Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով հետահայաց ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ ներկայացնելով հայ արդի արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի ստեղծագործական ժառանգությունը և ընդգծելով նրա գաղափարների արդիականությունը։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ Երվանդ Քոչարի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի և Վրաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված են այդ հաստատությունների և անհատ հավաքորդների հավաքածուներից ընտրված ստեղծագործություններ, ինչպես նաև Վրաստանի ազգային թանգարանի Շալվա Ամիրաշվիլիի անվան պետական թանգարանի հավաքածուից մեկ գրաֆիկական աշխատանք։

Qochar Cucahandes 2

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում՝ Կովկասի բազմազգ և մշակութային առումով աշխույժ կենտրոններից մեկում։ Քաղաքի գեղարվեստական միջավայրը, որտեղ հայկական, վրացական և եվրոպական մշակութային ավանդույթները փոխազդում էին, կարևոր դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Թիֆլիսը Քոչարի համար ոչ միայն ծննդավայր էր, այլև ստեղծագործական կենսագրության առաջին կարևոր հանգրվանը, որտեղ ձևավորվեցին նրա գեղարվեստական հետաքրքրություններն ու աշխարհայացքը։ Քոչարի և վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի ստեղծագործական ուղիները կապված էին այս միջավայրի հետ, որտեղ քսաներորդ դարի սկզբին ազգային ինքնության և արդիական գեղարվեստական որոնումների փոխազդեցությամբ ձևավորվում էին կովկասյան ավանգարդի կարևոր ուղղությունները։ Այդ կապի նշանակությունն ընդգծում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը.

«Թիֆլիսը Երվանդ Քոչարի հիշողություններում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում՝ որպես նրա մանկության ու պատանեկության քաղաք և արվեստի հոգևոր բնօրրան։ Խորհրդանշական է, որ Մաեստրոյի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսն այսօր հյուրընկալվում է Թբիլիսիի ազգային պատկերասրահում՝ այնտեղ, որտեղ ավելի քան մեկ դար առաջ Քոչարն ու Լադո Գուդիաշվիլին իրենց համատեղ ցուցադրություններով մասնակցում էին կովկասյան ավանգարդի պատմության կերտմանը։ Այսօր նրանց անունները կրկին միավորվում են՝ վերարժևորելու պատմական հիշողությունն ու ընդգծելու հայ-վրացական մշակութային կապերի շարունակականությունը»,- ասաց Կարինե Քոչարը։

Qochar Cucahandes 3

1923 թվականին Փարիզ տեղափոխվելուց հետո Քոչարը ներգրավվեց եվրոպական ավանգարդի գեղարվեստական կյանքում։ Նրա ստեղծագործական որոնումները հանգեցրին «Տարածական նկարչություն» (Peinture dans l’espace) կոչվող ինքնատիպ գեղարվեստական համակարգի ձևավորմանը։ 1928 թվականին Փարիզում ներկայացված համանուն ցուցահանդեսը դարձավ արվեստագետի ուղու կարևոր հանգրվաններից մեկը։ Քոչարը ձգտում էր հաղթահարել գեղանկարչության հարթության սահմանները՝ միավորելով տարածական ծավալը, շարժումն ու ժամանակի ընկալումը։ Նրա նորարարությունը փոխեց արվեստի գործի ավանդական ընկալումը՝ այն դիտարկելով որպես տարածության մեջ գոյություն ունեցող կառուցվածք։

Qochar Cucahandes 4

Թբիլիսիի ցուցահանդեսի հայեցակարգային կենտրոնում Քոչարի «Տարածական նկարչությունն» է։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացված ցուցադրությունն ընդգծում է նրա գեղարվեստական նորարարությունն ու գաղափարների արդիականությունը։ Քոչարի փորձարարությունները դիտողին ներգրավում են տարածական ու ժամանակային ընկալման նոր համակարգի մեջ՝ շարունակելով երկխոսել ժամանակակից գեղարվեստական մտածողության հետ։ Ցուցահանդեսի բացման ընթացքում ներկայացվել է նաև «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» հայերեն, վրացերեն և անգլերեն պատկերագիրք-կատալոգը՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հեղինակությամբ։ Այն ներառում է արխիվային բացահայտումներ և վերջին տարիներին հայտնաբերված փաստագրական նյութեր, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում արվեստագետի կենսագրության, ստեղծագործական կապերի և եվրոպական ավանգարդի հետ նրա առնչությունների ուսումնասիրության համար։

Qochar Cucahandes 5

Ցուցահանդեսի խորագրում ամփոփված երեք քաղաքները՝ Թիֆլիսը, Փարիզը և Երևանը, խորհրդանշում են Քոչարի ստեղծագործական ուղու կարևոր հանգրվանները՝ ծննդավայրի մշակութային միջավայրից մինչև եվրոպական ավանգարդ և հայկական արվեստում նրա հաստատուն տեղը։ Թբիլիսիում նրա ժառանգության ներկայացումը հնարավորություն է տալիս վերարժևորելու հայ-վրացական մշակութային կապերը և ընդգծելու դրանց շարունակականությունը։ Քոչարի ստեղծագործական ճանապարհը՝ Թիֆլիսից Փարիզ և Փարիզից Երևան, արտացոլում է արվեստի ավանդական սահմաններն ընդլայնելու նրա ձգտումը։ Հետահայաց ցուցահանդեսը նոր հարթակ է ստեղծում նրա ժառանգությունը միջազգային համատեքստում ներկայացնելու համար՝ հաստատելով, որ Քոչարի արվեստը դուրս է մեկ քաղաքի կամ ազգային մշակույթի շրջանակներից և շարունակում է իր տեղն ունենալ համաշխարհային արվեստի պատմության մեջ:

Ալմաստ Մուրադյան

78
Հոկտեմբեր 20, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: