23-րդ «Ոսկե ծիրանը» ամփոփեց կինոփառատոնային շաբաթը․ Երևանը՝ համաշխարհային կինոյի հանդիպման վայր
Մեկ շաբաթ շարունակ Երևանն ապրեց կինոյի ռիթմով և այն զգացողությամբ, որ արվեստը կարող է միավորել ժամանակաշրջանը, տարբեր մշակույթներն ու մարդկանց։ 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձավ ոչ միայն ֆիլմերի ցուցադրությունների հարթակ, այլև ստեղծագործական հանդիպումների, մասնագիտական քննարկումների, մշակութային երկխոսության և նոր գաղափարների բացահայտման վայր։
«Be a Poem»-ի շնչով
Այս տարվա փառատոնի գլխավոր կոչը՝ «Be a Poem», ընդգծում էր կինոյի՝ որպես մարդու ներաշխարհը, հիշողությունը, զգացողություններն ու պատմությունները փոխանցող արվեստի ուժը։ Փառատոնի գեղարվեստական ձևավորումը ձևավորվել էր այս գաղափարի շուրջ։ Գրաֆիկ դիզայներ Իգոր Գուրովիչի ստեղծած վիզուալ լուծումները կինոն ներկայացնում էին ոչ միայն որպես պատկեր, այլև որպես ապրում, զգացողություն և երկխոսություն։
Բացում՝ «Արտոյի երկրի» պատմությամբ
Հուլիսի 13-ին հանդիսավորությամբ բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ մեկնարկ տալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկին։ Փառատոնը ներկայացրեց մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից՝ Երևանում համախմբելով կինոյի հեղինակներին, ոլորտի մասնագետներին և կինոսերներին։
Բացման արարողության ընթացքում փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց այս տարվա միջազգային ժյուրիի նախագահ, ավստրիացի անվանի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Այնուհետև փառատոնի երեք հիմնադիրները հանդիսավորությամբ հայտարարեցին 23-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը։
Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի շնորհումը աշխարհահռչակ ֆրանսիացի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։
Բացման երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը ներկայացրեց հատուկ կատարում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի «Նամուս» ֆիլմի 100-ամյակին։ Նրա իմպրովիզացիան դարձավ կինոյի և երաժշտության յուրահատուկ հանդիպում։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց այս տարվա գլխավոր գաղափարը՝ «Be a Poem»։ Նրա խոսքով՝ պոեզիան միայն հանգ ու ռիթմ չէ, այլ մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու։ Այս տարվա ուղերձը հանդիսատեսին հրավիրում էր ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրելու դրա ներսում՝ դառնալու կինոյի պոետիկ տարածության մասնակից։
Փառատոնը բացվեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական ֆիլմով։ Ֆիլմը, որը ներկայացվել էր միջազգային հեղինակավոր հարթակներում, Երևանում ստացավ առանձնահատուկ նշանակություն։ Ռեժիսորը նշեց, որ հայրենիքում՝ «Ոսկե ծիրանում», ֆիլմի ներկայացումն իր համար բացառիկ զգացողություն ունի։ Ֆիլմը դարձավ փառատոնի գաղափարական մեկնարկը՝ անդրադառնալով հիշողության, հայրենիքի, կորստի և մարդու ներքին ճանապարհի թեմաներին։
Կինոյի մեծ անունները Երևանում
23-րդ «Ոսկե ծիրանի» ամենակարևոր բաղադրիչներից մեկը դարձան միջազգային և հայ կինոգործիչների հետ հանդիպումները։ Փառատոնի հյուրերը ներկայացնում էին տարբեր սերունդներ և կինեմատոգրաֆիական տարբեր դպրոցներ, սակայն բոլոր զրույցների առանցքում կինոյի ուժն էր՝ որպես մարդկային փորձառությունը հասկանալու և արտահայտելու միջոց։
Փառատոնի պատվավոր հյուրերից մեկը՝ Կաննի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակի կրկնակի դափնեկիր Պավել Պավլիկովսկին, դարձավ «Ոսկե ծիրանի» այս տարվա ամենասպասված անուններից մեկը։
Իր վերջին՝ «Հայրենիք» ֆիլմի երևանյան հատուկ ցուցադրությունից առաջ Պավլիկովսկուն հանձնվեց «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած ակնառու ներդրման համար։
Հանդիպման ընթացքում ռեժիսորը խոսեց իր ստեղծագործական ճանապարհի, սև ու սպիտակ կինոյի առանձնահատկությունների, հեղինակային կինոլեզվի և այն սկզբունքների մասին, որոնց միջոցով ձևավորվել է իր կինեմատոգրաֆիական աշխարհը։
Պավլիկովսկին անդրադարձավ նաև ժամանակակից աշխարհի փոփոխություններին, հայրենիքի գաղափարին և այն հարցերին, որոնք մշտապես ուղեկցում են իրեն որպես կինոռեժիսորի։ Նրա համար կինոն առաջին հերթին մարդու ներքին վիճակների, հակասությունների և բարդության արտահայտման միջոց է։
Փառատոնի կարևոր հյուրերից էր նաև կինոպատմաբան քննադատ և ռեժիսոր Մարկ Քազընսը։ Նրա հետ հանդիպումը դարձավ կինոյի պատմության, ազդեցությունների և ստեղծագործական ընտրությունների շուրջ խորքային զրույց։ Քազընսը խոսեց այն ռեժիսորների մասին, որոնք ձևավորել են իր կինեմատոգրաֆիական մտածողությունը, ինչպես նաև այն սկզբունքների մասին, որոնք առաջնորդում են իրեն կինոյի ուսումնասիրության ընթացքում։
Հատուկ հետաքրքրություն առաջացրեց նաև հայազգի Սև Օհանյանի հետ հանդիպումը։ Նա խոսեց հայկական արմատների, մշակութային առանձնահատկությունների և կինոյում ներկա խնդիրների կարևորության մասին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ազգային փորձառությունը դառնալ համամարդկային պատմության մաս։
Բրունո Դելբոնել․ լույսի և տեսողական լեզվի արվեստը
23-րդ «Ոսկե ծիրանի» կարևոր հյուրերից էր նաև աշխարհահռչակ ֆրանսիացի օպերատոր Բրունո Դելբոնելը, որի հետ հանդիպումը դարձավ փառատոնի մասնագիտական ծրագրի առանձնահատուկ դրվագներից մեկը։
Դելբոնելը, որը համաշխարհային կինոյում հայտնի է իր բացառիկ տեսողական մտածողությամբ, ներկայացրեց իր ստեղծագործական փիլիսոփայությունը և օպերատորական արվեստի վերաբերյալ իր պատկերացումները։
Նրա գլխավոր համոզմունքներից մեկն այն է, որ «յուրաքանչյուր ֆիլմ պետք է գտնի իր սեփական տեսողական լեզուն»։ Օպերատորը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Փարիզի լույսը և այն վերածել իր կինեմատոգրաֆիական աշխարհի կարևոր բաղադրիչի, նշեց, որ առաջին անգամ այցելելով Հայաստան՝ նկատել է Երևանի լույսի առանձնահատկությունը։ Դելբոնելի խոսքով՝ Փարիզի լույսը նա ճանաչում է խորությամբ, սակայն Երևանի լույսը դեռևս սպասում է իր բացահայտմանը։ Նրա հետ հանդիպումը դարձավ խոսակցություն ոչ միայն տեխնիկական օպերատորական աշխատանքի, այլև կինոյում լույսի, տարածության և զգացողության դերի մասին։
Հայկական ներկայություն և ինքնության թեմաներ
Հատկապես հայ հանդիսատեսի համար առանձնահատուկ նշանակություն ունեցան հայկական արմատներ ունեցող արվեստագետների հանդիպումները։ Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանի հանդիպումը դարձավ փառատոնի կարևորագույն դրվագներից մեկը։ Աբգարյանը խոսեց իր դերասանական ճանապարհի, հայկական կինոյի, թատրոնի և կինոյի միջև կապերի, ինչպես նաև տարբեր կերպարների մարմնավորման իր փորձի մասին։
Նա անդրադարձավ նաև Շառլ դը Գոլի կերպարին՝ ներկայացնելով նրան որպես միջնադարյան ասպետի կերպար։ Դերասանը պատմեց նաև այն դերերի մասին, որոնց մասին երազում է՝ առանձնացնելով Ռումիի և Պլատոնի կերպարները։
Սիմոն Աբգարյանը փառատոնի ընթացքում արժանացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալին՝ մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար։
Երաժշտության և կինոյի հանդիպումը` Իբրահիմ Մաալուֆը Երևանում
Փառատոնի ամենատպավորիչ իրադարձություններից մեկը դարձավ աշխարհահռչակ շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի երևանյան համերգը։
Արևելյան երաժշտական շնչով և ժամանակակից ջազային լուծումներով լի նրա ելույթը դարձավ հիշարժան երեկո՝ լի հույզերով և երաժշտական բացահայտումներով։
Մաալուֆի համերգը դարձավ ոչ միայն փառատոնի մշակութային ծրագրի կարևոր իրադարձություն, այլև առանձնահատուկ հանդիպում երաժշտի և հայ հանդիսատեսի միջև։ Երաժիշտը այցելեց նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալով հայկական երաժշտական ժառանգությանը։ Համերգի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իբրահիմ Մաալուֆին շնորհեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վարպետ» հատուկ մրցանակը։
«Նամուս․ Կազմաքանդում»․ կինոյի հիշողության վերաիմաստավորում
23-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև հայկական կինոժառանգությանը նվիրված մշակութային ծրագիրը։
Կինոյի տանը բացվեց «Նամուս․ Կազմաքանդում» ցուցահանդեսը, որը դարձավ հայկական կինոյի պատմական հիշողության և ժամանակակից արվեստի երկխոսության յուրահատուկ տարածք։ Ցուցահանդեսը նվիրված էր «Նամուս» ֆիլմի ժառանգության նորովի ներկայացմանը։ Այն հնարավորություն էր տալիս դիտարկել հայկական կինոյի կարևորագույն ստեղծագործություններից մեկը ոչ միայն որպես անցյալի մշակութային արժեք, այլև որպես շարունակական ստեղծագործական ներշնչման աղբյուր։
GAIFF Pro․ կինոարդյունաբերության նոր հարթակներ
«Ոսկե ծիրանը» այս տարի ևս ընդգծեց իր դերը ոչ միայն որպես կինոփառատոն, այլև որպես կինոարդյունաբերության զարգացման հարթակ։ Փառատոնի շրջանակում անցկացվեց GAIFF Pro ծրագիրը, որը միավորում է կինոյի ոլորտի մասնագետներին, ստեղծագործողներին և նոր նախագծեր ներկայացնող հեղինակներին։
GAIFF Pro Awards Ceremony-ի ընթացքում գնահատվեցին կինոարտադրության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով միջազգային համագործակցության, նոր գաղափարների և ժամանակակից կինոյի զարգացման կարևորությունը։
Ծրագրի շրջանակում անցկացվեց նաև AI Screening հատուկ միջոցառում՝ նվիրված արհեստական բանականության և կինոյի փոխհարաբերությանը։ Այն անդրադարձավ նոր տեխնոլոգիաների ազդեցությանը կինոարվեստի վրա՝ բացելով քննարկումների նոր ուղղություններ ստեղծագործական գործընթացում տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Մրցութային ծրագրեր և հաղթողներ. Փակման երեկո․
Մեկշաբաթյա երևանյան մշակութային տոնն այսօր երեկոյան հատեց եզրագիծը։
Մեկ շաբաթ կինոյի, հանդիպումների և հիշողությունների մեջ 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ավարտվեց Կինոյի տանը կայացած փակման հանդիսավոր արարողությամբ։ Հայտարարվեցին մրցութային ծրագրերի հաղթողները։
Փառատոնի մրցութային ծրագրերը ներկայացրին ժամանակակից համաշխարհային կինոյի բազմազանությունը՝ ընդգրկելով տարբեր երկրներից ստեղծագործող հեղինակների աշխատանքներ։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվեց Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։
«Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացավ միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։ Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվեց Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին։
Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմը ստացավ «Արծաթե ծիրան» մրցանակը, ինչպես նաև արժանացավ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի՝ FIPRESCI մրցանակին։
Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվեց Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Ֆիլմն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։
«Արծաթե ծիրան» ստացավ Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
Ժյուրին հատուկ հիշատակումներ շնորհեց Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։
Թերեզա Նվոտովայի «Հայրը» (Father) ֆիլմը ևս արժանացավ հատուկ մրցանակի՝ Հայաստանում և Վրաստանում տարածման հնարավորությամբ, ներառյալ 6000 եվրոյի աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։
Փառատոնի փակման ֆիլմը
Փակման ֆիլմը դարձավ Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ստեղծագործությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում Երևանը դարձավ համաշխարհային կինոյի հանդիպման վայր՝ հյուրընկալելով ճանաչված ռեժիսորների, դերասանների, օպերատորների, կինոգետների և երիտասարդ կինոգործիչների։ 23-րդ «Ոսկե ծիրանը» ավարտվեց, սակայն նրա գլխավոր արժեքը մնաց ոչ միայն մրցանակների և ֆիլմերի մեջ, այլև այն կենդանի երկխոսությունների, ստեղծագործական հանդիպումների և մշակութային կապերի, որոնք ամբողջ շաբաթ կինոն պահեցին շարժման մեջ։
Փառատոնը ևս մեկ անգամ հաստատեց իր առաքելությունը՝ լինել Հայաստանի և աշխարհի կինոմշակույթների միջև կամուրջ՝ բացահայտելով նոր պատմություններ, նոր հեղինակներ և կինոյի նոր հնարավորություններ։
Ալմաստ Մուրադյան