Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Սեպտեմբերի 5-12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը: 2015թ-ին հիմնադրված այս կինոփառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն է, որին աջակցում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այս տարի լիամետրաժ և կարճամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկվել է 21 ֆիլմ՝ 20 երկրից, արտամրցութային ծրագրում՝ 10 ֆիլմ։ Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան ամեն օր՝ բացօթյա ձևաչափով, «Դեբատուն» հյուրատան այգում։

Tsirani tsar kinoparaton 2

Փառատոնը կբացվի ռեժիսոր Հերց Ֆրանկի «10 րոպեով մեծ» լեգենդար կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի ընտրությունը պատահական չէ, այն հարգանքի տուրք է վավերագրական կինոյի բացառիկ դեմքերից մեկին, որն այս տարի կդառնար 100 տարեկան:

Հավատարիմ մնալով փառատոնի հիմնական նպատակին՝ մշակութային կյանքը ապակենտրոնացնելուն, վավերագրական կինոն համայնքային կյանքին մոտեցնելուն, ինչպես նաև տեղացի և արտասահմանցի արվեստագետների համար ազատ և ստեղծագործական երկխոսության հարթակ ստեղծելուն, մասնակիցները հնարավորություն կունենան օրեր շարունակ միմյանց հետ անցկացնելու և տարբեր գաղափարներ իրագործելու:  Փառատոնի շրջանակում կինոցուցադրություններից բացի կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ, ճանաչողական այցեր Լոռու մարզի պատմամշակութային վայրեր՝ Սանահին, Հաղպատ, Ախթալա…

Tsirani tsar kinoparaton 3

Կինոփառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանի խոսքով՝ նախորդ տարվանից սկսնակ կինոռեժիսորների համար իրականացնում է կինոաշխատարան: Այս տարի այն կանցկացվի Հայաստանի, Վրաստանի և Իրանի սկսնակ 6 ռեժիսորի համար: Այն կվարեն պորտուգալացի ռեժիսորներ Դանիել Բարոկան և Կատարինա Լարանժեյրոն։ Աշխատարանը կտևի սեպտեմբերի 4-12-ը:

«Փառատոնային այս շաբաթվա ընթացքում կինոաշխատարանի մասնակիցները Դեբեդում պիտի իրենց հետաքրքրող թեմաներ գտնեն, կոորդինացնեն դրանք պորտուգալացի ռեժիսորների հետ և արդյունքում ստեղծեն ֆիլմ, որը կցուցադրվի փակման արարողությանը»,- մանրամասնեց Արթուր Վարդիկյանը:

Tsirani tsar kinoparaton 4

Գյուղի երեխաների համար կանցկացվի արդեն ավանդական դարձած կինոդպրոցը (29.08-12.09.2026), որն այս տարի, ինչպես 2025թ-ին, կվարի իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարթա Վիոլանտեն։ Կինոդպրոցի արդյունքում ստեղծված ֆիլմերը ևս կցուցադրվեն փառատոնի փակման արարողությանը՝ սեպտեմբերի 12-ին:

Այս տարի փառատոնի ժյուրիի կազմում են իրանցի հանրահայտ կինովավերագրող Ֆարհադ Վարահրամը, նիդերլանդցի կինոմոնտաժող, պրոդյուսեր ու հետարտադրական աշխատանքների մասնագետ Բարտ վան դեն Բրուկը և հայ կինոռեժիսոր Արման Երիցյանը։

Tsirani tsar kinoparaton 5

«Հատուկ ցուցադրություններ» արտամրցութային ծրագրում այս տարի հարգանքի տուրք կմատուցվի Ֆարհադ Վարահրամին («Սուրբ հարսանիքը»): Կինոսերները հնարավորություն կունենան ծանոթանալու նաև նախորդ տարիների ժյուրիի անդամներ Ժակ Քեբադեանի ու Հադի Աֆարիդեի ֆիլմերին` «Ալեկոծ Արաքսը» և «Պատ ընդդեմ մոռացության 3»:

Արթուր Վարդիկյանի խոսքով՝ այս տարի ավելի սերտ են համագործակցում Լոռու մարզի համայնքների հետ: Հնարավորություն կլինի բացօթյա կինոցուցադրություններին մասնակցելու համար հարակից բնակավայրերից ևս հետաքրքրված մարդկանց ներգրավել:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։

Փառատոնային ֆիլմերը հասանելի կլինեն «Ֆիլմադարան» ՀԿ-ի յութուբյան էջում:

Մարջան Չոբանյան

93
Սեպտեմբեր 06, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: