Գետերի հիշողությունն ու ժամանակը․ ARÉ Fest 2026-ի գեղարվեստական ուղերձը
Ի՞նչ կարող է պատմել գետը, եթե նրան դիտարկենք ոչ միայն որպես բնության մաս, այլև որպես ժամանակի, հիշողության և կյանքի հետքերն իր մեջ կրող գոյություն։ Այս հարցադրումն ընկած է ARÉ Fest 2026-ի՝ GAIA TERRAIN խորագրով փառատոնի գաղափարական հիմքում։ Հոկտեմբերի 8-25-ը Հայաստանում անցկացվող փառատոնը ժամանակակից արվեստի լեզվով անդրադառնում է մարդու, բնության, տարածության և ժամանակի փոխհարաբերություններին՝ առաջարկելով վերանայել աշխարհը ճանաչելու և նրա հետ հաղորդակցվելու մեր սովորական եղանակները։
Փառատոնի գաղափարական առանցքը բնությունը դիտարկելու այլ մոտեցում է առաջարկում․ ոչ թե որպես մարդուց դուրս գտնվող, պասիվ միջավայր, այլև որպես փոխազդեցությունների բարդ համակարգ, որի մասն ենք մենք։ Այս դիտանկյունից հողը, ջուրը, բնական նյութերը և դրանցում պահպանվող հետքերը դառնում են գեղարվեստական հետազոտության առարկա։ Արվեստն այստեղ ոչ միայն ներկայացնում է բնությունը, այլև հարցեր է առաջադրում նրա հետ մարդու հարաբերության, ժամանակի ընկալման և պատասխանատվության մասին։

Երբ գետերն են խոսում
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ նիդերլանդացի արվեստագետ Մաուդ վան դեն Բյուքենի When Rivers Speak («Երբ գետերն են խոսում») ցուցահանդեսը դարձավ փառատոնի մեկնարկային նախագիծը։ Նազարեթ Կարոյանի համադրությամբ իրականացված ցուցադրության կենտրոնում գետերն են՝ իրենց նյութականությամբ, տարածական ներկայությամբ և ժամանակի ընթացքում շարունակվող փոփոխություններով։
Արվեստագետի հետազոտության հիմքում գետերի հուներով քայլելն է, նստվածքների ուսումնասիրությունը և այն դանդաղ ընթացքին հետևելը, որի միջոցով ջուրը ձևավորում ու վերափոխում է շրջակա միջավայրը։ Ցուցադրությունում ներկայացված են չորս խոշոր գետեր, որոնց թվում՝ Արաքսը։ Վերջինիս ներկայությունը նախագծին հաղորդում է տեղական նշանակություն՝ գեղարվեստական հետազոտությունը կապելով Հայաստանի աշխարհագրական միջավայրի և գետի շուրջ ձևավորված պատկերացումների հետ։
Այստեղ գետը պարզապես բնապատկեր չէ։ Այն հանդես է գալիս որպես նյութական, տարածական և ձայնային ներկայություն՝ իր մեջ կրելով տեղանքի փոփոխությունների, բնական գործընթացների և ժամանակի անցման հետքերը։ Այս ընկալումը փոխում է նաև դիտողի դիրքը․ գետին նայելուց բացի՝ առաջարկվում է լսել այն, ուշադրություն դարձնել նրա ընթացքին և նկատել այն, ինչ հաճախ անտեսվում է առօրյա ընկալման մեջ։ Ցուցադրության ձայնային ինստալյացիան ստեղծվել է կավարվեստագետ Սոսե Ստեփանյանի և կոմպոզիտոր Սոֆիա Բարդուցուի համագործակցությամբ։ Տարբեր գեղարվեստական միջոցների համադրումը գետի ուսումնասիրությունը տեղափոխում է տեսողական պատկերի սահմաններից անդին՝ ընդգծելով ձայնի, նյութի և տարածության փոխկապակցվածությունը։ Ցուցադրության ձևավորումն իրականացրել է Ռուբեն Արևշատյանը։

Մարինե Կարոյանը՝ ARÉ մշակութային հիմնադրամի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենը, մշակութային քաղաքականության փորձագետ և ԵՄ EU4Culture ծրագրի՝ Հայաստանում ազգային համակարգող, նախագծի գաղափարն ամփոփում է հետևյալ խոսքերով.
«Երբ գետերն են խոսում, Երկիրն է պատմում իր պատմությունները։ Գետերը հիշում են այն, ինչ մենք մոռանում ենք։ Նրանք իրենց հոսքի մեջ կրում են բնապատկերների հետքերը, ժամանակի ընթացքն ու իրենց ջրերից կախված կյանքի անհամար ձևերը։ Ի՞նչ կբացահայտենք, եթե սովորենք լսել՝ ոչ թե իշխելու կամ վերահսկելու, այլ աշխարհին այլ հայացքով հանդիպելու համար։ Գետերն ունեն իրենց ձայնը։ Պատրա՞ստ ենք լսելու»։

Նրա խոսքով` գետը դառնում է հիշողության փոխաբերություն, իսկ լսելը՝ աշխարհը ճանաչելու այլ եղանակ։ Կարոյանի հարցադրումը վերաբերում է ոչ միայն բնության հանդեպ զգայունությանը, այլև մարդու՝ շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած դիրքորոշմանը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք բնությունը դիտարկել ոչ միայն որպես օգտագործման ենթակա ռեսուրս, այլև որպես ինքնուրույն ընթացք ունեցող աշխարհ, որի հետ մեր գոյությունը փոխկապակցված է։
When Rivers Speak ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց է մինչև դեկտեմբերի 25-ը։ Նախագիծն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Նիդերլանդների մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դանդաղում․ խոր ժամանակի արվեստը
Փառատոնի գաղափարական առանցքի մեկ այլ կարևոր ուղղություն ժամանակի ընկալման վերանայումն է։ Հոկտեմբերի 22-ին էլ Հայաստանի պատմության թանգարանում բացվեց նիդերլանդացի արվեստագետ Կլաուդի Յոնգստրայի ստեղծագործական պրակտիկային նվիրված Slowing Down: The Art of Deep Time («Դանդաղում․ խոր ժամանակի արվեստը») հանդիպումը։ Այն կազմակերպվել է ARÉ Fest 2026-ի և COP17-ի շրջանակում։ Հանդիպման համադրողը Նազարեթ Կարոյանն է։
Յոնգստրայի արվեստում կարևոր տեղ ունեն մարդու, բնության և նյութերի փոխհարաբերությունները։ Բնական ծագում ունեցող նյութերը նրա ստեղծագործություններում հանդես են գալիս ոչ միայն որպես գեղարվեստական արտահայտման միջոց, այլև որպես ժամանակի ընթացքը զգալի դարձնող կրողներ։ Նյութերի աճը, հասունացումը և փոփոխությունը հիշեցնում են, որ բնության ժամանակը չի ենթարկվում մարդու կյանքի արագությանը։
Ժամանակակից աշխարհում, որտեղ առօրյան կազմակերպվում է արագության, արդյունավետության և մշտական արտադրողականության պահանջներով, դանդաղումը կարող է դիտվել որպես այլընտրանքային մտածողության ձև։ Այն ենթադրում է ոչ թե պարզապես կանգ առնել, այլև ժամանակ տրամադրել երևույթների ընթացքը հասկանալուն, նյութերի առանձնահատկությունները նկատելուն և մարդու գործողությունների երկարաժամկետ հետևանքները գնահատելուն։

«Խոր ժամանակ» հասկացությունը հնարավորություն է տալիս դուրս գալ մարդկային կյանքի սահմանափակ ժամանակային չափումներից և բնության գործընթացները դիտարկել ավելի երկար տևողությունների մեջ։ Քարերի, հողի, բուսականության, ջրի և բնական նյութերի պատմությունը հաճախ գերազանցում է մեկ մարդու կամ նույնիսկ մեկ սերնդի կենսափորձը։ Այս հեռանկարում մարդն այլևս ժամանակի միակ չափանիշը չէ, իսկ բնությունը՝ նրա գործողությունների համար նախատեսված անշարժ միջավայր։
Հայաստանի պատմության թանգարանում հանդիպման համատեքստը ևս ուշագրավ է։ Թանգարանային տարածքը հիշեցնում է պատմական ժամանակի, նյութական ժառանգության և սերունդների միջև կապի մասին։ Այս միջավայրում բնության և նյութերի մասին գեղարվեստական խոսակցությունը կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև այն հարցը, թե ինչպես են ժամանակի տարբեր շերտերը պահպանվում, փոխանցվում և մեկնաբանվում։

Ժամանակակից արվեստը՝ որպես երկխոսության տարածք
ARÉ մշակութային հիմնադրամի նախաձեռնած փառատոնի ծրագրի մի զգալի հատված իրականացվում է CYFEST միջազգային մեդիաարվեստի փառատոնի հետ համագործակցությամբ։ Այս համագործակցությունը ժամանակակից արվեստի տարբեր ուղղությունների միջև երկխոսության հնարավորություն է ստեղծում՝ ընդլայնելով գեղարվեստական փորձի սահմանները։
Մեդիաարվեստը, ձայնային ինստալյացիաներն ու նյութի վրա հիմնված գեղարվեստական հետազոտությունները կարևոր են հատկապես այն պատճառով, որ առաջարկում են աշխարհն ընկալելու ոչ միայն տեսողական, այլև տարածական, ձայնային և զգայական եղանակներ։ Դրանց միջոցով դիտողը կարող է առնչվել այնպիսի գործընթացների, որոնք սովորաբար մնում են ուշադրության կենտրոնից դուրս՝ գետի աննկատ փոփոխություններին, բնական նյութերի պատմությանը կամ ժամանակի դանդաղ ընթացքին։

Այսպիսի նախագծերի արժեքը միայն նոր տեխնոլոգիաների կամ գեղարվեստական ձևերի կիրառման մեջ չէ։ Կարևոր է նաև, թե ինչպիսի մտածողություն են դրանք խթանում և որքանով են կարողանում դիտողին ներգրավել հարցադրումների մեջ։ Արվեստը պարտադիր չէ, որ պատրաստ պատասխաններ տա։ Երբեմն նրա կարևորագույն գործառույթը սովորական թվացող երևույթին նոր հայացքով նայելու հնարավորություն ստեղծելն է։
GAIA TERRAIN-ի շրջանակում բնության թեման ստանում է նաև էկոլոգիական նշանակություն։ Շրջակա միջավայրի մասին խոսակցությունը չի սահմանափակվում բնության գեղեցկության ներկայացմամբ կամ պահպանության ընդհանուր կոչերով։ Այն առնչվում է մարդու աշխարհայացքին, նրա վարքագծին և այն պատկերացումներին, որոնց միջոցով բնությունը հաճախ տարանջատվում է մարդկային աշխարհից։
Գետերի ընթացքը, բնական նյութերի փոփոխությունը և խոր ժամանակի գաղափարը տարբեր կերպերով հիշեցնում են միևնույն իրողությունը․ մարդը բնությունից անջատ գոյություն չունի։ Նրա կյանքը, մշակույթը և պատմությունը ձևավորվում են բնական միջավայրի հետ շարունակական փոխազդեցության պայմաններում։ Այս փոխկապակցվածությունը գիտակցելը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև ուշադրություն՝ լսելու, դիտարկելու և սեփական դիրքորոշումը վերանայելու պատրաստակամություն։
Ալմաստ Մուրադյան