Մշակույթի նոր լեզուն․ Ալեքսանդր Արխանգելսկու բանաձևումը
ԱՐԷ մշակութային հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ շարունակվում է «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքը։ Հերթական աշխատարանը կրում էր «Մշակույթի ենթակառուցվածքներ․ հաստատություններ, տեխնոլոգիաներ, ավանդույթներ» խորագիրը՝ համախմբելով մշակույթի, մեդիայի և կրթության ոլորտներով հետաքրքրված մասնակիցների։
Աշխատարանի առաջին օրը՝ «Ինստիտուտներ․ ո՞վ է մշակույթը դարձնում տեսանելի» թեմայով, նվիրված էր մշակութային ինստիտուտների դերին հանրային մշակութային միջավայրի ձևավորման գործում։ Քննարկման առանցքում էին այն հարցերը, թե ինչու են որոշ մշակութային երևույթներ դառնում հանրային կյանքի կարևոր մաս, մինչդեռ մյուսները մնում են լուսանցքում, ինչպես նաև՝ ինչպիսի հաստատություններ և գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի մշակույթը դառնա հանրային քննարկման առարկա։ Խորհրդային և հետխորհրդային մշակույթի պատմությունից վերցված օրինակների միջոցով անդրադարձ կատարվեց մշակութային ենթակառուցվածքների վերափոխմանը, ԽՍՀՄ փլուզումից հետո ինստիտուտների ճգնաժամին, ինչպես նաև անկախ մշակութային նախաձեռնությունների, կրթական նախագծերի և նոր հարթակների ձևավորմանը։
Աշխատարանի բանախոսը ռուս գրող, վավերագրական ֆիլմերի հեղինակ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկին էր։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել որպես ռադիոլրագրող, համագործակցել հեղինակավոր գրական ամսագրերի և հասարակական-քաղաքական պարբերականների հետ, դասավանդել Ժնևի համալսարանում, Մոսկվայի կոնսերվատորիայում, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում և «Շանինկա» բարձրագույն դպրոցում։

2024 թվականից Արխանգելսկին Թել Ավիվի համալսարանի ավագ գիտաշխատող է։ 2002-2020 թվականներին Արխանգելսկին վարել է «Կուլտուրա» հեռուստաալիքի «Тем временем» («Այդ ընթացքում») ինտելեկտուալ հաղորդաշարը, որը նվիրված էր մշակութային և հասարակական կյանքի կարևորագույն խնդիրներին։ Նա հեղինակել է «Հիշողության գործարաններ. աշխարհի գրադարանները» վավերագրական շարքը, ինչպես նաև «Բաժին», «Շոգ», «Սով» և «Հայրենիք» վավերագրական ֆիլմերը։ Արխանգելսկին նաև բազմաթիվ մրցանակների արժանացած արձակագիր է և երկար տարիներ ղեկավարել է «Լուսավորիչ» գիտահանրամատչելի գրական մրցանակի կազմկոմիտեն, իսկ ներկայումս հանդիսանում է մրցանակի ժյուրիի նախագահը։ 2024 թվականի նոյեմբերին նա Ռուսաստանի իշխանությունների կողմից ընդգրկվել է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունեցող անձանց ցուցակում։
Ալեքսանդր Արխանգելսկին տարիներ շարունակ տարբեր երկրներում և տարբեր լսարանների հետ քննարկում է մշակույթի, կրթության, հանրային հիշողության և մշակութային քաղաքականության հիմնարար հարցերը։ Նրա համոզմամբ՝ մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է, քան պարզապես արվեստը։ Այն սոցիալական ինստիտուտների ամբողջություն է, որը հասարակության մեջ ստեղծում, պահպանում և փոխանցում է պատկերներ, իմաստներ և արժեքներ՝ ձևավորելով հանրային մտածողությունն ու ինքնությունը։ Իսկ այդ գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային քաղաքականությունը։ Ըստ Արխանգելսկու՝ այն հնարավոր չէ կառուցել միայն ֆինանսական ներդրումների կամ առանձին մշակութային ծրագրերի միջոցով։ Մշակութային քաղաքականությունը նախևառաջ արժեքների ձևավորման գործընթաց է, որի առանցքում մարդն ու հասարակությունն են։ Ֆինանսական աջակցությունը կարևոր պայման է, սակայն այն չի կարող փոխարինել մշակութային տեսլականին, կրթությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Արխանգելսկին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև ավանդույթի ընկալմանը։ Կենդանի ավանդույթը ոչ թե խոչընդոտում է զարգացմանը, այլ դառնում է այն հենքը, որի վրա հնարավոր է կառուցել նոր գաղափարներ, ստեղծարար նախաձեռնություններ և ժամանակակից մշակութային գործընթացներ։

Բանախոսի դիտարկմամբ՝ այս գործընթացում առանցքային դեր ունեն մշակութային ինստիտուտները։ Այդ հարթակները ոչ միայն պահպանում և հանրայնացնում են մշակութային ժառանգությունը, այլև ձևավորում են հանրային օրակարգը՝ որոշելով, թե որ թեմաներն են դառնում հասարակական քննարկման առարկա։
Անդրադառնալով ժամանակակից աշխարհին՝ Արխանգելսկին ընդգծում է, որ թվային դարաշրջանը ոչ թե վերացնում է մշակույթը, այլ փոխում է դրա հաղորդակցման լեզուն։ Նոր մեդիան, թվային հարթակներն ու տեխնոլոգիական գործիքները փոխում են մշակույթի ստեղծման, տարածման և ընկալման ձևերը, սակայն չեն վերացնում դրա հիմնարար արժեքները։ Ճիշտ կիրառման դեպքում դրանք կարող են նպաստել մշակութային ժառանգության պահպանմանը, նոր լսարանների ներգրավմանը և մշակութային երկխոսության ընդլայնմանը։
Արխանգելսկին ներկայացրեց նաև, թե ինչպես են տեխնոլոգիական հեղափոխությունները դարերի ընթացքում փոխել մշակույթի տարածման և ընկալման ձևերը։ Նրա դիտարկմամբ գիտելիքն ու գիրքը երկար ժամանակ կենտրոնացած էին սահմանափակ շրջանակներում՝ մասնավորապես վանքերում և մենաստաններում։ Սակայն տպագրական մեքենայի գյուտը դարձավ մշակութային պատմության կարևորագույն շրջադարձերից մեկը. գիրքը դուրս եկավ փակ միջավայրից և հասանելի դարձավ ավելի լայն հասարակությանը՝ փոխելով կրթության և գիտելիքի տարածման հնարավորությունները։
Բանախոսը ընդգծեց, որ տեխնոլոգիական դարաշրջանը չի սկսվել միայն թվային տեխնոլոգիաների ի հայտ գալով։ Վերածննդի շրջանում ձևավորված տեսողական իրականության փոխանցման նոր եղանակները, հետագայում՝ լուսանկարչության և կինոյի զարգացումը, դարձան մշակույթի ներկայացման նոր փուլեր։ Լումիեր եղբայրների հայտնագործությունը փոխեց իրականության արտացոլման լեզուն՝ ստեղծելով նոր հնարավորություններ պատմություններ պատմելու և լսարանի հետ հաղորդակցվելու համար: Սակայն, յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա, ըստ Արխանգելսկու, չի վերացնում նախորդը, այլ փոխում է մշակույթի փոխանցման եղանակները։ Տպագիր գիրքը, լուսանկարը, կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը և հետագայում՝ ինտերնետը, արհեստական բանականության գործիքները ոչ միայն ընդլայնեցին տեղեկատվության տարածման հնարավորությունները, այլև ձևավորեցին հաղորդակցության նոր մշակույթ։ Այդ մշակույթում էլ արդեն առանձնահատուկ նշանակություն ունի վիզուալ բովանդակության և մուլտիմեդիայի դերը։ Ժամանակակից մշակութային և գիտական բովանդակությունը կարող է ներկայացվել տարբեր ձևաչափերով՝ տեքստ, տեսանյութ, աուդիո և թվային հարթակներ։ Սակայն կարևոր է ոչ միայն տեղեկատվության արագ տարածումը, այլև դրա բովանդակային արժեքի պահպանումը։ Գիտական գիտելիքը պետք է հասնի լայն լսարանին՝ առանց կորցնելու իր խորությունն ու հավաստիությունը, փաստական հենքը:

Արխանգելսկու բազմաբովանդակ հայեցակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև մշակութային լրագրության և արվեստի քննադատության դերը։ Արվեստի քննադատը պարզապես գնահատող չէ․ նա մշակույթի միջնորդ է, որը օգնում է հասարակությանը հասկանալ ստեղծագործությունը, դրա համատեքստը և նշանակությունը։
Քննադատության հիմքում պետք է լինեն կրթությունը, փորձը, գիտելիքը և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունը։ Ժամանակակից թվային միջավայրը փոխել է նաև քննադատության և մշակութային հաղորդակցության ձևերը։ Եթե նախկինում քննադատները հիմնականում հանդես էին գալիս թերթերում և մասնագիտական ամսագրերում, ապա այսօր սոցիալական մեդիան և թվային հարթակները հնարավորություն են տալիս մշակութային քննարկումները հասցնել ավելի լայն լսարանի։ Սակայն այդ հասանելիությունը մեծացնում է նաև մասնագիտական պատասխանատվությունը․ կարծիքը պետք է հիմնված լինի գիտելիքի և փորձի վրա։
Հետևաբար, Արխանգելսկին առանձնահատուկ կարևորում է մշակութային ինստիտուտների դերը։ Այսօր արդեն հրատարակչությունները և մեդիան այլևս միայն գիտելիք փոխանցող կառույցներ չեն։ Դրանք ձևավորում են այն միջավայրը, որտեղ մարդը ոչ միայն ստանում է տեղեկատվություն, այլև մասնակցում է մշակույթի շուրջ երկխոսությանը, մեկնաբանում և վերաիմաստավորում այն։ Իսկ մշակութային քաղաքականությունը նույնպես չի կարող սահմանափակվել միայն ֆինանսավորմամբ։ Անհրաժեշտ են կայուն ինստիտուտներ, կրթական համակարգ և այնպիսի միջավայր, որտեղ մշակույթը կարող է զարգանալ։ Պետական և մասնավոր կառույցները, անկախ հարթակները և կրթական նախաձեռնությունները միասին ձևավորում են մշակութային ենթակառուցվածքը։
Ըստ Արխանգելսկու՝ ժամանակակից մշակութային բովանդակությունը պետք է ուղղված լինի ոչ միայն մասնագետներին, այլև հասարակության լայն շերտերին։ Մշակույթի գլխավոր առաքելությունը գիտելիքի և արժեքների փոխանցումն է, որը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել սեփական մշակութային ինքնությունը, հասկանալ իր տեղը պատմության մեջ և երկխոսության մեջ մտնել աշխարհի այլ մշակույթների հետ։
Արխանգելսկին եզրակացնում է, որ տեխնոլոգիաները չեն ոչնչացնում մշակույթը․ դրանք փոխում են դրա հաղորդակցության ձևերը։ Մշակույթի ապագան կախված է նրանից, թե որքան արդյունավետ կարող են համադրվել ավանդույթը, գիտելիքը, նոր տեխնոլոգիաները և այն ինստիտուտները, որոնք այդ ամենը հասանելի են դարձնում հասարակությանը։
Աշխատարանն ամփոփվեց «Տեխնոլոգիաներ և ավանդույթներ․ ինչպե՞ս գտնել ընդհանուր լեզու լսարանի հետ» թեմայի շուրջ քննարկմամբ՝ ընդգծելով, որ ժամանակակից մշակույթի գլխավոր մարտահրավերը ոչ թե տեխնոլոգիաների և ավանդույթների հակադրությունն է, այլ դրանց միջև արդյունավետ երկխոսություն ստեղծելը։
Ալմաստ Մուրադյան