Երևանում կկայանա Երգեհոնային երաժշտության IV փառատոնը
Երևանում սեպտեմբերի 26-ին մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը։
«Մեկնարկային համերգը Կոմիտասի ծննդյան օրն է՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն, բնականաբար, նվիրված է լինելու հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան Հայաստանի լավագույն երգեհոնահարները։ Այն նվիրված է Կոմիտասին, սակայն ծրագրում չեն հնչի միայն Կոմիտասի ստեղծագործությունները»,- հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը։
Ըստ նրա՝ փառատոնին կհնչեն նաև հայ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Էդուարդ Հայրապետյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արթուր Ավանեսովի։ Փառատոնի շրջանակում հանդես են գալու օտարազգի հրավիրյալ երաժիշտներ, մասնավորապես, Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող, միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող սերբական ծագմամբ երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, Շվեյցարիայից անվանի երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն, ինչպես նաև Ճապոնացի անվանի երգեհոնահար Հիրոկո Ինոյեն։
Համերգներ անցկացվելու են նաև Կապանում և Չարենցավանում։ Արմեն Սուքիասյանը նկատեց, որ առաջին իսկ փառատոնից սկսած այդ քաղաքներում իրականացրել են համերգներ և այս տարին բացառություն չէ։
«Կապանում ելույթով հանդես է գալու երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, իսկ Չարենցավանում՝ երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն։ Քաղաքների ընտրությունը պայմանավորված է այնտեղ հենց երգեհոնների առկայությամբ։ Տարածաշրջանում շատ քիչ երկրներ կարող են պարծենալ, որ մարզային քաղաքներում ունեն երգեհոն։ Թե մեր երաժիշտները, թե հյուրերը մեծ հաճույքով են գնում մարզեր։ Դա շատ կարևոր է, որ մարզերի բնակչությունն իրեն զգա մշակութային ընդհանուր միջավայրի մի մաս։ Մարզերի բնակիչների արձագանքը դրական է ու ոգևորիչ, մենք հրաշալի հանդիսատես ունենք»,- ասաց նա։
Փառատոնը հիմնադրվել է 2022 թվականին, այն տարեցտարի ընդլայնում է իր մասնակցության աշխարհագրությունը։
«Երբ տարիներ առաջ փառատոնը նախաձեռնում էինք, մեզ համար մի խնդիր կար՝ մտավախություն ունեինք, որ երգեհոնային արվեստը Հայաստանում գնում է դեպի մարում։ Մենք ունեինք նվիրյալ երգեհոնահարներ, որոնք իրականացնում էին համերգներ, որ երգեհոնային դպրոցը շարունակի գոյատևել։ Բարեբախտաբար ստեղծվեց փառատոնը, որի առաջնահերթություններից էր դպրոցը պահպանելն ու զարգացնելը»,- ասաց Արմեն Սուքիասյանը։
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտոր և խմբավար Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին և կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին։
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և կնվիրվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։
Մերի Խաչատրյան