Փիթեր Բալաքյան․ երբ պատմական հիշողությունը վերածվում է պոեզիայի
Ամերիկահայ գրող և բանաստեղծ Փիթեր Բալաքյանի ստեղծագործության առանցքում Հայոց ցեղասպանությունը ոչ միայն որպես 1915 թվականի պատմական իրադարձություն է, այլև որպես սերունդների միջով փոխանցվող հիշողություն։ Իսկ ցեղասպանության պատմությունը չի ավարտվում պատմական իրադարձության ավարտով․ այն շարունակում է ապրել վերապրածների ընտանիքներում, նրանց պատմություններում, լռություններում և հաջորդ սերունդների գիտակցության մեջ։ Պոեզիան էլ Փիթեր Բալաքյանի համար դառնում է այդ տրավմատիկ պատմությունը նոր սերնդի լեզվով պահպանելու և փոխանցելու նոր ձև։ Նրա ստեղծագործության մեջ պատմական փաստը վերածվում է անձնական հիշողության, անձնական հիշողությունը՝ գրական փորձառության, իսկ գրականությունը՝ հանրային հիշողության ձևի։
Հենց այս թեմաներին էր նվիրված նաև օրերս ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Արվեստի թանգարանի Հելմուտ Շտերնի անվան դահլիճում տեղի ունեցած Փիթեր Բալաքյանի դասախոսությունը՝ «Պոեզիա, տրավմատիկ պատմություն, հիշողություն․ մտածելով Հայոց ցեղասպանության մասին» խորագրով։ Դասախոսությունը տեղի ունեցավ համալսարանի մի շարք կառույցների և Ազգային հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ասոցիացիայի (NAASR) համագործակցությամբ։ Ամերիկահայ գրող, բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ, Քոլգեյթ համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալաքյանի ստեղծագործության մեջ միավորվում են գրականությունը, պատմությունը և ընտանեկան հիշողությունը։ 2016 թվականին նա արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ պոեզիայի բնագավառում՝ «Օզոնի օրագիրը» ժողովածուի համար։
1997 թվականին հրատարակված «Ճակատագրի սև շունը» հուշագրության մեջ Փիթեր Բալաքյանը վերադառնում է իր ընտանիքի պատմությանը և փորձում հասկանալ, թե ինչպես է Հայոց ցեղասպանության հիշողությունը փոխանցվել իրեն։ 2003 թվականի «Այրվող Տիգրիս․ Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» աշխատության մեջ նա արդեն ավելի լայն պատմական շրջանակում անդրադառնում է ցեղասպանությանը և դրա նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքին։ «Հայաստանի պատմությունը» պոեմում ընտանեկան հիշողությունն ու հայկական պատմությունը վերածվում են պոետական խոսքի, իսկ 2015 թվականին հրատարակված «Օզոնի օրագիրը» ժողովածուում պատմական անցյալի, հիշողության և ներկա փորձառության կապը ստանում է առավել ընդգծված պոետական ձև։ Տարբեր ժանրերով գրված այս գործերը միավորում է նույն հարցը՝ ինչպե՞ս է պատմական աղետը շարունակում ապրել անհատի և հաջորդ սերունդների հիշողության մեջ։

Այդ հարցի հիմքում Փիթեր Բալաքյանի ընտանիքի պատմությունն է։ Նրա մեծ հորեղբայրը՝ Գրիգորիս Բալաքյանը, 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ մտավորականների և հասարակական գործիչների թվում էր և հետագայում իր փորձառությունը շարադրեց «Հայկական Գողգոթա» հուշագրության մեջ։ Իսկ տատը՝ Նաֆինա Շեքերլեմջյանը իր երկու փոքր դուստրերի հետ անցել էր դեպի սիրիական անապատ տանող մահվան ճանապարհով։
Տատիկի կերպարը Փիթեր Բալաքյանի համար դառնում է անցյալի և ներկայի կապող օղակը։ Նա ցեղասպանության անմիջական վկան է, իսկ Փիթեր Բալաքյանը՝ այդ վկայության հաջորդ սերնդի ունկնդիրը։ «Ճակատագրի սև շունը» հուշագրության մեջ Փիթեր Բալաքյանը գրում է, որ ցեղասպանության «այրող փաստերը թաղված էին՝ հանձնված գիտակցության ավելի խոր շերտին, որպեսզի միայն որոշ տարօրինակ պահերի նորից ի հայտ գային»։ Հիշողության գլխավոր կրողը նրա տատն է, որի միջոցով կորցրած հայրենիքը և ընտանիքի պատմությունը հասանելի են դառնում հաջորդ սերնդին։ Փիթեր Բալաքյանը նշում է․ «Հին երկիրը ինձ համար դարձավ իմ տատիկը»։
Նման հարաբերությունը կարևոր է Փիթեր Բալաքյանի ամբողջ ստեղծագործությունը հասկանալու համար։ Նա իրեն չի ներկայացնում որպես այն իրադարձությունների անմիջական վկա, որոնք ինքը չի ապրել։ Փիթեր Բալաքյանը հաջորդ սերնդի ներկայացուցիչն է, որը լսում է վերապրածի պատմությունը, ընդունում այն որպես ժառանգված հիշողություն և փորձում նոր ձևով փոխանցել այն։ Տատիկի վկայությունը, հետևաբար, դառնում է այն օղակը, որի միջոցով պատմական աղետը անցնում է մեկ սերնդից մյուսը՝ վերածվելով արդեն ոչ թե անմիջական, այլ ժառանգված փորձառության։ Փիթեր Բալաքյանի դեպքում այդ ժառանգված փորձառության փոխանցման հիմնական գրական ձևերից մեկը պոեզիան է։ Պոեզիան պատմական փաստին չի փոխարինում և չի փորձում ստանձնել պատմագիտական աղբյուրի դեր․ դրա գործառույթը պատմության մարդկային և զգայական չափումը փոխանցելն է։ Պոետական լեզվի միջոցով ընտանեկան հիշողությունը դուրս է գալիս մասնավոր շրջանակից և դառնում հասանելի այն ընթերցողին, որը չունի այդ պատմության հետ անմիջական ընտանեկան կապ։ Այսպիսով, պոեզիան հանդես է գալիս որպես միջնորդ՝ վերապրածի վկայության, հաջորդ սերնդի հիշողության և հանրային ընկալման միջև։ Սա հատկապես տեսանելի է «Օզոնի օրագիրը» ժողովածուի վերնագրային պոեմում։ 2009 թվականին Փիթեր Բալաքյանը Սիրիայի անապատում առնչվել էր Հայոց ցեղասպանության զոհերի մարդկային մնացորդների որոնման և պեղումների հետ։ Պոեմում նա գրում է, որ «ամբողջ օրը հայկական ոսկորներ էր հանում սիրիական անապատից»։ Այստեղ պատմական անցյալը դառնում է ներկա փորձառություն․ 1915 թվականը այլևս միայն պատմական տարեթիվ չէ, այլ կոնկրետ տարածք, հող և մարդկային մնացորդ։ Պատմական հիշողությունը կապվում է որոշակի վայրի հետ, և այդ վայրը դառնում է հիշողության կրող։
Նույն պոեմում հիշողության բնույթը Փիթեր Բալաքյանը կապում է մանրամասնության հետ։ Առանձին առարկան, տարածքը կամ մարդկային պատմության մի փոքր դրվագը այստեղ դառնում է անցյալի հետ կապ հաստատելու միջոց։ Մեծ պատմությունը պահպանվում է նաև այդ փոքր հետքերի միջոցով, իսկ պոեզիան դրանք միավորում է՝ վերածելով մարդկային հիշողության ամբողջական փորձառության։ Գործընթացը կարելի է կապել «հետհիշողություն» հասկացության հետ՝ այն իրավիճակի, երբ հաջորդ սերունդը չի ապրել աղետը, սակայն նախորդ սերնդի փորձառությունն այնքան խորն է փոխանցվել նրան, որ դառնում է սեփական ինքնության և հիշողության մաս։ Փիթեր Բալաքյանի դեպքում այդ փոխանցումը սկսվում է վերապրածի վկայությունից, անցնում է ընտանեկան հիշողության միջով և գրականության շնորհիվ դուրս գալիս մասնավոր տարածքից՝ վերածվելով մշակութային և հանրային հիշողության։ Հենց այս տեսանկյուններից էլ նշմարվեց Փիթեր Բալաքյանի դասախոսությունը։ «Պոեզիա, տրավմատիկ պատմություն, հիշողություն» թեման նրա համար նոր հարց չէ, այլ տասնամյակներ շարունակ իր գրականության մեջ զարգացած խնդրի շարունակությունը։
Ալմաստ Մուրադյան