Լույս է տեսել Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքը՝ հայերեն
Ֆրանսիացի փիլիսոփա, գրականագետ, էսսեիստ, նշանագետ Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքն առաջին անգամ թարգմանվել և լույս է ընծայվել հայերեն: Այն ստեղծվել է «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի շնորհիվ:
Սա գիրք է, որտեղ լուսանկարչությունն ու լուսանկարչական ոսպնյակը դարձել են հեղինակի մտածողության կենտրոնը, որտեղ փորձել է վերլուծել՝ ինչու որոշ լուսանկարներ տպավորում են իրեն, հարցեր են առաջ բերում, հաճելի են, խոսում են իր հետ և ինչու մյուսները այդ ազդեցությունը չունեն:
Գրքի թարգմանիչը Կարին Գրիգորյանն է, խմբագիրը՝ սփյուռքահայ գրականագետ, թարգմանիչ Մարկ Նշանեանը։
Գիրքը ստեղծվել է հեղինակի մոր մահից հետո՝ անձնական կորստի ազդեցությամբ՝շրջադարձային տեղ զբաղեցնելով Բարթի ստեղծագործության մեջ:

Խոսելով գրքի և դրա առանձնահատկությունների մասին՝ Կարին Գրիգորյանը նշեց. «Գրքում, տեքստից առաջ Բարթը դրել է Դանիել Բուդինեի «Պոլարոիդ» լուսանկարը՝ միակ գունավոր լուսանկարը, որի մասին որևէ հիշատակում չեք գտնի գրքում (հետագայում հետազոտողները այդ առիթով բազմաթիվ ակնարկներ են արել): Գրքի երկրորդ մասում նա բացահայտում ու խոսում է մահացած մոր մանկական լուսանկարի մասին, որն այդպես էլ ցույց չի տալիս: Լուսանկարի բացակայությունը Բարթը հիմնավորել է նրանով, որ դա միակ լուսանկարն է, որով վերագտել է իր մորը, մինչդեռ ընթերցողի ու աշխարհի համար այն կարող է լինել պարզապես հերթական մի լուսանկար: Այս երկակիությունը, ներկայության բացակայությունը, որ խաղարկում է Բարթը, շատ հետաքրքիր է դարձնում գրքի կառուցվածքը»:
Նա մատնանշեց՝գրքում Բարթը հետաքրքիր տերմինաբանություն է առաջ բերում՝ «ստուդիում» և «պունկտում», որը և՛ իրեն, և՛ յուրաքանչյուր ընթերցողի կարող է օգնել աշխարհի բոլոր լուսանկարներից ընտրել սեփականը: «Ստուդիումը» լուսանկարը նայելու մշակութային կոդերն են, «պունկտումը»՝ անձնական: «Ստուդիումը»-ը առաջարկում է այն դեպքերի համար, երբ լուսանկարը մտածել է տալիս, հավանում ես այն կամ չէ, իսկ «պունկտում»-ը այն խոցող, անձնական կետն է, որի պատճառով լուսանկարը դառնում է խիստ առանձնահատուկ բոլոր լուսանկարների ցանկից»,- մանրամասնեց թարգմանիչը:

«Ըստ Բարթի՝ լուսանկարը մահվան մասին մեր նոր պատկերացումն է և մահվան հետ մեր նոր հարաբերությունը: Երբ մենք ցանկանում ենք պահպանել կյանքը լուսանկարելով, մենք արտադրում ենք մահը, քանի որ մենք ամեն «չխկոցով» մեր իսկ ձեռքով ներկան վերածում ենք անցյալի»,- ընդգծեց թարգմանիչը:
Cultural.am-ը հետաքրքվեց Կարին Գրիգորյանից, թե որն էր հենց այս գրքի թարգմանության շարժառիթը, որի վրա տարիներ շարունակ աշխատել է:
«Գիրքը հայերեն թարգմանելու մղումը եղել է խիստ անձնական: Լեզուն, որով կարդում էի, այնքան հմայիչ էր, որ մեծ ցանկություն կար այն հայերենով տեսնելու: Երբ 2011թ-ին այս գիրքը առաջին անգամ ընթերցում էի անգլերենով, հասկանում էի, որ մենք մեր լեզվով լուսանկարչության մասին խոսելու խնդիր ունենք, մեր բառապաշարը չի բավականացնում: Հիմա այս գրքի շնորհիվ առաջիկա 20 տարվա ընթացքում կկարողանանք լուսանկարչության մասին գրել, կարդալ և զրուցել հայերեն:

Կարին Գրիգորյանն ինքը զբաղվում է լուսանկարչությամբ: Ասաց, որ Բարթին ծանոթանալուց հետո իր համար դժվարացել է լուսանկարելը, որովհետև ամեն անգամ երբ պիտի «չխկացներ»՝ մտածում էր նրա ասածների շուրջ: «Այդ տարիներին ես սիրում էի լուսանկարել իմ տատիկին, ով շատ գեղեցիկ էր իր ծերության մեջ: Եվ ազդված իմ ամբողջ ընթերցումներից՝ երբեմն նախընտրում էի ոչ թե լուսանկարել, այլ երկար նայել: Նայել և փորձել հիշել նրան այնպիսին, ինչպիսին կա՝ հատկապես ձեռքերը»: Կարինը անձնական կյանքում էլ մինչև օրս շարունակում է զգալ հեղինակի ազդեցությունը: «Իմ առաջնեկին իր կյանքի առաջին տարում գրեթե չեմ լուսանկարել, գրեթե»,- անկեղծացավ նա:
«Ինձ համար հստակ է, որ Բարթը այս գիրքը գրելիս ու դրանից առաջ փնտրում էր մի լեզու, որը ո՛չ գրական, ո՛չ գիտական, ոչ էլ գեղարվեստական է՝ չեզոք է, բայց այդ չեզոքության մեջ շատ անձնական տեքստ է ստացել, որը գրքի հմայքն է: Կարող եմ ասել, որ Բարթի գրելու ձևը գերազանցում է թեմային»:
Հեղինակն այս գիրքը գրել է 1979թ-ին: Կարճ ժամանակ անց՝ 1980թ-ին, ենթարկվել է ավտովթարի ու մի ամիս հիվանդանոցում մնալուց հետո կնքել իր մահկանացուն: Խմբագրի՝ Մարկ Նշանեանի խոսքով՝ ովքեր այցելել էին Բարթին հիվանդանոցում, ասում էին, որ հեղինակն իրեն հանձնել է մահին: «Ստացվում է՝այս գիրքը ոչ միայն Բարթի մոր, այլև հենց Բարթի մահվան մասին է»:

Գրքի հետ լույս է տեսել նաև «Բարդ Բարտ Բարթ» ուղեկից պարբերականը, որում ընթերցողը կգտնի հայերեն թարգմանության պատմությունը, Մարկ Նշանեանի ներածական խոսքը, ինչպես նաև նրա թարգմանությամբ Ռոլան Բարթի երկու հարցազրույցները, որոնք տպագրվել էին ֆրանսիական «Le Photogrape» հանդեսում: Այդ հարցազրույցներն արվել էին 1977թ-ին և 1979 թ-ին՝ «Լուսավոր խցիկը» գրելուց առաջ և ավարտելուց հետո:
«Բարթի այս հարցազրույցներն ամբողջովին տարբերվում են իրարից, կարծես նույն մարդը չի խոսողը դրանցում: Սա նշանակում է, որ գիրքը իր կյանքում ևս հեղափոխություն է եղել»,- պարզաբանեց հանդիպմանը տեսակապով միացած Մարկ Նշանեանը:
Ասում է՝ թեև գիտեր Բարթի մասին, բայց այս գրքով նորովի է բացահայտել նրան:
Գիրքը ձոնված է ֆրանսիացի փիլիսոփա, վիպագիր Ժան Պոլ Սարտրին և հեղինակը ներշնչվել է նաև նրանից:
«Այս գիրքը հրաշք է»,- մեկնաբանեց Նշանեանը և խոսելով Բարթի մասին՝ որպես մտավորական, ասաց. «Նա ֆրանսիացի ամենահայտնի մտավորականներից էր և այսօր էլ այդպես է: Տարօրինակ կերպով նա չուներ տարբեր դիպլոմներ, բայց «գրի ու գրության» մարդ էր և կյանքի վերջին շրջանում հասցրել է դասավանդել նաև Ֆրանսիայի «Collège de France» հաստատությունում»:

«4 Պլյուս» լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր, խմբագիր Նազիկ Արմենակյանը հավելեց, որ իրենց համար կարևոր է եղել հայերենով հասանելի դարձնել մի գիրք, որը տասնամյակներ շարունակ և մինչ այսօր շարունակում է ձևավորել լուսանկարչության շուրջ մտածողություն: Պարբերականը գրքին կցելը բացատրեց նրանով, որ ցանկացել են եղած նյութը ծառայեցնել ընթերցողին՝ հեղինակին ավելի լավ հասկանալու համար: Ըստ նրա՝ «Լուսավոր խցիկը» այն գրքերից է, որին պիտի վերադառնալ ու կարդալ անընդհատ:
Սա «4 Պլյուս»-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ հրատարակված երկրորդ գիրքն է: Առաջինը Վալթեր Բենիամինի «Լուսանկարչություն եւ պատմություն» գիրքն էր:
Մարջան Չոբանյան