Նորավանքի ճարտարապետական ծածկագրերը՝ խոշորացույցի տակ

Արվեստն ու գիտությունը երբեմն հատվում են մի կետում, որտեղ քարերը սկսում են պատմել իրենց պատմությունը, իսկ անցյալը ներկայանում է նոր իմաստներով։ Արվեստաբան Տիգրան Գրիգորյանի հետ մեր զրույցի առիթը նրա նոր՝ «Նորավանք․ պատմության, արվեստի և ավանդույթի միջև» մենագրությունն է, որն ամփոփում է տարիների հետազոտական աշխատանքը։

Գիրքը նվիրված է Նորավանքի վանական համալիրի ճարտարապետական կառույցների և բարձրաքանդակների ուսումնասիրությանը։ Հեղինակը փորձում է նոր դիտանկյունից վերլուծել դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև բացահայտել դրանց տեղն ու դերը զարգացած միջնադարի քրիստոնեական արվեստի համատեքստում։

Մենագրության սկզբում հեղինակը ընթերցողին տեղափոխում է ԺԲ-ԺԴ դարերի պատմական միջավայր՝ ներկայացնելով Հարավային Կովկասի և Հայաստանի քաղաքական իրադրությունը, ինչպես նաև մոնղոլական արշավանքների ազդեցությունը տարածաշրջանի վրա։ Այս պատմական նախապատմությունը կարևոր հիմք է ստեղծում Նորավանքի մշակութային և հոգևոր նշանակությունը հասկանալու համար։ Գրքի առաջին գլուխը նվիրված է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու զավթի վերին ճակատին տեղադրված «Հին աւուրցն Աստուած» բարձրաքանդակին։ Հեղինակը մանրամասն ուսումնասիրում է դրա պատկերագրական առանձնահատկությունները՝ անդրադառնալով նաև Դանիել մարգարեի գրքի հետ կապված կանոնական և պարականոն աղբյուրներին, որոնք դարերի ընթացքում ձևավորել են այս պատկերագրական ավանդույթը։ Երկրորդ գլխում ուշադրության կենտրոնում Նորավանքի հայտնի երկհարկ, գմբեթավոր կառույցն է։ Հետազոտողը վերլուծում է դրա ճարտարապետական լուծումները, կառուցվածքային առանձնահատկություններն ու տեղը հայկական միջնադարյան ճարտարապետության զարգացման համատեքստում։ Երրորդ գլուխը նվիրված է նույն կառույցի արևելյան և արևմտյան ճակատների բարձրաքանդակներին։ Այստեղ հեղինակը քննության է առնում դրանց գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները՝ հատուկ անդրադառնալով նաև միջնադարյան արվեստում լայն տարածում ունեցող «ճանկող արծիվների» պատկերագրությանը և դրա հնարավոր մեկնաբանություններին։ Գիրքն առանձնանում է նաև գիտական հարուստ գործիքակազմով․ այն համալրված է մանրամասն ծանոթագրություններով և անվանացանկով, որոնք ոչ միայն փաստագրական արժեք ունեն, այլև ընթերցողին օգնում են ավելի հեշտ կողմնորոշվել ներկայացված նյութում և խորությամբ ըմբռնել հետազոտության արդյունքները։

Noravanq

Նորություն չէ, որ յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է հարցադրումից։ Տիգրանի համար այդ հարցադրումները ձևավորվել են դեռ ուսանողական տարիներին, երբ արվեստն ու գիտությունը դարձան նրա կյանքի անբաժան մասը։ «Փոքր տարիքից երազել եմ զբաղվել մի բանով, որն իր մեջ համադրում է արվեստն ու գիտությունը։ Իմ ուսանողական տարիները շատ հագեցած էին. մենք շատ էինք ճամփորդում թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։ Հենց այդ ճամփորդությունների, պրակտիկաների ու պեղումների ժամանակ է ծնվել սերը երկրի ու նրա հուշարձանների նկատմամբ»,- պատմում է նա։

Տիգրան Գրիգորյանի հետաքրքրությունների կիզակետում հայտնվեց հայկական միջնադարը և ճարտարապետության տեսությունը։ 2017 թվականից սկսած՝ հոդված առ հոդված, Տիգրանը սկսեց «փորփրել» ու ամբողջացնել այն թեմաները, որոնք այսօր դարձել են մեկ միասնական գիրք։ Գիրքը, որն ունի ուղենշային վերնագիր՝ պատմության, արվեստի և ավանդույթի միջև, չի սահմանափակվում միայն հուշարձանների նկարագրությամբ։ Հեղինակի նպատակն ավելի խորքային է։

«Ինձ համար կարևորագույն խնդիրն էր հասկանալ, թե տվյալ դարաշրջանում ապրող մարդը ինչ մտածողություն է ունեցել։ Սա ամենակարևոր բանն է՝ մտնել միջնադարի մարդու գլխի մեջ, հասկանալ՝ ինչին է նա հավատացել, ինչպիսի ճաշակ է ունեցել, քաղաքական ու հասարակական ինչ ազդեցություններ է կրել։ Հուշարձանը ընդամենը ժամանակաշրջանի քարե վկայությունն է»,- նշում է արվեստաբանը։ Տիգրան Գրիգորյանը համոզված է՝ գիտության մեջ վերջնական լուծված թեմաներ չկան։ Յուրաքանչյուր սերունդ պետք է նորից քննի ու վերլուծի, քանի որ փոխվում են մեր մտահորիզոնն ու ընկալման սահմանները։

Հետազոտությունը Տիգրանին հասցրել է նաև Վրաստան՝ ուսումնասիրելու Օրբելյանների ժառանգությունը։ Նա փորձել է գտնել այն գիտական ինտրիգը, թե ինչպես վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքերը հաստատվեցին Հայաստանում և դարձան հայ մշակույթի մեծագույն հովանավորները։ «Ուսումնասիրողի համար ոչ մի խոչընդոտ՝ լինի ձմեռ, թե ցուրտ, չպետք է խնդիր դառնա։ Պետք է գնալ մինչև վերջ, որպեսզի գտնես այն շարժառիթը, որը պատմությունը դարձնում է առօրեական ու արդիական նաև այսօր»,- ասում է զրուցակիցս։

Նրա ուսումնասիրությունը հրավեր է՝ նորից նայելու այն ամենին, ինչը մեզ թվում է ծանոթ։ Գրքի առաջաբանում արվեստաբանը գրում է․ «Վանական համալիրի ճարտարապետական խնդիրներին, դրանց չափագրությանն ու վերականգնմանը վերաբերող հարցերին են անդրադարձել բազմավաստակ գիտնականներ Վարազդատ Հարությունյանը, Հովհաննես Խալփախչյանը, Ստեփան Մնացականյանը, Մուրադ Հասրաթյանն ու Կարեն Մաթևոսյանը, վերականգնողներ Թելման Գևորգյանն ու Հրաչյա Գասպարյանը, ինչպես նաև Պաոլո Կունեոն, Ադրիանո Ալպագո Նովելլոն և այլք: Առանձնակի հետաքրքրության առարկա են դարձել նաև Նորավանքի ժամատունն ու եկեղեցիները գարդարող բարձրաքանդակները, որոնք ուսումնասիրել են ականավոր հայագետներ Սիրարփի Տեր-Ներսեսյանը, Ժան-Պիեռ Մահեն, ինչպես նաև Ալվիդա Միրզոյանը, Պատրիկ Տոնապետյանը և բազմաթիվ այլ մասնագետներ:

Արդ, ընթերցողի դատին հանձնվող այս մենագրությունը գալիս է լրացնելու վերոնշյալ հետազոտողների կատարած աշխատանքը, որոնք Նորավանքի պատմությունը բազմակողմանի լուսաբանելու համար տասնամյակներ շարունակ մեծ ավանդ են ներդրել: Այս աշխատության ենթաբաժիններում մենք փորձել ենք արծարծել ինչպես համալիրի բուն ճարտարապետության, այնպես էլ շինությունները ձևավորող բարձրաքանդակների պատկերագրությանը վերաբերող այն խնդիրները, որոնք մինչ այժմ բավարար չափով չեն արժանացել մասնագետների ուշադրությանը: Վերոնշյալ հարցերը ճշգրտելու, առաջադրված տեսակետները վերլուծելու և ոաումնասիրության առարկան նոր սկզբնաղբյուրներով ու փաստերով լրացնելու խնդիրն է ահա մեր ձեռնարկի գլխավոր շարժառիթներից մեկը: Միևնույն ժամանակ, մենագրության բաժիններում փորձել ենք կենտրոնանալ ինչպես բուն արվեստի և պատկերագրության, այնպես էլ դավանաբանության, ծիսագիտության, կանոնագիտության, միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող խրթին հարցերի վրա, որոնց հիմամբ հնարավոր է դառնում առավել համապարփակ պատկերացում կազմել միջնադարում իշխած հասարակական ընկալումների, միտումների և ընդհանրապես քրիստոնեական մշակույթի մասին»:

Տիգրան Գրիգորյանի «Նորավանք․ պատմության, արվեստի և ավանդույթի միջև» աշխատությունը պարզապես գիտական հետազոտություն չէ, այլ յուրօրինակ երկխոսություն ժամանակների միջև։ Այն հիշեցնում է, որ միջնադարյան քարակերտ հրաշքները պարզապես լուռ վկաներ չեն, այլ կենդանի պատմություններ։

Վովա Արզումանյան

172
Հուլիս 26, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: