Քաղաքը և ժամանակը․ Գյումրին՝ ներկայի և ապագայի երկխոսության տարածք

Գյումրիի մասին խոսելիս դժվար է շրջանցել ժամանակը։ Քաղաքի պատմությունը միայն տարեթվերի, շենքերի ու պահպանված հուշարձանների ամբողջություն չէ։ Այն ապրում է քաղաքի պատմության, մշակույթի ու կենցաղի, մարդկանց հիշողությունների, խոսքի, ճարտարապետության և պատմական փորձառությունների մեջ։ Գյումրին միաժամանակ մի քանի ժամանակներում ապրող քաղաք է։ Այստեղ պատմական Ալեքսանդրապոլի հետքերը հանդիպում են խորհրդային քաղաքի հիշողությանը, 1988 թվականի երկրաշարժի հետքին, հետերկրաշարժյան վերականգնման փորձառությանը և այսօրվա՝ նոր մշակութային ու ստեղծագործական միջավայր ձևավորելու գործընթացներին։ Անցյալը չի ավարտվում այն պահին, երբ սկսվում է ներկան․ այն շարունակում է ներկայի մաս լինել։

Այս բազմաշերտ քաղաքային իրականությունն է փորձում ուսումնասիրել այս տարվա Gyumri Art Week-ը, որն անցկացվում է «Քաղաքը և ժամանակը» խորագրով։ Փառատոնի կուրատորական հայեցակարգը քաղաքը դիտարկում է որպես տարբեր ժամանակների հատման, համակեցության և փոխակերպման տարածք։

Gyumri Artweek 2

Հինգ տարի անց․ գաղափարից դեպի միջազգային հարթակ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում փառատոնի պաշտոնական բացմանը Gyumri Art Week-ի գեղարվեստական ղեկավար և համադրող Սարգիս Հովհաննիսյանն անդրադարձավ նախաձեռնության սկզբնավորման պատմությանը։ Նրա խոսքով՝ հինգ տարի առաջ փառատոնը սկսվեց որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ, որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին։

«Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է, և փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրի քաղաքը դարձնելու են համաշխարհային արվեստի երկխոսության շատ կարևոր կանգառ»,-նշեց Հովհաննիսյանը։

Ահա այսպիսին է Gyumri Art Week-ի անցած ճանապարհի կարևոր փոփոխությունը։ Հինգ տարի առաջ Գյումրին միջազգային ժամանակակից արվեստի քարտեզի վրա ներկայացնելու գաղափար, իսկ այսօր արդեն փառատոնը փորձում է ձևավորել ինքնուրույն մշակութային հարթակ, որտեղ քաղաքի տեղական հիշողությունն ու միջազգային արվեստային գործընթացները կարող են հանդիպել։

Gyumri Artweek 3

Միջազգային ընդգրկումն արտահայտվում է նաև փառատոնի մասնակիցների աշխարհագրությամբ։ 5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը Գյումրիում հյուրընկալում է արվեստագետների Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներից են Սարգիս Հովհաննիսյանը՝ Gyumri Art Week-ից, Նազարեթ Կարոյանը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտից (ICA), Վիկտորիա Իլյուշկինան՝ CYLAND-ից, Գոռ Մարգարյանը՝ Muthesius-ից, Յան-Նիկլաս Թապեն՝ Kunstakademie Münster-ից, և Կարեն Բարսեղյանը՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահից։

Այս կազմը կարևոր է ոչ միայն իր աշխարհագրական բազմազանությամբ։ Տարբեր երկրների արվեստագետների և տարբեր մշակութային ու կրթական կառույցների ներկայացուցիչների ներկայությունը Գյումրին դիտարկելու հնարավորություն է տալիս նաև տեղական համատեքստից դուրս՝ քաղաքային հիշողության և ժամանակակից արվեստի խնդիրները ներառելով ավելի լայն միջազգային երկխոսության մեջ։

Այս տարի այդ գործընթացը նաև ինստիտուցիոնալ նոր փուլ է մտնում։ 2025 թվականի դեկտեմբերին արվեստի ոլորտի մեկ տասնյակից ավելի կառույցներ միավորվեցին Gyumri Art Week-ի շուրջ՝ նպատակ ունենալով փառատոնն ու նրա գործունեությունը զարգացնել ավելի կայուն ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այսինքն հինգերորդ տարին պարզապես հերթական տարեդարձ չէ։ Այն նաև անցած ճանապարհը վերանայելու և հաջորդ փուլը սահմանելու պահ է։

Gyumri Artweek 4

Բիենալեի հիշողությունից դեպի նոր փուլ

Gyumri Art Week-ի ներկայիս զարգացումը հասկանալու համար կարևոր է հիշել Գյումրիի ժամանակակից արվեստի նախորդ փորձը։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը փառատոնի բացման ժամանակ անդրադարձավ 1998 թվականին ձևավորված Գյումրու բիենալեին՝ ընդգծելով դրա նշանակությունը քաղաքի մշակութային վերազարթոնքի և նոր սերնդի ձևավորման գործում։ Նա հիշեցրեց, որ Գյումրու բիենալեն առաջացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տասնամյա տարելիցի օրերին և նպատակ ուներ արվեստի ուժը բերել քաղաքի կյանքի վերազարթոնքին։

«Եթե չլիներ Գյումրիի բիենալեն, այսօր իմ կողքին կանգնած Գյումրիի արվեստի պատասխանատուները չէին լինի։ Գյումրիի բիենալեն էր, որ ստեղծեց նոր սերունդ, որպեսզի ժամանակակից արվեստը անցնի ժամանակների միջով և հասնի մեր օրեր»,- ասաց Կարոյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով կարևոր է նաև ինստիտուցիոնալ մոտեցումը, որը կարող է ոչ միայն խթանել, այլև կազմակերպել ու կառավարել ժամանակակից արվեստի զարգացման գործընթացները։

Gyumri Artweek 5

«Gyumri Art Week-ը արդեն իսկ իր մեջ կրելով այդ էներգիան ու գաղափարը՝ փորձ է անում առաջ մղել նոր ինստիտուցիոնալ գաղափարներ»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Սարգիս Հովհաննիսյանին տարիների աշխատանքի համար։

Սա վկայություն է, որ Gyumri Art Week-ը ներկայացնում է ոչ թե որպես զրոյից սկսված նախաձեռնություն, այլ Գյումրիի ժամանակակից արվեստի պատմության շարունակություն։ 1998 թվականի բիենալեն և 2026 թվականի Art Week-ը տարբեր ժամանակների մշակութային նախաձեռնություններ են, սակայն նրանց միջև կա շարունակականության գիծ․ արվեստը շարունակում է քաղաքին վերադառնալ տարբեր ժամանակներում՝ յուրաքանչյուր անգամ նոր հարցերով և նոր լեզվով։

Gyumri Artweek 6

Քաղաքը երբեք միայն ներկայում չէ

Gyumri Art Week-ի «Քաղաքը և ժամանակը» թեմայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ քաղաքը միաժամանակ գոյություն ունի տարբեր ժամանակներում։ Անցյալը պահպանվում է ճարտարապետության, հանրային տարածքների և առօրյա սովորույթների մեջ։ Ներկան ձևավորվում է մարդկանց շարժումների, հանդիպումների և փորձառությունների միջոցով, իսկ ապագան ուրվագծվում է ծրագրերի, ցանկությունների և երևակայության մեջ։ Ժամանակի այս չափումները կարող են գոյակցել ներդաշնակորեն, բայց կարող են նաև հայտնվել հակասության և լարվածության մեջ։ Այս մոտեցումն այսօր հատկապես արդիական է։ Թվայնացումը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական և սոցիալական գործընթացները վերաձևավորում են քաղաքային միջավայրերը և միաժամանակ փոխում ժամանակի ապրումը։ Որոշ հիշողություններ ու տարածքներ դառնում են ավելի տեսանելի, մյուսները՝ անհետանում կամ մղվում լուսանցք։ Այսպիսով, քաղաքը դառնում է բազմաժամանակային իրականություն՝ տարբեր անցյալների, ներկաների և հնարավոր ապագաների հանդիպման տարածք։

Gyumri Artweek 12

Լեֆևրից մինչև Գյումրի․ քաղաքը որպես կենդանի տարածք

Փառատոնի թեմայի տեսական կարևոր հղումներից մեկը ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ Անրի Լեֆևրի քաղաքային տարածության և ժամանակի վերաբերյալ գաղափարներն են: Լեֆևրի համար քաղաքը միայն կառուցված միջավայր չէ․ այն սոցիալական հարաբերությունների միջոցով շարունակաբար արտադրվող տարածություն է։ Նման մոտեցումը փոխում է քաղաքի մասին պարզ պատկերացումը։ Քաղաքը միայն այն չէ, ինչ կառուցվել է անցյալում, կամ ինչ նախագծում են կառավարման և քաղաքաշինական կառույցները։ Այն նաև այն է, ինչ մարդիկ անում են այդ տարածքի հետ՝ ինչպես են ապրում, օգտագործում, վերաիմաստավորում և վերափոխում այն։

Լեֆևրի ռիթմավերլուծությունը ևս կարևոր դիտանկյուն է։ Քաղաքը մեկ ռիթմ չունի․ այնտեղ համագոյակցում են տարբեր ռիթմեր և ժամանակայնություններ։ Գյումրիի դեպքում այդ բազմազանությունը հատկապես տեսանելի է։ Պատմական քաղաքի ճարտարապետական հիշողությունը, առօրյա կյանքը, մշակութային նոր նախաձեռնությունները, արվեստագետների գործունեությունը և քաղաքի ապագայի վերաբերյալ պատկերացումները ձևավորում են նույն տարածքի տարբեր ռիթմերը։ Եվ արվեստը կարող է այդ ռիթմերը դարձնել տեսանելի։

Gyumri Artweek 7

Արվեստը՝ քաղաքը հետազոտելու միջոց

Այս տարվա փառատոնի հայեցակարգում արվեստը դիտարկվում է ոչ միայն որպես գեղագիտական փորձառություն, այլև որպես հետազոտության, քննադատության և երևակայության գործիք։ Արվեստը կարող է բացահայտել քաղաքի անտեսանելի շերտերը, վերականգնել մոռացված պատմությունները, արձանագրել առօրյա կյանքի ռիթմերը և առաջարկել ապագայի այլընտրանքային պատկերացումներ։ Gyumri Art Week-ի ծրագրի տարբեր նախագծերը կարելի է դիտարկել որպես Գյումրիի բազմաշերտ քաղաքային իրականության տարբեր ընթերցումներ։

Gyumri Artweek 8

Ահա՝ օգոստոսի 8-ին ԱՍՏ արվեստի սրահում բացված «Քարերի հիշողությունը» ցուցադրությունը՝ Նազարեթ Կարոյանի համադրությամբ և Նվարդ Դալյանի մասնակցությամբ, ուշադրությունը կենտրոնացնում է նյութի և հիշողության փոխհարաբերության վրա։ Գյումրիում քարը պարզապես շինանյութ չէ։ Այն քաղաքի պատմության տեսանելի կրողներից է։ Քարե պատերն ու շենքերը պահպանում են ոչ միայն ճարտարապետական ձևը, այլև ժամանակի հետքերը։ Իսկ «Քարերի հիշողությունը» կարելի է կարդալ որպես հարց՝ ի՞նչ է հիշում քաղաքային նյութը և ի՞նչ ենք մենք ընտրում հիշել դրա միջոցով։ Մեկ այլ դիտանկյուն է առաջարկում Արտ Զոնում ներկայացված «Քաղաքի նոր աշխարհագրությունը» խմբային ցուցադրությունը՝ Կարեն Բարսեղյանի համադրությամբ։

Քաղաքի աշխարհագրությունը ևս երբեք վերջնական չէ։ Փոխվում են մարդկանց շարժման ուղղությունները, մշակութային կենտրոնները, տարածքների նշանակությունը և հանրային վայրերի գործառույթներ։ Քաղաքի նոր աշխարհագրությունը ոչ միայն ֆիզիկական քարտեզի փոփոխություն է, այլև սոցիալական և մշակութային հարաբերությունների վերաձևավորում։

Gyumri Artweek 9

Հանրային տարածքը՝ որպես արվեստի նոր միջավայր

Փառատոնի պաշտոնական բացումից հետո Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ Հաղթանակի այգում բացվեց Մկրտիչ Մաթևոսյանի խոսող քանդակ-ինստալացիան։ Սարգիս Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ նախագիծը Գյումրիում հիմք է դնում «ուրիշ տեսակ մտածողության»՝ ժամանակակից արվեստի ներկայությանը քաղաքի մարդկանց հետ և նրանց շուրջ։ Այստեղ կարևոր է ոչ միայն ստեղծագործության բովանդակությունը, այլև դրա գտնվելու վայրը։ Երբ արվեստը գտնվում է պատկերասրահում, հանդիսատեսն է գնում դեպի արվեստի գործը։ Երբ այն հայտնվում է հանրային տարածքում, արվեստի գործն ինքն է մտնում քաղաքի առօրյա կյանքի մեջ։ Այս դեպքում արվեստը դառնում է ոչ միայն դիտման առարկա, այլև քաղաքային միջավայրի մաս։

Gyumri Artweek 10

«ՀԸԲԸ»․ Գյումրիի երևակայական 40-րդ տառը

Մկրտիչ Մաթևոսյանի քանդակ-ինստալացիայի հիմքում «ՀԸԲԸ»-ն է՝ հայոց այբուբենի 40-րդ տառի երևակայական շարունակությունը։ Գաղափարը խաղային է և հեգնական, բայց դրա հիմքում Գյումրիի մշակութային ինքնության մասին խորքային դիտարկում կա։ «ՀԸԲԸ»-ն խորհրդանշում է Գյումրիի ինքնատիպ խոսքը, հումորը, մտածողությունը և մշակութային ինքնությունը՝ այն ամենը, ինչը երբեմն հնարավոր չէ արտահայտել գոյություն ունեցող 39 տառերով։ Այսպիսով, այբուբենը ներկայացվում է ոչ թե որպես ավարտված և անփոփոխ համակարգ, այլ որպես կենդանի մշակութային տարածք, որը շարունակաբար ձևավորվում է մարդկանց, քաղաքների և ժամանակի ազդեցությամբ։ Իսկ «40-րդ տառը» դառնում է Գյումրիի խորհրդանշական նշանը՝ քաղաքի ստեղծարար ոգու, լեզվական յուրահատկության և ինքնավերաստեղծման արտահայտությունը։ Եվ այստեղ կրկին հանդիպում են լեզուն, հիշողությունը և ժամանակը։

Gyumri Artweek 11

Այսպիսով, Gyumri Art Week-ը փորձում է ոչ միայն ներկայացնել ժամանակակից արվեստը Գյումրիում, այլև արվեստի միջոցով հարցնել՝ ինչպիսի՞ քաղաք է այսօր Գյումրին, ինչպե՞ս է այն հիշում իր անցյալը և ինչպիսի՞ ապագա է պատկերացնում։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, թանգարանները, պատկերասրահները, արվեստի սրահները, արվեստանոցները և հանրային տարածքները։ Առանձին ծրագրեր անցկացվում են նաև Երևանում։ Տարածական բազմազանությունն ինքնին համապատասխանում է փառատոնի գաղափարին․ քաղաքը ներկայացվում է ոչ թե մեկ կենտրոնով, այլ տարբեր կետերի և փորձառությունների փոխկապակցվածությամբ։ Մինչև օգոստոսի 20-ը Գյումրին կշարունակի դառնալ ժամանակակից արվեստի միջազգային երկխոսության տարածք: Այդ հանդիպման ընթացքում Գյումրին դադարում է լինել պարզապես ցուցահանդեսի վայր և դառնում է արվեստի նյութ, հետազոտության առարկա և երկխոսության մասնակից։ Քաղաքը շարունակում է պատմել ժամանակակից արվեստի լեզվով։

Ալմաստ Մուրադյան

307
Օգոստոս 13, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: