«ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ». ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ԱՌԻԹՈՎ

   Ռուզաննա Առաքելյան

   Սա այն հազվագյուտ դեպքերից է, որ, այո՛, ներկայացումը սկսվում է աֆիշից: Երևանյան փողոցներով շրջող անցորդի ուշադրությունից, անշուշտ, չի վրիպի Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ «Տունը սահմանի վրա» ներկայացումը դիտելու հրավիրող, փայտաշեն տնակի տեսքով ցուցատախտակ-աֆիշը: «Հետաքրքիր է,- կմտածի անցորդը,- ո՞վ է այդ տան բնակիչը, միգուցե ե՞ս, ինչպե՞ս է ապրում նա, գուցե այնպե՞ս, ինչպես ես, իսկ ինչպե՞ս է բնակվում սահմանին, բայց չէ՞ որ հենց ես էլ….»:
    Ահա, արդեն իսկ դիպել են անցորդի սրտին. նա ներկայացմանը սպասող հանդիսատես է, և բեմ են գալիս հերոսները: Պարզվում է՝ նրանք պատրաստ սպասում են ընթրիքին՝ մսե գնդիկներով ապուրին: Գլխավոր դերակատարը՝ Եսը (Արմեն Մարգարյան), փայտյա աթոռներից մեկի ամրությունը ստուգելով, այս ու այն կողմ շուռ տալով, բավականությամբ խոսում է, թե որքան լավ է, երբ խաղաղ երեկո է և ամբողջ ընտանիքով հնարավոր է ընթրել: Իսկապես, այս բնակարանում նախանձելի անդորր է. փոքրիկ աղջիկը վազվզում է, տատիկը՝ նստած, շալն ուսերին առած, գուլպա է գործում, մայրիկն ընթրիքն է պատրաստում: Բայց արի ու տես, որ այս երանությունը հարատև չէ. չգիտես՝ ինչ եղանակով ներս են գալիս չորս դիվանագետ և հայտնում, որ այդ բնակարանով անցնելու է պետական սահմանը և սկսում են սահմանի հստակ անցուղին ճշտել:
    Գործողությունները զարգանում են դինամիկ: Անհեթեթ իրավիճակները հաջորդում են միմյանց՝ շփոթություն և վախ, զարմանք ու անհարմարավետություններ պատճառելով բնակիչներին: Դրանց հաջորդողը կորստյան վիշտն է, երբ ներկաները սահմանի պատճառով սգում են զոքանչ-տատիկի և երեխաների մահը:
    Ա. Մարգարյանի հերոսը կիսաաղքատ առօրյայով ապրող սովորական մարդ է, ով իր ունեցածը գնահատել ու արժևորել գիտի: Կյանքից նրա պահանջները մեծ չեն, բայց և ինչպես տեսնում ենք՝ անիրականանալի: Որոշ տեսարաններում, որտեղ նա շփվում է դիվանագետների հետ, Եսը ցուցադրում է իր վախկոտ, երկչոտ ու թուլակամ բնավորությունը: Սակայն դերասանն իր հերոսին ներկայացնում է անելանելի իրավիճակում հայտնված մարդու դիրքերից, որի յուրաքանչյուր ընդվզումը դատապարտության է մատնված, քանզի աշխարհի կարգերն են այդպես: Դերասանն իր կերպարին վարպետորեն գունեղացնում է բնութագրող ժեստերով, միմիկայով, դեմքին մշտապես առկա զարմացական հայացքով, որը չշահարկվող է:
    Ներկայացման մեջ առավել որոշակի են արտահայտված կանանց կերպարները: Մի դեպքում կամային կինն է (Զարուհի Հակոբյան)՝ ամուսնուն նեցուկ, խորհուրդներով գործողության մղող, մյուս դեպքում տատիկի կերպարն է (Ալլա Հարոյան), որ ամուսնուն, ասես, օր ու արև չի տալիս, իշխող կեցվածք ունի, բայց և տարված է ընտանեկան հոգսերով, իսկ ոստիկան (Շողեր Ջալալյան) ու ականազերծող (Կարին Ծատուրյան) հերոսուհիներն էլ բռնակալ ու իշխանավորի կեցվածքով են և ներկաների հետ շփվում են հրամանատարի դիրքերից: Ինչ խոսք, նման շեշտադրումն ու կարևորումը իր որոշակի բացատրությունն ունի մեր օրերում:
    Բնութագրական է զոքանչ-տատիկի և աներ-պապիկի (Մարատ Խաչատրյան) ՝ շախմատ խաղալու տեսարանը, որտեղ նրանք նստած են մեծ սեղանի տարբեր ծայրերին: Այս տեսարանում ի հայտ է գալիս նշյալ հերոսների ողջ կյանքը իր լավ ու վատ կողմերով: Նրանց խոսակցությունները, շարժումները, տատիկի կողմից պապիկի՝ խաղաքարին պարզված ձեռքին հասցված հարվածը, ամեն ինչ բնութագրում է անցած մի ողջ համատեղ կյանք: Դրան հաջորդող տեսարաններում զոքանչ-տատիկին սպանում են մուրաբայի պատճառով սահմանն անցնելու համար: Ռեժիսորը տեսարանը բեմադրել է կապույտ լույսի ներքո, կենտրոնում՝ հարթակի վրա, զոքանչ-տատիկն է, շուրջը՝ դանդաղեցված կադր հիշեցնող պատկեր՝ բոլոր հերոսները՝ վշտահար, զարմացած ու լուռ դեմքերով այս ու այն կողմ նետվող, պլաստիկ շարժումներով ընդգծելով իրենց վիշտը, և այս ամենը՝ մահաշունչ երաժշտության ներքո (երաժշտ. ձևավորումը ՝ Ա. Մարգարյանի):   
    Երիտասարդ դերասան Մ. Խաչատրյանն այնքան խնամքով է կերպավորում իր հերոս աներ-պապիկին, որ նրա ներկայությունը օրգանական է, տարիքային անջրպետը՝ հաղթահարված: Նկատելի է, որ դերասանը բեմում աշխատում է` իր առջև ունենալով հստակ խնդիրներ: Երիտասարդ դերասանը հավաստի է կերպավորում դժվար տեղաշարժվող, կորացած մեջքով, ալեհեր և դուրս ցցված մորուքով այս ծերունուն, ազատորեն խաղարկման առնում տարիքին բնորոշ հիվանդությունները՝ ոտքի և մեջքի շրջանում, ինչը և գունեղացնում է կերպարը՝ առավել լայն շերտերով ներկայանալու հնարավորություն ընձեռելով: Նկատելի է, որ նրա յուրաքանչյուր շարժում մանրակրկիտ մտածված է, հայացքը՝ մշտապես խոսուն: Նա չի վախենում իր անկեղծ ու դիպուկ կարծիքը բարձրաձայնել կատարվող դեպքերի շուրջ: Երբեմն կերպարը ներկայանում է գրոտեսկային ընդգծումներով: Օրինակ, նա, կացինը ձեռքին, ներս է մտնում և պահանջում իր գուլպաները: Պապիկի ախորժակը երբեք չի դավաճանում իրեն, և հայացքը մշտապես հետապնդում է կաթսային՝ անկախ առկա իրավիճակից: Եթե ներկայացման սկզբում նա սեղանի շուրջ բավականությամբ սպասում է ընթրիքին և ընթացքում էլ խաղալով զբաղեցնում թոռնիկին, ապա կնոջ սպանությունից հետո նստած է լուռ, մեկուսացած, իր ներաշխարհում պարփակված, գլխիկոր, շախմատի խաղաքարերով տախտակին հառած հայացքով: Բեմում նման ներկայությունը, այն էլ՝ խոսուն, մեծ հմտություն է պահանջում: Այս դեպքում մենք ազատորեն կարող ենք խոսել պրոֆեսիոնալ դերասանի մասին, ով կարող է մարմնավորել իրեն բաժին հասած յուրաքանչյուր դեր: Կերպարի հետագա զարգացումը դիտվում է, երբ նա լուռ առաջ է գալիս՝ ականջի ետևում ձեռքը պարզած՝ լսելու սահմանի ջրամատակարարման խնդիրների մասին հայտարարությունները: Դրանից հետո նա բուռն գոչյունով հայտնում է շախմատային խաղում մեն-մենակ տարած իր հաղթանակի մասին, այն խաղի, որը դեռ կնոջ հետ էր սկսել:
    98654Ռեժիսորական հատուկ գտնված տեսարան է մաքսատան աշխատակցի (Գրիգոր Գրիգորյան)՝ այս հերոսների կյանքում հայտնվելու պահը, որ առաջացնում է կատակերգական մի շարք իրավիճակներ, ամբողջապես առաջ մղում մրոժեկյան սարկազմը, բեմադրությանը հաղորդում առանձին երանգ: Կատակերգական իրավիճակները շարունակելու է գալիս լապտերով, գիշերվա պես սևազգեստ սահմանահատը (Կարո Քարաջյան), ով փորձ է կատարում գաղտագողի անցնել ամուսինների անկողնու մեջտեղով: Սակայն նրա ներկայության տեսարանները փոքր-ինչ ձգձգված են և միայն ու միայն գունազրկում են հումորային մտահղացումը:
    Բեմադրիչի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել ականազերծողների և ջրի խաղարկման տեսարանների վրա, քանզի բեմական շարժը կազմակերպված է խիստ անկանոն և անտրամաբանական, որոշ դրվագներում առկա է անհամաչափ սինխրոնություն: Ակնհայտ է, որ այս տեսարաններում ընդգրկված կազմը հասկանում է լեհ հեղինակին, պատկերացնում է, թե իր հերոսը ո՛ր իրականությունում է, և ի՛նչ է վիճակված նրան, բայց երբեմն իր արտահայտչամիջոցների շռայլ դրսևորմամբ դուրս է մնում ներկայացման ընդհանուր կերպարից: Այս երիտասարդ դերասանները ցանկալի է՝ նկատի ունենան, որ իրենց յուրաքանչյուր անհարկի շարժում նկատվում և իմաստավորված է ընկալվում հանդիսատեսի կողմից, ուստի առաջարկում ենք խմբային տեսարաններում, երբ էմոցիաները ծայրաստիճան բուռն են դառնում, և երաժշտությունն էլ գումարվում է ընդհանուր աղմուկին, ներկայանալ առավել զուսպ արտահայտչամիջոցներով (հուզմունքը կարելի է կերպավորել պլաստիկական լուծումներով, ինչպես օրինակ, զոքանչի մահվան տեսարանում):
    Դիվանագետները ներկայանում են աչք շոյող արտաքինով, խնամված, ցիլինդրներով, թիթեռնիկ վզկապներով և դասական գույների մեջ (բեմանկարչությունը և զգեստները՝ Տաթև Հարությունյան): Երբեմն թվում է՝ ռեժիսորը նրանց բնորոշել է անհատական բնավորության գծերով, հատուկ խոսելաոճով, քայլվածքով, որևէ ատրիբուտով, սակայն այլ տեսարաններում նկատելի է, որ կա միտում՝ նրանց որպես մեկ ամբողջական, հավաքական կերպար ներկայացնելու: Ուստի, թե՛ մեկ և թե՛ մյուս լուծմանը հարելը, հստակեցում սահմանելը համարում ենք անհրաժեշտություն:
    Բեմադրական հիանալի կոմպոզիցիոն լուծումներով են առանձնանում ներկայացման սկզբնական և ֆինալային տեսարանները, որոնցում ռեժիսորը համախմբում է ընտանիքի անդամներին՝ սկզբում՝ ամբողջ կազմով և երջանիկ ընթրելիս, ապա՝ սևազգեստ ու վշտահար:
    Աբսուրդային իրականություն է բեմում, բայց չէ՞ որ աշխարհը հենց ինքն է այդ աբսուրդի մեջ: Լեհ էսսեիստի, դրամատուրգի՝ Սլավոմիր Մրոժեկի այս կինոտեսիլի բեմադրությունը պատահական չէ: Պատերազմը մեր ժողովրդի պատմության ողջ ընթացքում է, պատերազմ էր և վերջերս՝ քառօրյան: Սահմանին բոլորն էին՝ անկախ ֆիզիկական ներկայությունից: Թեման ցավոտ է, բայց բեմում այդ ցավը զավեշտի ու հեգնանքի սուր ընդգծումներով է՝ սահմաններ ու պատերազմներ, մարդկային անտեղի կորուստներ մերժող: Երիտասարդ բեմադրիչը չէր կարող անտարբեր լինել այս թեմայի նկատմամբ, ավելին՝ նա դա դիտել է որպես համամարդկային խնդիր, որի խորհուրդն էր կրում նաև բեմում վազվզող փոքրիկներից մեկի՝ այլ ռասսայի պատկանելը:
    Կարևոր է այն հանգամանքը, որ բեմադրիչը ամբողջությամբ ըմբռնել է մրոժեկյան սարկազմն ու կարողացել նույն թեթևությամբ ու առանց թանձր գույների ներկայացնել հերոսներին այդ անհեթեթ, անտրամաբանական իրավիճակներում: Դրա մասին է խոսում նաև, որպես ժանր, տրագիկոմեդիային հարելը, քանզի բեմից ներկայացվող պատմության գրական հենքը դրամատուրգիան չէ իր հստակ ժանրային կողմնորոշումով: Ռեժիսորի կողմից ներկայացման գործողությունները հյուսվել են և Մրոժեկի այլ գրվածքների վրա, հենվել՝ որոշ նոթերի, մտքերի վրա: Արդյունքում երկխոսությունները համեմվել են որոշ բնութագրող արտահայտություններով, կերպարները ձեռք են բերել օրգանական ներկայանալու առավել հարուստ միջոցներ, գրական հենքը դարձել է առավել թատերային:
    Սահմաններն ամենուր են՝ մեր գիտակցության մեջ, առօրյայում, ուր ասես, իսկ հաղթանակը այդ սահմաններից դուրս ապրել կարողանալն է:

  • Created on .
  • Hits: 33913

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: