները հնարավորություն ունեցան հանդիպելու և հարցեր ուղղելու նրան:

«Ժամանակին Սիմոն Աբգարյանը կերտեց Միսաք Մանուշյանին: Եվ, հանկարծ, ֆրանսիական ամենամեծ կինոարտադրող ընկերությունը՝ «Պատե»-ն  ձեռնարկեց նկարահնել պատմական բլոկբաստեր Շառլ Դը Գոլի մասին և այն դերասանը, որը տասնյակ տարիներ առաջ «Միսաք Մանուշյան» կոնտեքստում էր, այս տարի Կաննի կինոփառատոնում էր արդեն որպես Շառլ Դը Գոլ»,- հանդիպման ընթացքում նշեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Simon Abgaryan 2

Ծագումով հայ, Ֆրանսիայում  ծնված, Լիբանանում ապրած դերասան Սիմոն Աբգարյանը մինչ օրս հայ հանդիսատեսին առավել հայտնի էր «Կազինո Ռոյալ», Ատոմ Էգոյանի «Արարատ», ինչպես նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Ոճրագործների բանակը» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր բանաստեղծ և Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանին:

«Դը Գոլի մարտը» երկմասանոց ֆիլմը վավերագրում է գեներալի և ապագա նախագահի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների փորձառությունը, երբ նա ղեկավարեց և դարձավ նացիստների դեմ ֆրանսիացիների դիմադրության խորհրդանիշը:

Simon Abgaryan 3

Խոսելով  Դը Գոլի կերպարը մարմնավորելու, դրա հետազոտական փուլի ու սեփական հեղինակային երանգն ավելացնելու մասին նա ասաց, որ երեք շաբաթ, օրական 8 ժամ ուսումնասիրել է Ֆիլմեր, արխիվներ, հարցազրույցներ, թե ոնց է խոսում Դը Գոլը: Դրանից հետո փակել է համակարգիչն ու որոշել իր արվեստը ներդնել՝ երևակայել: Վերցրել է եղած նյութն ու «սեփականացրել», որպեսզի մարմին, ձայն տա: Ըստ նրա՝ այսպիսի դեպքերում 2 տարբերակ կա, կա՛մ պիտի ամբողջությամբ նմանվել կերպարին, ինչն իր համար անհետաքրքիր է, կա՛մ պիտի ոչինչ չանել, իսկ այդ դեպքում «ոչնչից ոչինչ դուրս կգա», ուստի փորձել է այդ երկուսի մեջտեղում լուծում գտնել:

«42 տարի է`ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչ է դերասանական արվեստը, ինչ է պատասխանատվությունը, որ ես վերցնում եմ ներկայացնելու անձանց, տագնապներ, պայքարներ և այլն»,- ասաց նա:

Խոսելով դերասանական ընկալման, դերասանական աշխատանքի, այս կամ այն դպրոցին հարել- չհարելու մասին, նա ասաց, որ իր համար 3 կարևոր բան կա՝ տեքստ, մարմին և ապրում: Կարևորում է դերասանի մտքերի, զգացումների, ձայնի հստակությունը:

 Սիմոն Աբգարյանին ուղղված հարցերից մեկն այն էր, թե երբ ընկալվեց որպես ֆրանսիացի մտավորական:  «Դա սկսվեց «Հրեշը լուսնի վրա» պիեսից: Դերասանի կյանքում տասը տարին մի անգամ է լինում, որ ամեն ինչ միախառնվի ու դառնա ուժեղ գործ: Սա այդ գործերից էր»,- պատասխանեց նա:

Simon Abgaryan 4

Իսկ թե ինչն է մատնում իր հայ լինելու ինքնությունը, ասում է. «Հայ լինելս մատնում է այն, որ ողբերգությունը լավ եմ հասկանում, բայց լավ գրված ողբերգությունը՝ հունական և այլն: «Դը Գոլի մարտը» ֆիլմը ևս այդպիսին է: Որտեղ տեսնեմ կռիվ, բաժանում, մահ, պայքար՝ըմբռնում եմ: Կնախընտրեի այդպես չլիներ, բայց…»

«Մոլիեր» մրցանակակիր Սիմոն Աբգարյանը հավատացած է, որ մենք ունենք տաղանդավոր սերունդ ու արվեստագետներ, ովքեր ունակ են հեռուն տեսնելու: Պիտի այդ սերնդին չանտեսել, օգնել գտնել «երևակայական տարածք» ու այդ կետից սկսել աշխարհին պատմել սեփական պատմությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն ասում է՝ եթե ուրիշ կերպար մարմնավորելու առիթ լինի, կուզի, որ դա լինի հանգստության, ինքնաճանաչման թեմայով, օրինակ՝«Ջալալ ադ Դին Ռումի կամ Պլատոն»:

«Կարևոր է իմ համար, որ մարդիկ հանգիստ իրար հետ զրուցեն, առանց իրար սպանելու: Այդ մարդիկ զրուցում էին, հակասում իրար, բայց հիմքը սերն էր: Ե՛վ  ես դրա պակասը, կարիքը ունեմ, և՛ մենք: Սերը…»

Մարջան Չոբանյան

165
Հուլիս 17, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: