Պավել Պավլիկովսկին՝ Երևանի «Ոսկե ծիրան»-ում

Կինոյում կան հեղինակներ, որոնք պատմություններ չեն պատմում, այլ ստեղծում են աշխարհներ։ Այնպիսի աշխարհներ, որտեղ լռությունը երբեմն ավելի խոսուն է, քան երկխոսությունը, իսկ մեկ կադրը կարող է պատմել մի ամբողջ դարաշրջանի մասին։ Այդ հեղինակներից է լեհ անվանի ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Պավել Պավլիկովսկին, որը Երևանում է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Մի քանի ամիս առաջ Կաննի կինոփառատոնում «Հայրենիք» ֆիլմը Պավլիկովսկուն բերեց «Լավագույն ռեժիսոր» մրցանակը։ Սակայն Երևանում նա խոսում էր ոչ թե մրցանակների, այլ այն մասին, թե ինչու է իր կինոն անընդհատ վերադառնում հիշողությանը, անցյալին և մարդուն։

Pavel Pavlikovski 2

Ֆիլմերը, որոնք դարձան եռագրություն.

«Իդա»-ն, «Սառը պատերազմ»-ը և «Հայրենիք»-ը հաճախ դիտարկվում են որպես մեկ ամբողջություն։ Ռեժիսորը ժպիտով ընդունում է այդ դիտարկումը, բայց շտապում է հավելել՝ նման մտադրություն սկզբում չի ունեցել։

«Իրականում այս աշխատանքները չպետք է եռագրություն լինեին, բայց միմյանց հետ որոշակի ներդաշնակություն ունեն... Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ բոլորն էլ ինձ ու իմ կյանքի հետ կապ ունեն»։

Նրա խոսքով՝ այդ ֆիլմերը միավորում են ոչ թե ընդհանուր սյուժեն, այլ հիշողությունը, ժամանակաշրջանը, հերոսների ներքին լռությունը և, իհարկե, սև-սպիտակ պատկերային աշխարհը։ Պավլիկովսկու համար սև-սպիտակը գեղարվեստական հնարք չէ։ Այն հիշողության գույնն է։

Pavel Pavlikovski 3

Ընտանեկան ալբոմներից մինչև կինոժապավեն. Ռեժիսորը պատմում է, որ «Իդա»-ն հենց սկզբից պատկերացնում էր որպես հին լուսանկարների շարունակություն։

«Վերջին տեսարաններն ասես ընտանեկան ալբոմից վերցված լինեին... Երբ փոքր էի, սիրում էի նայել ընտանեկան ալբոմները...»։

Թերևս հենց այստեղ է ծնվում Պավլիկովսկու կինոյի գաղտնիքը։ Նրա ֆիլմերը հիշողություններ չեն վերարտադրում. դրանք հիշողությունների տրամադրությունն են փոխանցում։

Pavel Pavlikovski 4

Այսօր, երբ կինոն անընդհատ արձագանքում է սոցիալական ցանցերին, պատերազմներին ու տեղեկատվական հեղեղին, Պավել Պավլիկովսկին անկեղծորեն խոստովանում է.

«Ես չգիտեմ՝ ինչպես ֆիլմ նկարել այսօրվա իրականության մասին... Ինձ անցյալում եմ ապահով զգում»։ Նա չի փախչում ներկայից։ Պարզապես վստահ է, որ անցյալի պատմությունների մեջ հաճախ ավելի ճշգրիտ են երևում մեր օրերի ճգնաժամերը։ Այդ պատճառով էլ «Հայրենիք»-ը, թեև պատմում է 1949 թվականի Եվրոպայի մասին, իրականում խոսում է 21-րդ դարի մարդու ներքին անորոշության մասին։ Ռեժիսորը համոզված է՝ ժամանակակից աշխարհը մարդկանց ստիպում է անընդհատ կողմ ընտրել։

Pavel Pavlikovski 5

«Մեր օրերում մարդիկ ուզում են, որ անընդհատ ինչ-որ ուղղություն ընտրես... Տեղեկատվական հոսքերն այնքան շատ են... Հիմա աշխարհն անկառավարելի է»։

Նրա համար կինոն հենց այն տարածքն է, որտեղ հնարավոր է ազատվել այդ աղմուկից։

«Ուզում եմ գոնե իմ ֆիլմերում դրանից խուսափել և ցույց տալ իրականությունը, որքան էլ այն պարադոքսալ լինի»։

Լռության ճարտարապետ Պավել Պավլիկովսկու ֆիլմերում գրեթե ոչինչ պատահական չէ։ Յուրաքանչյուր կադր հաշվարկված է, յուրաքանչյուր լռություն՝ մտածված։

«Եթե որևէ բանից կարող եմ հրաժարվել, այդպես էլ անում եմ... Կադրն այնպես եմ համադրում, որ շատ բան պատմի։ Նկարահանումից հետո անվերջ կրճատում եմ ֆիլմը, մինչև մնա միայն այն, առանց որի պատմությունն այլևս գոյություն ունենալ չի կարող»։

Կինոյի նրա բանաձևը պարզ է. որքան քիչ բացատրություն, այնքան մեծ վստահություն հանդիսատեսի հանդեպ։ Դերասանն էլ պետք է ճշմարտացի լինի։ Նույն սկզբունքն է գործում դերասանների ընտրության հարցում։

«Ինձ համար կարևոր է, որ նրանք ոչ թե հայտնի լինեն, այլ ազնիվ»։

Պավլիկովսկին ասում է՝ իրեն չի հետաքրքրում աստղային կարգավիճակը։ Նրան հետաքրքրում է, թե արդյոք դերասանը կարող է մեկ հայացքով պատմել այն, ինչ հնարավոր չէ ասել երկար մենախոսությամբ։ Հանդիպման ամենաանձնական պահն էլ կապված էր «Հայրենիք» ֆիլմի գաղափարի հետ։

Pavel Pavlikovski 6

Պավլիկովսկին հիշեց, որ դեռ 14 տարեկանում լքել է Լեհաստանը, ապրել տարբեր երկրներում և սեփական փորձով հասկացել, թե որքան բարդ է «տուն» բառի իմաստը։

«Հենց լքում ես քո երկիրը, կյանքը դժվար է դառնում, ու չգիտես, թե որն է քո տունը... Իրականում բոլորս էլ անտուն մարդիկ ենք»։

Նա պատմեց նաև, որ Կաննում ռուս հանդիսատեսը մոտեցել է իրեն՝ ասելով, որ ֆիլմը պատմում է նաև իրենց մասին, որովհետև հայրենիքը երբեմն ոչ միայն աշխարհագրություն է, այլև հիշողություն, որը հնարավոր չէ վերադարձնել։ Պավել Պավլիկովսկու երևանյան հանդիպումը պարզապես հանդիպում չէր, այլ զրույց էր հիշողության, ինքնության, արվեստի և մարդու ներքին ազատության մասին։

Նրա կինոն արագ պատասխաններ չի առաջարկում։ Այն հարցեր է տալիս, որոնք շարունակվում են ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ էկրանն արդեն մթնել է։ Եվ թերևս հենց այդ պատճառով է Պավել Պավլիկովսկին շարունակում մնալ ժամանակակից հեղինակային կինոյի ամենաազդեցիկ ձայներից մեկը։

Ալմաստ Մուրադյան

150
Հուլիս 19, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: