Սև Օհանյանը՝ հայկական պատմությունների, Հոլիվուդի և կինոյի ուժի մասին
Հոլիվուդում հաջողության հասած ամերիկահայ պրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանն Երևանում էր` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Միջազգային կինոարտադրության մեջ իր անունը հաստատած կինոգործիչը փառատոնի ընթացքում ոչ միայն ներկայացրեց իր աշխատանքը, այլև հանդիսատեսի հետ կիսվեց իր անցած ճանապարհով, կինոյի մասին պատկերացումներով և հայկական պատմությունները աշխարհին ներկայացնելու իր տեսլականով։
Օհանյանը հայտնի է որպես մի շարք միջազգային հաջողված նախագծերի պրոդյուսեր։ Նրա ստեղծագործական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ ունեն «Searching», «Run», «Judas and the Black Messiah», «Creed III» և «Sinners» ֆիլմերը։ Նա նաև Ռայան և Զինզի Քուգլերների հետ համահիմնադրել է Proximity Media ընկերությունը, որի նպատակն է ստեղծել մեծ լսարանի համար նախատեսված, սակայն խորքային պատմություններով ֆիլմեր և այլ մեդիա նախագծեր։ Երևան այցը Օհանյանի համար պարզապես մասնագիտական ուղևորություն չէ։ Նա այն նկարագրում է որպես վերադարձի զգացողություն։

«Այնպիսի զգացողություն ունեմ, ասես տուն եմ վերադարձել։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում, ես միակ ուղևորն էի, որ բարձր ծափահարեց»,- պատմեց նա։
Առաջին անգամ Հայաստան նա եկել է 2003 թվականին՝ ծնողների հետ։ Հետագայում կրկին վերադարձել է՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասավանդելու համար։ Սակայն այս այցը առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ նրա երկար տարիների երազանքներից մեկը իրականացավ՝ իր ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում։
«Բառացիորեն երազել եմ, որ իմ ֆիլմերից մեկը ցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում։ Այնպես որ հիմա ինձ դրախտում եմ զգում»,- ասաց նա։

Փառատոնի շրջանակում ցուցադրվեց Օհանյանի առաջին ֆիլմը՝ «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը», որը նա նկարահանել է 19 տարեկանում։ Այսօր, երբ նա արդեն միջազգային ճանաչում ունեցող պրոդյուսեր է, այդ ֆիլմը շարունակում է մնալ նրա ստեղծագործական ճանապարհի կարևորագույն էջերից մեկը։ Ֆիլմը ստեղծվել էր գրեթե առանց ֆինանսական միջոցների՝ հոր տնային տեսախցիկով։ Այն պատմում է հայ ներգաղթյալ ընտանիքի և Ամերիկայում մեծացող նոր սերնդի երեխաների հարաբերությունների մասին՝ անդրադառնալով ինքնության, ընտանիքի և մշակութային տարբերությունների թեմաներին։
«Այն նկարահանել եմ հայրիկիս տնային տեսախցիկով։ Այդ ֆիլմը նկարահանեցի առանց գումարի։ Հայրս ինձ հետ աշխատեց որպես պրոդյուսեր, մայրս կարել էր այն էկրանը, որի վրա ֆիլմը ցուցադրեցինք Գլենդելի ավագ դպրոցում։ Լոս Անջելեսում հազարավոր հայեր եկան՝ աջակցելու ֆիլմին, իսկ աշխարհի տարբեր երկրներում հազարավոր հայեր գնեցին դրա DVD-ները։ Դա Netflix-ից և այս ամենից առաջ էր»,- պատմեց Օհանյանը։

Նա խոստովանեց, որ երբեք չէր պատկերացնի՝ տարիներ անց այդ նույն ֆիլմը կցուցադրվի Հայաստանում՝ լեփ-լեցուն դահլիճում։
«Հուզմունքից ինձ կորցրել էի։ Անչափ երախտապարտ եմ։ Կարծում եմ՝ իմ ամբողջ կարիերայի համար պարտական եմ հայկական համայնքին։ Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես նրանք ինձ ամուր գրկել են, և ես ուզում եմ բոլորին պատասխան գրկել»,- ասաց նա։
Օհանյանի մասնագիտական ճանապարհի հաջորդ կարևոր փուլը սկսվեց, երբ նա ընդունվեց հեղինակավոր կինոդպրոց։ Նա այնտեղ միակ ուսանողն էր, որն արդեն ուներ սեփական ֆիլմի փորձ։ Կինոդպրոցում նա հանդիպեց Ռայան Քուգլերին, և այդ հանդիպումը դարձավ հետագա համագործակցության հիմքը։ Օհանյանը պատմում է, որ Քուգլերն առաջին ոչ հայն էր, ում ցույց տվեց իր հայկական ֆիլմը։
«Շատ էի անհանգստանում՝ արդյոք նա կհասկանա ֆիլմը։ Ի զարմանս ինձ՝ նա ոչ միայն հասկացավ, այլև իսկապես հավանեց այն։ Նա ֆիլմի հերոսներին նմանեցրեց իր ընտանիքի անդամներին»,- հիշեց Օհանյանը։
Տարիների ընթացքում նրանց համագործակցությունը վերածվեց միջազգային հաջողության պատմության։ Օհանյանը, Ռայան և Զինզի Քուգլերները հիմնադրեցին Proximity Media ընկերությունը՝ նպատակ ունենալով պատմել այնպիսի պատմություններ, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական ուշադրությունից։

«Մենք ցանկանում ենք ստեղծել նախագծեր, որոնք հանդիսատեսին կմոտեցնեն հաճախ անտեսված թեմաներին»։
Խոսելով «Մեղսավորները» ֆիլմի մասին` Օհանյանը ընդգծեց, որ ֆիլմի հաջողությունը միայն ռեժիսորի կամ դերասանների աշխատանքի արդյունքը չէր։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշեց նկարահանման հրապարակում աշխատած Քրիս Կարուգլյանին՝ ֆիլմի սննդի գլխավոր մատակարարին, որի հայկական ազգանունը անմիջապես գրավել էր նրա ուշադրությունը։
Անդրադառնալով «Օսկար»-ին և «Ոսկե գլոբուս»-ին՝ նա նշեց, որ ֆիլմը ստեղծելիս իրենց նպատակը մրցանակները չէին։ Ամենակարևորը լավ պատմություն պատմելն էր և հանդիսատեսի հետ կապ ստեղծելը։ Օհանյանի համար կինոն նախևառաջ մարդկանց սրտերին հասնելու միջոց է։
«Ինձ դուր է գալիս կողքից հետևել, թե ինչպես են մարդիկ մեծ էկրանների առաջ դիտում ֆիլմերը, ինչպես են արձագանքում։ Այդ պահին հասկանում ես՝ պատմությունը կարողացել է կապ ստեղծել մարդկանց միջև»։
Այսօր Սև Օհանյանը ցանկանում է, որ համաշխարհային կինոյում ավելի շատ տեղ գտնեն հայկական պատմություններն ու կերպարները։ Նրա նպատակներից մեկն է ստեղծել այնպիսի ֆիլմեր, որոնց հերոսների միջոցով աշխարհը կճանաչի հայկական ինքնության տարբեր կողմերը։ Նա պատմեց նաև, որ այժմ աշխատում են նոր նախագծի վրա, որի կենտրոնում օտար երկրում ապրող հայուհու պատմությունն է՝ նրա արմատների, արժեքների և ինքնության մասին։

Սև Օհանյանի ճանապարհը՝ հոր տեսախցիկով նկարահանված առաջին ֆիլմից մինչև Հոլիվուդի ամենամեծ բեմերը, վկայում է, որ մեծ պատմությունները հաճախ ծնվում են ոչ թե մեծ հնարավորություններից, այլ հավատից, աշխատանքի հանդեպ նվիրվածությունից և սեփական պատմությունը աշխարհին պատմելու ցանկությունից։ Սև Օհանյանի համար հայկական պատմությունների ներկայացումը համաշխարհային կինոյում միայն մասնագիտական նպատակ չէ, այլ նաև անձնական պատասխանատվություն։ Նա համոզված է, որ հայերի փորձառությունը, ընտանիքների պատմությունները և մշակութային հիշողությունը կարող են դառնալ համամարդկային պատմություններ, եթե դրանք ճիշտ ձևով ներկայացվեն։
Նրա ստեղծագործական մոտեցման հիմքում այն գաղափարն է, որ կինոն պետք է միաժամանակ կարողանա զվարճացնել, հուզել և մտածելու տեղիք տալ։ Այդ պատճառով Օհանյանը փորձում է աշխատել այնպիսի նախագծերի վրա, որոնք ունեն լայն լսարան, բայց նաև պատմում են կարևոր և երբեմն մոռացված թեմաների մասին։
«Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի պատմություններ, որոնք մարդիկ կդիտեն մեծ էկրանին, կսիրեն, կզգան, բայց հետո նաև կմտածեն այն թեմաների մասին, որոնք այդ ֆիլմերը բարձրացնում են»։
Նրա համոզմամբ՝ հայկական կերպարները պետք է հայտնվեն ոչ միայն հայկական ֆիլմերում, այլև միջազգային մեծ արտադրություններում՝ որպես լիարժեք, հետաքրքիր և բազմաշերտ հերոսներ։ Օհանյանի համար կարևոր է ստեղծել այնպիսի կինոկերպարներ, որոնց միջոցով աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդիկ կկարողանան ճանաչել հայկական մշակույթի և ինքնության նոր կողմերը։
«Ցանկանում ենք, որ մարդիկ տեսնեն հայ հերոսների, որոնցով կարող են հիանալ։ Որ նրանք հարցնեն՝ «Ո՞վ է նա», և պատասխանեն՝ «Նա հայ է»»։
Ալմաստ Մուրադյան