Ես վառել էի ձեռքս

    Ես վառել էի ձեռքս: Սավանից պոկված մի կտորով մայրս կապել էր ձեռքս և ուղարկել խաղալու: Ես այնքան ուրախ էի: Ինձ կխղճան, կհավաքվեն, կփսփսան, կորոշեն, որ էս անգամ Ճիտուկը ամենափոքրը չի, այլ ես, որովհետև ես խփել չեմ կարող: Այսպես 3 օր: Հետո ցրտեց, անձրև եկավ, բակ դուրս գալ չկա, ես պարապությունից մի ձեռքով քանդում եմ մութ տարիներից մնացած 25 դոլարանոց ռադիոն, որ ռադիո է, ժամացույց, լուսարձակ, բայց որը պետք չի, որովհետև ինձնից առաջ քույրս է քանդել, հետո հորաքրոջս տղան: Ես կտրում եմ վառված ձեռքիս մատը, գլխիս մի հարված ստանում ու բազմոցի մի անկյունում կծկվում` մատը բերանումս: 
    Շաբաթվա վերջին անձրևներն ավարտվում են, ես դուրս եմ գալիս բակ` ձեռքիս մի լաթ ավելացած: Մենք չոր տեղ ենք փնտրում խաղալու համար, իսկ հարևան մամաները սաստում են իրենց էրեխեքին ու քարշ տալիս տուն, որովհետև «ցեխ է ու Լրաբերն ասել է, որ էլի է անձրև գալու»: 
    Ես պարապությունից կրծում եմ եղունգներս, արյունլվա անում առողջ ձեռքիս մատերը, պարբերաբար ծեծ ուտում` ամեն կրծած եղունգի համար: Կաշիս եղունգի կողքից պոկվում է, մրմռում, ես վրան եղունգի լաք եմ քսում ու կրծոտում շրթունքներս, հետո էլի պոկում լաքապատ կաշին:
    Արևում է: Այս անգամ ես հայտնվում եմ բակում` մյուս ձեռքիս էլ կպչուն վիրակապ:
    Ոչ ոք խաղալու հավես չունի:
    Հետո ես լսում եմ, որ մի անհայտ հիվանդություն է ինձ կպել, որ հետո կտարածվի մրմնովս մեկ, որ հնարավոր է` բակի երեխաներն էլ վարակվեն, որ ձեռքերիս վերքերը շուտով թևերիս կանցնեն, հետո ոտքերիս, որ իմ պես մեկն էլ է եղել, որին «սանատորյա» տարան, բայց որը հետո չեն հիշում` ինչ եղավ:
    Ես պատի տակ դրված խողովակի վրա երկար նստում եմ, մինչև խոնավությունը ոտքերիցս վզիս է հասնում, վրեժի հազար ու մի սցենար մտածում:
    «Էլ երբեք տետրս չեք ստանա, ոչ քիմիա, ոչ կենսաբ, ոչ կարտագրեք, ոչ քառորդ կստանաք»:
Հետո չեմ հիշում` ինչ եղավ, դասերը սկսվեցին, ձեռքս լավացավ, ես երևի մոռացա վրեժի մասին, բայց տասնմեկ տարի անց էլ հիշում եմ դետալ առ դետալ, ինչպես էի ծրագրում իմ ու նրանց հավանական շփումը առավոտյան:
    Բերանս չորանում էր, ես շրջվում էի մեջքի վրա, մեկ-երկու դրվագ «ավելացնում», շրջվում մյուս կողքի, հետո հավանական զրույցը, հետո շրջվում մյուս կողքի:
    Հաջորդ օրն առավոտյան ես ջերմություն ունեի: Մերոնք որոշեցին, որ ես խողովակին նստել-սառել եմ, ես էլ մտածեցի, որ երևի իսկապես մրսել եմ: Մրսածի համար սովորականից շուտ ջերմությունս անցավ, ես երկու օրում կազդուրվեցի, հանեցի լաթերն ու շարունակեցի վազվզել բակում:
    Հետո ժամանակ առ ժամանակ սկսեցի «անհայտ» պատճառներով ջերմել, երբեմն-երբեմն գիշերները լուսացնել անկողնում շուռումուռ գալով, արթնանալ գլխացավով, բղավել անհայտ պատճառներով, պատով տալ դռները: Ես հիվանդացա: Այն օրը, երբ վառել էի ձեռքս: 
Աստղիկ Հակոբյան
  • Created on .
  • Hits: 3812

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: