Մարկ Քազընս․ «Կինոն, որը բռնեց իմ ձեռքը և դարձավ կյանքի ուղեկից»
Երևանում է համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերից մեկը՝ իռլանդա-շոտլանդացի կինոռեժիսոր, գրող և կինոյի պատմաբան Մարկ Քազընսը։ Նա այս օրերին Հայաստանում է՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում, որտեղ հանդիպում է հանդիսատեսի, կինոգործիչների և լրագրողների հետ։
Մարկ Քազընսի ներկայությունը փառատոնում առանձնահատուկ նշանակություն ունի․ նրա ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել միայն կինոռեժիսորի աշխատանքի սահմաններից։ Նա կինոյի մասին մտածող հեղինակ է, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է ոչ միայն ֆիլմերի պատմությունը, այլև այն, թե ինչպես է մարդը նայում աշխարհին, ինչպես են պատկերները ձևավորում հիշողություն, և ինչպես է կինոն դառնում մարդկային փորձառության լեզու։
Սակայն Քազընսի՝ կինոյին հասնելու ճանապարհը սկսվել է շատ ավելի վաղ՝ դեռ մանկության տարիներին, երբ կինոն նրա համար դարձավ ոչ միայն արվեստ, այլ նաև ինքնաճանաչման, ազատության և ներաշխարհի բացահայտման տարածք։
Մարկ Քազընսը ժամանակակից կինոյի այն հեղինակներից է, որի ստեղծագործությունը միավորում է վավերագրությունը, կինոյի պատմագրությունը և տեսողական մտածողության ուսումնասիրությունը։
Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Կինոյի պատմությունը. Ոդիսական» (The Story of Film: An Odyssey) տասնչորսժամյա վավերագրական շարքը, որը դարձավ համաշխարհային կինոյի զարգացման լայնածավալ ուսումնասիրություն։
Այս նախագիծը կինոյի պատմությունը ներկայացնում է ոչ միայն որպես ռեժիսորների և ֆիլմերի ժամանակագրություն, այլ որպես մարդկային երևակայության, մշակույթի և մտածողության փոփոխության պատմություն։ Ֆիլմերից են նաև «Ի՞նչ ֆիլմ է սա կոչվում՝ Սեր» (What Is This Film Called Love?), «Կյանքը կարող է լինել» (Life May Be), «Երեխաների և կինոյի պատմությունը» (A Story of Children and Film), «Atomic», «Ստոկհոլմ, իմ սերը» (Stockholm My Love), «Ես Բելֆաստն եմ» (I Am Belfast) և «Օրսոն Ուելսի աչքերը» (The Eyes of Orson Welles)։
Քազընսի ֆիլմերը ներկայացվել են Կաննի, Բեռլինի, Սանդենսի և Վենետիկի միջազգային կինոփառատոներում։ Նրա ստեղծագործությունները արժանացել են միջազգային հեղինակավոր մրցանակների՝ այդ թվում Prix Italia-ի, Peabody մրցանակի, Սթենլի Կուբրիկի մրցանակի և Եվրոպական կինոմրցանակի՝ նորարարական պատմողականության համար: Նա նկարահանումներ է իրականացրել աշխարհի տարբեր վայրերում՝ Իրաքում, պաշարված Սարաևոյում, Իրանում, Մեքսիկայում, Ասիայի տարբեր երկրներում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Նրա համար ճանապարհորդությունը միայն տարածության փոփոխություն չէ․ այն մարդկանց, քաղաքների, պատմությունների և հիշողությունների ուսումնասիրություն է։
Քազընսի կինեմատոգրաֆիական հետաքրքրությունների կենտրոնում մշտապես եղել են հայացքը, քաղաքները, մանկությունը, կինոն և վերականգնման թեման։ Նա նաև կինոյի մասին գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Իրականության պատկերացում. Ֆաբերի վավերագրական կինոյի գիրքը» (Imagining Reality: The Faber Book of Documentary) և «Հայացքի պատմությունը» (The Story of Looking)։
Բայց այս ամբողջ ստեղծագործական ճանապարհի հիմքում կա մի պարզ, բայց խոր զգացողություն՝ առաջին հանդիպումը կինոյի հետ։ Երևանում հանդիպման ժամանակ Մարկ Քազընսը հիշեց այն պահը, երբ կինոն առաջին անգամ դարձավ իր կյանքի մասը։
«Երբ ես դեռ մանուկ էի, կինոն բռնեց իմ ձեռքը և կյանքի ընկերը դարձավ։ Կինոն գալիս է ու ասում՝ ես սիրում եմ քեզ։ Ես վախենում էի բառերից, նյարդային էի, ամոթխած, բայց երբ գնացի կինոթատրոն, ես ինձ ապահով զգացի, ինձ վիթխարի զգացի։ 8 տարեկանից եմ սկսել կինոթատրոն այցելել։ 1970-ականների ֆիլմերին արձագանքում էր իմ ողջ նյարդային համակարգը, ես լրացնում էի այն քաղցը, որն ունեի։
Մեծ ճանապարհ էր նաև հեռուստատեսությունը, հիշում եմ Հիչքոքի հրաշալի ֆիլմերը։ Հետո ես սկսեցի բացահայտել ռեժիսորի ձայները։ 8 տարեկան էի և դիտեցի «8½» ֆիլմը։ Հենց դա էր կախարդանքը, դա էր հենց իմ ծնունդը։ Ավելի մեծ տարիքում հասկանում ես, որ հնարավոր է, որ դու ավելի տխուր ես դառնում, բայց դու ավելի լավն ես դառնում»,- ասում է Մարկ Քազընսը։
Քազընսի այս հիշողությունը բացահայտում է նրա ամբողջ կինեմատոգրաֆիական մտածողության հիմքը։ Նրա համար կինոն երբեք միայն պատմություն պատմելու միջոց չի եղել։ Այն եղել է զգացողություն, բացահայտում և աշխարհի հետ հաղորդակցվելու ձև։

Պատկերը, որը խոսում է նաև լռությամբ
Մարկ Քազընսի ֆիլմերում առանձնահատուկ տեղ ունի պատկերը։ Նա հետաքրքրված է ոչ միայն նրանով, ինչ տեսանելի է էկրանին, այլև այն իմաստներով, որոնք ծնվում են կադրի սահմաններից դուրս։ Քազընսի կինեմատոգրաֆիական մտածողության մեջ պատկերը երբեք պարզապես տեսողական տեղեկատվություն չէ։ Այն հիշողություն է, զգացողություն և երբեմն՝ հարց, որը հեղինակը թողնում է հանդիսատեսին։
Խոսելով իր վիզուալ մտածողության մասին՝ նա նշում է․
«Ես զգացի, որ մթության մեջ խարխափում էի, հետո սկսեցի երևակայել, սկսեցի տարվել վիզուալ պատկերմամբ։ Պատկերի փոխկապակցվածությունը շատ կարևոր է։ Այսօր արհեստական բանականությունը լուծումներ է առաջարկում, բայց այն ամփոփում է այն, ինչը ես տարիների ընթացքում կատարել էի։ Արհեստական բանականությունը գիտի այն, ինչը բոլորս գիտենք, բայց մենք կարող ենք անել բաներ, որը նա երբևէ չի կարող անել։ Ինչ է վավերագրությունը․ ահա օրինակ՝ բռնել փախչողը, բռնել բեռնատարը»։
Քազընսի համար ստեղծագործական ուժը հենց այնտեղ է, որտեղ մարդկային փորձը, երևակայությունը և անձնական հայացքը վերածվում են նոր պատկերի։ Նրա կինոն կառուցվում է ոչ միայն տեսածի, այլև զգացածի վրա։
Վավերագրությունը՝ իրականության հետ հանդիպում
Չնայած նրան հաճախ անվանում են վավերագրական կինոյի հեղինակ, Մարկ Քազընսը չի սահմանափակում վավերագրությունը միայն մեկ ժանրով։ Նրա համար իրականության և հորինվածքի սահմանը միշտ բաց է, իսկ կինոյի գլխավոր խնդիրը՝ մարդուն և աշխարհը տեսնելու նոր ձև գտնելը։
«Վավերագրական կինոարտադրությունը ժանր չէ։ Բոլոր ֆիլմերն էլ ինչ-որ չափով վավերագրական են։ Ահա օրինակ՝ նույնիսկ այն ֆիլմերը, որտեղ Մերիլին Մոնրոն է խաղում, սա էլ է վավերագրական։ Գիծը հստակ չէ տարանջատելու։
Կարող ենք վավերագրական կինոյին մոտենալ նոր գիտակցությամբ։ Վավերագրությունը միշտ ասում է՝ նայիր, տես, սա այստեղ է, աչքիդ առաջ, այնպիսին է, ինչպիսին կա։ Չկա ավելի լավ բան, քան կյանքը՝ ինչպես կա»։
Իրականության հանդեպ այս վերաբերմունքը նրա ստեղծագործության գլխավոր առանցքներից մեկն է։ Քազընսի համար իրական աշխարհը միշտ մնում է ամենամեծ պատմությունը։ Նրա ֆիլմերում իրականությունը չի ներկայացվում որպես պատրաստ պատասխան, այլ որպես բացահայտման գործընթաց։ Տեսախցիկը նրա համար միջոց է ոչ միայն գրանցելու, այլ նաև հասկանալու։
Այն, ինչ չի երևում կադրում
Մարկ Քազընսի կինոյում կարևոր է ոչ միայն այն, ինչ հանդիսատեսը տեսնում է, այլև այն, ինչը մնում է կադրից դուրս։ Նրա ֆիլմերում լռությունը, բացակայությունը և չասված պատմությունները հաճախ նույնքան կարևոր են, որքան պատկերը։
Խոսելով պատկերի ուժի մասին՝ նա նշում է.
«Այո, նաև լինում է հակառակը, երբ պատկերը ուզում եմ թաքցնել։ Օրինակ՝ մի ֆիլմում ուզում եմ ասել այն, ինչը չկա ֆիլմում, ուզում եմ, որ նայեք պատկերին ու բռնեք այն»։
Այս մոտեցումը բնորոշ է Քազընսի ամբողջ ստեղծագործությանը։ Նա վստահում է հանդիսատեսին և նրան թողնում է բացահայտման հնարավորություն՝ չպարտադրելով միայն մեկ մեկնաբանություն։ Նրա կինոն հաճախ կառուցվում է հարցերի շուրջ, ոչ թե վերջնական պատասխանների։ Դիտողը դառնում է ոչ միայն ֆիլմ դիտող, այլ նաև պատմության մասնակից։

Գեղարվեստական կինո՞, թե՞ իրականություն
Չնայած Մարկ Քազընսը համաշխարհային ճանաչում է ստացել որպես վավերագրական կինոյի հեղինակ, նա չի հրաժարվում նաև գեղարվեստական կինոյի հնարավորություններից։
Նրա համար ժանրային սահմանները երկրորդական են, իսկ ամենակարևոր հարցը մնում է՝ ինչպիսի հարաբերություն է ստեղծվում կինոյի և իրականության միջև։
Հարցին՝ արդյոք իրեն տեսնո՞ւմ է գեղարվեստական կինոյում, նա պատասխանում է՝
«Այո, ես ունեմ մաքսիմալ գեղարվեստական ֆիլմ, բայց դա մոխրագույն աշխարհ է։ Կարծես Հիչքոքը գար ու ասեր՝ այդ ինչ ես արել։ Ինձ հետաքրքրում է մաքուրը, իրականը, վավերագրությունը։ Մենք միշտ երկու իրականության մեջ ենք ապրում և ես ընտրում եմ իրականությունը»:
Քազընսի այս ընտրությունը պատահական չէ։ Նրա ամբողջ կինոճանապարհը կառուցված է մարդու և աշխարհի անմիջական հարաբերության վրա։ Նրան հետաքրքրում են իրական դեմքերը, քաղաքների հիշողությունը, ժամանակի հետքերը և այն պահերը, որոնք հաճախ աննկատ են մնում։ Նրա համար լավ կինոյի ուժը սկսվում է այն պահից, երբ մարդը մտնում է կինոթատրոն՝ սպասումով, հուզմունքով և փոքր-ինչ վախով։
«Ինձ թվում է, որ կինոթատրոն գնալիս ես հուզված եմ և վախեցած։ Սա է, որ անում է լավ կինոն»։
Այդ զգացողությունը՝ անորոշության և բացահայտման միաժամանակյա ապրումը, Քազընսի համար կինոյի ամենակարևոր հատկություններից մեկն է։

Բելֆաստից դեպի աշխարհ
Մարկ Քազընսի ստեղծագործական աշխարհի կարևոր աղբյուրներից մեկը նրա ծննդավայր Բելֆաստն է։ Քաղաքը, որի պատմությունը կապված է հակամարտությունների, բաժանումների և բարդ հիշողությունների հետ, մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխարհընկալման և կինեմատոգրաֆիական լեզվի ձևավորման վրա։ Բելֆաստը նրա համար միայն կենսագրական փաստ չէ։ Այն հիշողության տարածք է, որտեղ ձևավորվել են նրա դիտողականությունը, մարդու ներաշխարհի հանդեպ հետաքրքրությունը և այն զգացողությունը, որ յուրաքանչյուր քաղաք իր մեջ պահում է մարդկանց պատմությունները։
«Ես մեծացել եմ Բելֆաստում, որտեղ ես թաքցնում էի իրական զգացմունքներ»։
Դրանից են բխում Քազընսի կինոյի բազմաթիվ թեմաներ՝ մարդու ներաշխարհը, լռությունը, չարտահայտված ապրումները և այն պատմությունները, որոնք հաճախ մնում են տեսանելի աշխարհի ետևում։ Բելֆաստի փորձառությունը հետագայում դարձավ ոչ միայն անձնական հիշողություն, այլ նաև ստեղծագործական լեզու։ Նրա ֆիլմերում քաղաքները պարզապես տարածքներ չեն․ դրանք կենդանի հիշողություններ են, որտեղ պահպանվում են մարդկանց ապրած ժամանակները, կորուստները և վերականգնման հնարավորությունները։
Քազընսը շարունակաբար փնտրում է կինոյի նոր արտահայտչաձևեր՝ ուսումնասիրելով հայացքը, քաղաքները, մանկությունը, հիշողությունը և մարդու վերականգնվելու կարողությունը։ Նրա հաջորդ ստեղծագործական նախագիծը լինելու է օպերա։ Մարկ Քազընսի համար կինոն ճանապարհ է դեպի մարդուն հասկանալու։ Ճանապարհ, որը սկսվել է մանկության տարիներին՝ կինոթատրոնի մթության մեջ ապրած առաջին կախարդանքից և շարունակվում է այսօր՝ աշխարհի տարբեր քաղաքներում, տարբեր մարդկանց պատմությունների միջոցով։
Այդտեղ կինոն դառնում է ոչ միայն արվեստի ձև, այլ նաև հիշողության պահպանման, երկխոսության և մարդկային փորձառությունը հասկանալու միջոց։
Երևանում նրա հանդիպումը ևս այդ երկար ճանապարհի մի կանգառն էր՝ մի քաղաքի հետ հանդիպում, որտեղ կինոն շարունակում է ապրել որպես մշակութային երկխոսության, հիշողության և մարդկային պատմությունների լեզու։
Մարկ Քազընսի ստեղծագործական մեթոդի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա ֆիլմերը սկսվում են քարտեզագրությունից։ Նրա համար յուրաքանչյուր գաղափար նախ պետք է գտնի իր տեղը՝ կապվելով այլ մտքերի, պատկերների, հիշողությունների և պատմությունների հետ։
Երևանում հանդիպման ժամանակ Քազընսը հանդիսատեսին ցույց տվեց իր ստեղծագործական քարտեզներից մեկը՝ մեծ չափերի, ծալված հսկայական թերթերի տեսքով: Դրա վրա արված էին բազմաթիվ նշումներ, ուղղություններ և գաղափարների կապեր էին արված։ Այդ տեսարանը կարծես բացահայտում էր նրա կինեմատոգրաֆիական մտածողության ամբողջ մեթոդը։ Մարկ Քազընսի համար ֆիլմը սկսվում է դեռևս նկարահանումներից առաջ՝ գաղափարների որոնման, դասակարգման և փոխկապակցման փուլում։ Քարտեզը նրա համար պարզապես պլան չէ, այլ ապագա ֆիլմի մտածողության տարածքը։ Նրա ստեղծագործության մեջ քարտեզագրությունը դառնում է աշխարհը հասկանալու միջոց։ Նախ նա փորձում է տեսնել ամբողջ պատկերը, գտնել անտեսանելի կապերը, իսկ հետո միայն այդ ճանապարհը վերածում է կինոյի։
Գուցե հենց այդ պատճառով Քազընսի ֆիլմերը հաճախ նման են ճանապարհորդությունների՝ ժամանակի, հիշողության, քաղաքների և մարդկային պատմությունների միջով։ Նրա յուրաքանչյուր ֆիլմի հիմքում նախ գոյություն ունի մի քարտեզ՝ գաղափարների մեծ տարածք, որը հետո վերածվում է կինոյի կենդանի պատկերի։ Իսկ ինքը ևս սիրում է ճամփորդել, ուսումնասիրում է եգիպտական բուրգեր, գյուղեր Իրանում, արտեֆակտներ Իռլանդիայում:
Ալմաստ Մուրադյան