Երբ թանգարանը դառնում է գիտության տարածք․ «Գիտության շաբաթը»՝ թանգարաններում

Թանգարան մտնելիս մենք սովոր ենք լռել։ Լռել ցուցանմուշների առջև, նայել հին լուսանկարներին, կարդալ տարիներ առաջ գրված անուններն ու ամսաթվերը և փորձել պատկերացնել այն ժամանակը, որից մեզ բաժանում են տասնամյակներ կամ նույնիսկ դարեր։ Բայց երբեմն հենց թանգարանից է սկսվում գիտությունը՝ մեկ առարկայից, մեկ լուսանկարից, մեկ գրքից կամ մի հարցից, որի պատասխանը դեռ պետք է գտնել։ Սեպտեմբերի 22-26-ը Հայաստանում անցկացվող «Գիտության շաբաթ 2026»-ը թանգարանային տարածքը հենց այդպիսի հարցադրումների վայր է դարձնում։ Շաբաթվա շրջանակում Հայաստանի թանգարանները բացում են իրենց դռները հատուկ ցուցադրություններով, ինտերակտիվ էքսկուրսիաներով, թեմատիկ շրջայցերով և հանդիպումներով՝ առաջարկելով բացահայտել գիտության, արվեստի ու պատմության հաճախ անտեսանելի կապերը։ Ծրագրերում նախատեսված են նաև հատուկ հանդիպումներ երեխաների, ուսանողների ու ընտանիքների համար։ Այսպիսով, թանգարանը դառնում է ոչ միայն անցյալին ծանոթանալու, այլև հարցեր տալու, ուսումնասիրելու և նոր բան բացահայտելու տարածք։

«Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը կազմակերպվում է «Գիտուժ»-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Նախաձեռնության շրջանակում գիտությունը դուրս է գալիս միայն լաբորատորիայի, համալսարանական լսարանի կամ մասնագիտական գիտաժողովի սահմաններից և հասանելի է դառնում հանրությանը՝ տարբեր մշակութային ու գիտակրթական հարթակներում։

Gitutyan shabat 6

Ահա, օրինակ, հետաքրքիր առաջարկով է հանդես գալիս Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ «Գրքերի հետ երկխոսություն. Իսահակյանի անձնական գրադարանը որպես մշակութային ժառանգություն» դասախոսությունը ուշադրությունը տեղափոխեց հենց գրքի վրա։ Իսահակյանի անձնական գրադարանի գրքերի լուսանցքներում արված նշումները, նվիրագրերը, ընդգծումները և գրքերի ընտրությունը կարող են պատմել գրողի մտավոր աշխարհի, հետաքրքրությունների ու ժամանակի մշակութային միջավայրի մասին։ Այս դեպքում գիրքը դադարում է լինել պարզապես գրական ստեղծագործություն և վերածվում է հետազոտական աղբյուրի։ Դասախոսությունը վարեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը։

Թանգարանը «Գիտության շաբաթին» միացել էր դեռ ավելի վաղ։ «Մուսա լեռան 13 օրը» թեմայով պատմագիտական անդրադարձը ևս ցույց տվեց, թե ինչպես կարող է թանգարանը պատմական հիշողության և գիտական ուսումնասիրության հանդիպման վայր դառնալ։ Պատմական գիտությունների թեկնածու Խորեն Գրիգորյանը՝ Ավստրիայի ԳԱ Մշակութային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտող, անդրադարձել էր Մուսա լեռան հայության ինքնապաշտպանությանը, փրկությանը, հետագա համայնքային կյանքին Վաքըֆլըում և Անջարում։ Անդրադարձ էր կատարվել նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին՝ որպես ինքնության և պատմական հիշողության պահպանման կարևոր գործոնի։ Այդ պատմության մեջ իր տեղն ունի նաև Ավետիք Իսահակյանը, որը խորհրդային Հայաստանում նպաստել է վեպի մասին տեղեկության տարածմանը։

Gitutyan shabat 10

Թանգարանի գիտական ներուժը, սակայն, չի սահմանափակվում գրական կամ պատմական աղբյուրներով։ «Գիտության շաբաթի» ծրագրերում արդեն հայտնվում է նաև թվային մշակույթը։ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում նախատեսված թվային և վիրտուալ ձևաչափերը, այդ թվում՝ Կապուտիկյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա արհեստական բանականությամբ ստեղծված կարճ անիմացիոն ֆիլմը, ցույց են տալիս, որ մշակութային ժառանգության պահպանման հարցն այսօր ունի նաև տեխնոլոգիական շարունակություն։ Թանգարանը փորձում է ոչ միայն պահպանել անցյալը, այլև գտնել այն նոր սերնդին փոխանցելու լեզուն։

Նման փոփոխության մեջ կարևոր է հենց թանգարանի դերի վերաիմաստավորումը։ Եթե նախկինում այցելուն հիմնականում դիտող էր, ապա այսօր նա կարող է դառնալ հետազոտող, հարցադրող, քննարկման մասնակից։ Վիրտուալ խաղը, թվային պատմությունը, արհեստական բանականության միջոցով ստեղծված նոր բովանդակությունը թանգարանային առարկան չեն փոխարինում, այլ կարող են նոր ճանապարհ բացել դեպի այն։ Իսկ Հայաստանի պատմության թանգարանում բացված «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրությունն էլ պատմության և գիտության այդ կապը տեղափոխում է ավելի լայն՝ համաշխարհային մշակույթի հարթություն։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակին։ Այն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։

Gitutyan shabat 7

Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից և Հայաստանի պատմության թանգարանից ներկայացվող առարկաները միասին հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, թե ինչպես են տարբեր ժամանակներում և տարբեր հասարակություններ փորձել հասկանալ աշխարհը, աստվածայինն ու մարդկայինը, բնությունն ու տիեզերքը։ Այստեղ պատմական առարկան այլևս միայն անցյալի մասին վկայություն չէ․ այն դառնում է մարդկության՝ աշխարհը ճանաչելու երկար ճանապարհի մի հատված։

Իսկ երբ խոսքը տիեզերքի մասին է, թանգարանի պատերն արդեն կարծես բավարար չեն։ Սեպտեմբերի 22-ին՝ Աստղագիտության օրվա շրջանակում, այցելուներին առաջարկվել էր ոչ միայն լսել գիտահանրամատչելի զեկույց, այլև դիտել երկինքը։ Աստղադիտակով հնարավոր էր տեսնել Լուսինը, Սատուրնը և նրա օղակները, կրկնակի աստղեր, աստղակույտեր, հեռավոր գալակտիկաներ և այլ երկնային օբյեկտներ։ Նման մոտեցումն առանձնապես կարևոր է գիտության հանրայնացման տեսանկյունից։

Gitutyan shabat 8

Իսկ Թումանյանի տուն-թանգարանում նախատեսված «Թումանյանը՝ հոգեամոքող» ծրագիրհ փորձեց հասկանալ գրականության և մարդու ներաշխարհի կապը։ «Գիտության շաբաթի» այս տրամաբանությունը չի ավարտվում թանգարանների սրահներում։ Սեպտեմբերի 25-26-ին դրան միանում է նաև ՀՀ ԳԱԱ-ի կողմից կազմակերպվող «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը։ Այն «Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում անցկացվող ծրագրերի շարքի մաս է, իսկ «Գիտուժը» փառատոնին հանդես է գալիս որպես գլխավոր գործընկեր։ Այսպիսով, սեպտեմբերի վերջին գիտական կյանքը հանրությանը ներկայանում է տարբեր ձևաչափերով՝ թանգարանային ցուցադրություններից ու ինտերակտիվ էքսկուրսիաներից մինչև գիտական հանդիպումներ և հանրային միջոցառումներ։

Այս ամենի մեջ թանգարանը դառնում է ոչ թե անցյալը պահած փակ տարածք, այլ անցյալի և ներկայի երկխոսության վայր։ Այստեղ պատմաբանը կարող է տեսնել աղբյուր, գրականագետը՝ տեքստ, աստղագետը՝ տիեզերքի մասին խոսելու հնարավորություն, տեխնոլոգը՝ նոր ձևաչափ, իսկ սովորական այցելուն՝ մի հարց, որը գուցե մինչև այդ չէր տվել իրեն։

Gitutyan shabat 9

Թանգարանի և գիտության այս հանդիպումն ունի նաև ավելի լայն նշանակություն։ Գիտությունը հասարակության համար հասանելի է դառնում այն ժամանակ, երբ այն դուրս է գալիս միայն մասնագիտական շրջանակներից և սկսում է խոսել մարդկանց առօրյա հետաքրքրությունների, հիշողությունների ու փորձառությունների լեզվով։ Իսկ թանգարանն այդ երկխոսության համար արդեն ունի ամենակարևոր բանը՝ իրական առարկան, փաստը, պատմությունը։ «Գիտության շաբաթը», այս իմաստով, պարզապես միջոցառումների շարք չէ։ Այն հնարավորություն է ևս մեկ անգամ նայելու թանգարանին և տեսնելու այն այլ կերպ։ Ոչ միայն որպես վայր, որտեղ պահվում են արդեն հայտնի պատմություններ, այլ որպես տարածք, որտեղ դեռ կարելի է նոր հարցեր տալ, համադրել աղբյուրները, վերաիմաստավորել հիշողությունը և բացահայտել անցյալի ու ներկայի միջև կապերը։

Ալմաստ Մուրադյան

139
Սեպտեմբեր 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: