«Մեր մանկության ֆիլմերը». կինոազդագրեր՝ արխիվից ցուցասրահ

«Բարև, ես եմ», «Կտոր մը երկինք», «Մարտիրոս Սարյան», «Եռանկյունի», «Կարինե», «Սարոյան եղբայրներ», «Նահապետ», «Լեգենդ ծաղրածուի մասին» և խորհրդահայ մի շարք այլ ֆիլմերի ազդագրերի ու բացիկների ցուցադրությունն այս օրերին հնարավոր է տեսնել Հանրապետության 32 հասցեում:

Այն կազմակերպվել է «Musaeum» նախագծի շրջանակում՝ Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ), Ռամբալկօշե մշակութային հիմնադրամի ու Էպիգրաֆ գրախանութների ցանցի համագործակցության արդյունքում:

Mer mankutyan filmery 3

Mer mankutyan filmery 8

ԳԱԹ հավաքածուից ընտրված «Մեր մանկության ֆիլմերը» խորագրով խորհրդահայ կինոազդագրերի ցուցադրությունն ընդգրկում է 1958-1985 թթ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից ստեղծված 28 ֆիլմ, որոնց հիման վրա վերատպվել են խորհրդային շրջանի կինոազդագրեր: Առաջին անգամ ցուցադրվում են նաև դրանց հիման վրա պատրաստված բացիկներ ու էջանշաններ: Նախագծի նպատակն այսկերպ ևս մեկ անգամ հայ արժեքավոր կինոժառանգությունը հանրայնացնելն է, ինչպես նաև թանգարանային ժառանգությունը թանգարանից դուրս մարդկանց հասանելի դարձնելը: 

Mer mankutyan filmery 4

«Վերջին շրջանում, հատկապես սոցցանցային տիրույթում, թեզ է տարածվում, որ խոհրդային շրջանի հայ ֆիլմերը չեն ունեցել պաստառներ և հետագայում «Հայֆիլմը» կադրեր է վերցրել, որոնց հիման վրա ոչ այդքան գրավիչ պաստառներ է ստացել: Այս նախաձեռնությունը գալիս է փաստելու, որ այդ թեզը սխալ է, պաստառներ կան և, առհասարակ, ունենք շատ հարուստ կինոժառանգություն, որը կարծես մոռացված է: Փորձում ենք այդ մոռացությունը ցրել»,- ասաց ցուցադրության համադրող Արամ Հարությունյանը:

Mer mankutyan filmery 5

«Էպիգրաֆը ոչ միայն գրախանութի դիրքավորում ունի, այլև շատ կարևորում է մոռացության մատնված մշակույթը հիշելն ու ևս մեկ անգամ այն երկխոսության առիթ դարձնելը»,- մեզ հետ զրույցում նշեց Էպիգրաֆի ծրագրերի ղեկավար Մարիամ Ալոյանը:

«Մենք ընտրել ենք և՛ շատ հայտնի ֆիլմերի պաստառներ, ինչպիսիք են՝ «Քաոսը», «Տղամարդիկ», և՛ պաստառներ, որոնք նույնքան հայտնի չեն՝ «Միքայել Նալբանդյան», «Շեկ ինքնաթիռ»»…

Mer mankutyan filmery 6

Mer mankutyan filmery 2

Նրա խոսքով՝ մտադրություն ունեն շարունակական դարձնելու այսօրինակ նախաձեռնությունները: Մինչ այս Հայաստանի ազգային գրադարանի հետ «Գարուն» ամսագրի շապիկի ցուցադրությունն են կազմակերպել: Այժմ նորից աշխատում են ազգային գրադարանի հետ ֆիլմերի ուղղությամբ, ֆոնդերն են փորփրում, որպեսզի գտնեն այն կարևոր ազդագրերը, որոնք խորհրդային շրջանում ակտուալ են եղել, բայց հիմա մոռացման ճանապարհին են՝ չնայած իրենց մշակութային արժեքին:

Mer mankutyan filmery 7

Մարիամ Ալոյանը ողջունում է արվեստի բնագավառում նորի ստեղծումը, միևնույն ժամանակ կարևորում է հնի ակունքներում կանգնած մարդկանց ունեցած վաստակը հիշելն ու նրանց անունները ևս մեկ անգամ հնչեցնելը:

Այս ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 4-ը: Իսկ բացիկները, էջանշանները հասանելի կլինեն Էպիգրաֆի բոլոր մասնաճյուղերում:

Մարջան Չոբանյան

286
Օգոստոս 03, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: