Գրքից դեպի ընթերցող. Գրքի երևանյան միջազգային փառատոնի գրական բացահայտումները
Գիրքը ընթերցողին հասնելուց առաջ անցնում է մի քանի ճանապարհով՝ ստեղծվում է հեղինակի մտքում, ստանում լեզվական ձև, անցնում թարգմանչի և հրատարակչի աշխատանքի միջով և վերջապես հայտնվում ընթերցողի ձեռքում։ Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում անցկացված շնորհանդեսները հենց այդ ճանապարհի տարբեր փուլերը տեսանելի դարձնելու հնարավորություններ էին։
Սեպտեմբերի 4-6-ը Երևանում ներկայացվեցին տարբեր երկրների հեղինակների գրքեր՝ մանկական պատկերագրքից մինչև ժամանակակից վեպ և համաշխարհային բեսթսելեր։ Դրանցից առանձնանում էին Չարլի Մեքըսիի «Տղան, Խլուրդը, Աղվեսը և Ձին», նորվեգացի Քրիստին Ռուհշիֆթեի «ԲՈԼՈՐԸ», վրացի Թեա Թոփուրիայի «Օդաչուի խոսքը» և «Յակոբի ջրհորի մոտ» գրքերը, ինչպես նաև Ուիլյամ Սարոյանի «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» պատմվածքների ժողովածուն։
Այս գրական հանդիպումների ընդհանրությունը միայն այն չէ, որ դրանք թարգմանությամբ հասել են հայ ընթերցողին։ Ավելի կարևոր է, որ դրանցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է խոսում մարդու և աշխարհի մասին՝ բարության, ինքնության, հիշողության, պատերազմի, բաժանման, մանկության և մարդկային հարաբերությունների թեմաներով։

Չարլի Մեքըսի․ փիլիսոփայությունը՝ պարզ խոսքի մեջ
Բրիտանացի նկարիչ, նկարազարդող և հեղինակ Չարլի Մեքըսին նախ հայտնի դարձավ որպես ծաղրանկարիչ։ Հետագայում աշխատեց որպես գրքի նկարազարդող Oxford University Press-ում, իսկ նրա նկարներն ու քանդակները ներկայացվեցին տարբեր երկրներում և հանրային տարածքներում։ Նրա ստեղծագործական լեզուն ձևավորվել է գրական տեքստի և տեսողական արվեստի հատման կետում։ Այդ համադրությունն է, որ առանձնահատուկ է դարձնում նրա «Տղան, Խլուրդը, Աղվեսը և Ձին» գիրքը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 2019 թվականին և կառուցված է չորս կերպարների հանդիպումների ու զրույցների շուրջ։ Տղան, Խլուրդը, Աղվեսն ու Ձին միասին անցնում են տարբեր իրավիճակների միջով, իսկ նրանց երկխոսությունները դառնում են գրքի հիմնական կառուցվածքային տարրը։ Մեքըսիի գրական մեթոդը կարելի է բնութագրել որպես մինիմալիստական փիլիսոփայական պատմություն։ Հեղինակը չի կառուցում բարդ սյուժետային հանգույցներ։ Փոխարենը կարճ նախադասությունների և պատկերների միջոցով առաջադրում է այն հարցերը, որոնք սովորաբար պահանջում են երկար փիլիսոփայական քննարկումներ՝ ինչ է քաջությունը, ինչու է մարդը վախենում, ինչպես է օգնություն խնդրելը դառնում ուժի դրսևորում, և ինչ է նշանակում տուն ունենալ։ Այստեղ նկարազարդումն ունի ոչ թե երկրորդական, այլ հավասարազոր դեր։ Տեքստը և պատկերը միասին են ստեղծում իմաստը։ Այդ պատճառով գիրքը կարելի է կարդալ նաև որպես տեսողական պատմություն, որտեղ սպիտակ տարածքը, ձեռագրային գիծը և կերպարների շարժումները նույնքան խոսուն են, որքան բառերը։
Գիրքը դարձել է միջազգային բեսթսելեր և թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ 2023 թվականին դրա հիման վրա ստեղծված անիմացիոն ֆիլմը արժանացել է BAFTA-ի և «Օսկարի», ինչպես նաև հինգ Annie Awards-ի։ Մեքըսիի հաջողությունը, սակայն, միայն թվերով բացատրել հնարավոր չէ։ Նրա ստեղծագործության ազդեցության հիմքում այն հանգամանքն է, որ հեղինակը բարդ աշխարհում առաջարկում է պարզ մարդկային արժեքներ՝ բարություն, ընկերություն, խոցելիության ընդունում և միմյանց կողքին լինելու կարողություն։

Քրիստին Ռուհշիֆթե․ պատկերների մեջ թաքնված պատմությունները
Նորվեգացի նկարազարդող և պատկերագրքերի հեղինակ Քրիստին Ռուհշիֆթեի «ԲՈԼՈՐԸ» գիրքը ևս կառուցված է պատկերի և պատմության փոխհարաբերության վրա։ Ռուհշիֆթեն սովորել է Քեմբրիջի արվեստի դպրոցում և ստացել է նկարազարդման մագիստրոսի աստիճան Լոնդոնի Kingston University-ում։ Նա հեղինակել և նկարազարդել է բազմաթիվ պատկերագրքեր, իսկ իր հրատարակչական գործունեությունը շարունակում է նաև Magikon-ի միջոցով։
«ԲՈԼՈՐԸ» առանձնահատուկ է իր կառուցվածքով։ Գիրքը սկսվում է զրոյից՝ «ոչ ոք» գաղափարից, ապա աստիճանաբար ընդլայնում է մարդկային աշխարհը՝ մեկ մարդուց մինչև միլիարդավոր մարդիկ։ Էջերի վրա հայտնվող կերպարներից յուրաքանչյուրն ունի իր փոքրիկ պատմությունը։ Ընթերցողը ոչ միայն հետևում է հիմնական գաղափարին, այլև մանրամասներ է որոնում նկարներում։ Այսպիսով, գիրքը կարելի է դիտարկել որպես տեսողական պատում, որտեղ ընթերցումը վերածվում է դիտարկման։ Երեխան պարզապես չի ստանում պատրաստի պատմություն․ նա դառնում է այն բացահայտողը։ Ռուհշիֆթեի այս աշխատանքը 2019 թվականին արժանացել է Սկանդինավյան խորհրդի երեխաների և երիտասարդների գրականության մրցանակին։ Գիրքը նաև բազմաթիվ այլ մրցանակների է արժանացել և թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Գրականագիտական տեսանկյունից «ԲՈԼՈՐԸ»-ի հետաքրքրությունը հենց դրա բաց կառուցվածքն է։ Յուրաքանչյուր էջ կարելի է կարդալ որպես առանձին տեսարան, սակայն բոլոր տեսարանները միասին ստեղծում են մեկ մեծ գաղափար՝ անհատը միաժամանակ առանձին պատմություն է և մարդկության ընդհանուր պատմության մի մասնիկ։

Թեա Թոփուրիա․ հիշողության և երևակայության սահմանագծին
Վրացի գրող և բանաստեղծ Թեա Թոփուրիան ծնվել է 1977 թվականին Սուխումիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության բաժինը և աշխատել տարբեր լրատվամիջոցներում ու հասարակական կազմակերպություններում։ Նա նաև աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է պոեզիա, պատմվածքներ, մանկական և երիտասարդական գրականություն։
Երևանյան փառատոնում ներկայացվեցին Թոփուրիայի «Օդաչուի խոսքը» բանաստեղծությունների ժողովածուն և «Յակոբի ջրհորի մոտ» վեպը։ Վերջինս առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև իր պատմական ենթատեքստով։ Վեպի հիմքում մի ժողովրդի պատմություն է, որը ենթարկվում է ներխուժման, բաժանվում է տարբեր աշխարհագրական տարածքների, իսկ դրա մի մասը մնում է հայրենիքում, մյուսը՝ հեռանում։ Սակայն ֆիզիկական բաժանումը չի վերացնում ընդհանուր հիշողությունն ու ներքին կապերը։ Այստեղ Թոփուրիան պատմական իրադարձությունը չի ներկայացնում որպես ժամանակագրություն։ Այն վերածում է հիշողության և երևակայության գրական տարածքի։ Իրականությունն ու ֆանտաստիկը միահյուսվում են, իսկ հնարավորի և անհնարինի սահմանը դառնում է հարաբերական:
«Յակոբի ջրհորի մոտ»-ը 2025 թվականին ընդգրկվել էր Եվրոպական միության գրականության մրցանակի կարճ ցուցակում։ Թոփուրիայի գրականության առանձնահատկությունը նաև նրա լրագրողական կենսագրության հետ կապի մեջ է։ Լրագրողը սովորաբար արձանագրում է տեղի ունեցածը, իսկ գրողը կարող է հարցնել՝ ինչ է կատարվում այդ իրադարձության ներսում գտնվող մարդու գիտակցության հետ։ Թոփուրիայի դեպքում այդ երկու հայացքները հանդիպում են։
Ուիլյամ Սարոյան․ վերադարձ դեպի չկարդացված Սարոյանը
Եթե Մեքըսիի և Ռուհշիֆթեի դեպքում ընթերցողը բացահայտում է ժամանակակից պատկերագրքի հնարավորությունները, ապա Ուիլյամ Սարոյանի դեպքում խոսքը գրական ժառանգության վերագտնման մասին է։ Փառատոնում ներկայացվեց «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն, որը ներառում է Սարոյանի 22 պատմվածքներ։ Դրանք հայտնաբերվել են Սթենֆորդի համալսարանի արխիվային նյութերում և ընդգրկում են գրողի ստեղծագործական երկար ճանապարհը՝ 1934-ից մինչև 1977 թվականը։ Այս փաստը կարևոր է ոչ միայն Սարոյանի երկրպագուների համար։ Նորահայտ պատմվածքները հնարավորություն են տալիս վերանայել արդեն ձևավորված պատկերացումները հեղինակի մասին։ Գրական ժառանգությունը ամբողջական և անշարժ համակարգ չէ․ արխիվներում պահպանված նյութերը կարող են փոխել գրողի ստեղծագործական դիմանկարը։
Սարոյանի գրականության կենտրոնում մարդն է՝ իր հակասություններով, հումորով, միայնությամբ և կյանքի հանդեպ ունեցած համառ հավատով։ Նրա արձակը հաճախ կառուցվում է առօրյա դրվագների վրա, սակայն այդ փոքր պատմությունների ներսում հայտնվում են մեծ հարցեր՝ ինչ է նշանակում ապրել, հիշել, կորցնել, սիրել և պահպանել մարդկային արժանապատվությունը։ Նոր ժողովածուն այդ առումով կարևոր է նաև որպես արխիվից գրական շրջանառություն անցնող տեքստերի օրինակ։ Այն ցույց է տալիս, որ դասական գրողի ուսումնասիրությունը չի ավարտվում նրա կյանքի և արդեն հրատարակված գրքերի սահմաններում։ Սարոյանի գրական ժառանգության պահպանման գործում կարևոր դեր ունի նրա հիմնադրամը, որը շարունակում է հավաքել, համակարգել և հանրությանը հասանելի դարձնել նրա ստեղծագործական ժառանգությունը։

Երբ թարգմանությունը դառնում է գրական հանդիպում
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի շնորհանդեսները մի քանի տարբեր մշակութային գործընթացներ միավորեցին։ Մեքըսիի դեպքում հայ ընթերցողին հասավ համաշխարհային բեսթսելերի գրական և տեսողական աշխարհը, Ռուհշիֆթեի դեպքում՝ մանկական պատկերագրքի նոր լեզու, Թոփուրիայի դեպքում՝ ժամանակակից վրացական գրականության ձայնը, իսկ Սարոյանի դեպքում՝ սեփական գրական ժառանգության նախկինում չտեսնված հատվածը։
Այս գրքերը միմյանցից շատ տարբեր են։ Սակայն դրանց կողք կողքի հայտնվելը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել գրական փառատոնը․ այն ոչ միայն ներկայացնում է գրքեր, այլև ստեղծում է տարբեր գրական ավանդույթների հանդիպման տարածք։
Թարգմանությունն այդ գործընթացի առանցքային մասն է։ Մի լեզվով ստեղծված պատմությունը մյուս լեզվով նոր ընթերցող է ստանում, բայց դրանով չի ավարտվում նրա ճանապարհը։ Ընթերցողը նոր մշակույթի հետ հանդիպելիս վերաիմաստավորում է նաև սեփական գրական փորձը։ Դրանք երկխոսության տարբեր օրինակներն էին՝ չորս տարբեր գրական ճանապարհներ, որոնք մի քանի օրով հատվեցին Երևանում և շարունակեցին իրենց ընթացքը՝ արդեն հայաստանյան ընթերցողի հետ։
Ալմաստ Մուրադյան