Վ. Սուրենյանցի գլուխգործոցը 130 տարի անց՝ առաջին անգամ ՀԱՊ-ում
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվեց «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը:
Առաջին անգամ մեկ ցուցասրահում, որպես ամբողջացող եռապատում, միավորվել են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։

Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ ներկայացվում են կողք-կողքի։
Հատկանշական է, որ «Լքյալը» կտավում պատկերված ոտաբոբիկ, որբ, կուչ եկած աղջնակի դեմքը փակ է, որով հեղինակը փորձել է թաքցնել աղջկա տառապանքն ու պահպանել արժանապատվության զգացումը: Մյուս երկու կտավները զուգահեռում են էթնիկ խմբերի նկատմամբ բռնության և մշակութային ժառանգության ոչնչացման թեման:

«Լքյալը» ստեղծվել է հայ ժողովրդի համար ողբերգական իրողությունների, պատմական իրադարձությունների համատեքստում: Սակայն Սուրենյանցի հանճարը հենց դրանում է, որ այդ լոկալ «հայկական տրավման» վեր է հանել՝ հասցնելով համամարդկային հարթության: Այսօր, այս կտավի շուրջ մենք խոսում ենք ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ համամարդկային խնդիրների և դրանց կիզակետում՝ հումանիզմի մասին: Ողջ ցուցադրության հիմքում մարդն է: Կենտրոնում հենց մարդն է՝ որպես բարձրագույն և բացարձակ արժեք»,- միջոցառման բացմանն ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

«23 տարվա թանգարանային իմ գործունեության մեջ մասնագիտական, աշխատանքային, մարդկային ամենասուր զգացողությունը երևի ապրեցի այն պահին, երբ առանջին անգամ արկղից հանվեց այս կտավը»,- անկեղծացավ նա:
Խոսելով նշված գործերը ազգային պատկերասրահ բերելու բարդ ճանապարհի մասին, նա նշեց, որ այս օրվա համար տասնյակ տարիների աշխատանք է տարվել: «Լքյալը» կտավը Ղազախստանի արվեստի ազգային թանգարանից բացառիկ փոխառությամբ է Հայաստան բերվել:


«Այս ստեղծագործությունը ոչ թե զուտ ազգային, տարածաշրջանային խնդիրներին առնչվող ստեղծագործություն է, այլև համամարդկային մարտահրավերներն անդրադարձնող գործ, որը մինչ օրս ոչ մի կերպ չի կորցրել իր պատեհությունն ու արդիականությունը»,- ընդգծեց ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանը:


2-րդ ցուցադրատարածքում ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների ստեղծագործություններ՝ բացահայտելով հումանիստական մտածողության զարգացման և շարունակականության ուղին հայկական արվեստում։


«Ցուցադրությունը տրվում է մեզ հասկանալու, որ մեզնից յուրաքանչյուրն է այն հերոսը, որը պատկերված է այստեղ, մեզնից յուրաքանչյուրն է մարդկության դեմքը և մեզնից յուրաքանչյուրն է պատասխանտվություն կրում տարբեր իրողությունների համար»:
Մարջան Չոբանյան